Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները HIMARS-ներով նոր հարվածներ են հասցրել ռուսներին


HIMARS տեսակի հրետանահրթիռային համակարգ:
HIMARS տեսակի հրետանահրթիռային համակարգ:

Ուկրաինայի բանակն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Զապորոժիեի մարզում գտնվող ռուսական ուժերին հարվածներ են հասցրել HIMARS (high mobility artillery rocket system՝ բարձր շարժունակության հրետանահրթիռային համակարգ) տեսակի հրթիռներով:

Ըստ ռուսների կողմից զավթված Մելիտոպոլի ուկրաինացի ղեկավար Իվան Ֆյոդորովի, հրթիռների թիրախ են դարձել այդ քաղաքի արդյունաբերական հարթակներում ժամանակավոր դիրքավորված ռուսական ուժերը:

Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Ռոգովը պնդում է, թե ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարվածները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խնդիրը չի մեկնաբանել:

Քաղաքապետ Ֆյոդորովի պնդմամբ, «ուկրաինացիներն այդ հարվածներով ոչնչացրել են զգալի քանակությամբ զինտեխնիկա, սպանվել է ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայող»:

Ըստ Ֆյոդորովի, ռուսները ՀՕՊ-ի մեծ մասն անցած շաբաթվա ընթացքում Զապորոժիեից փոխադրել են Խերսոնի շրջան, որտեղ ուկրաինացիները մի քանի անգամ հարվածներ են հասցրել Անտոնովսկի կամրջին: Դնեպր գետի վրայով գցված այդ կամրջով է իրականացվում աջ ափին տեղակայված ռուսական ուժերի մատակարարումը:

Մինչդեռ, ուկրաինացիները հայտնել են, որ այսօր էլ են հարվածներ հասցրել Անտոնովսկի կամրջին:

Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել ոչ ռուսական և ոչ էլ ուկրաինական կողմերի հաղորդագրությունների արժանահավատությունը:

XS
SM
MD
LG