Մատչելիության հղումներ

Դոնբասում կատաղի կռիվը շարունակվում է


Ուկրաինացի զինծառայողները Դմիտրիվկա գյուղից տեխնիկայով հեռացնում են ոչնչացված ռուսական հրասայլը, արխիվ

«Թշնամին կարող է փորձել խորանալ մեր տարածք»

Դոնեցկի շրջանում կատաղի մարտեր են: Կրեմլի աջակցությամբ գործող ռուս անջատականները և ռուսական բանակը փորձում են Բախմուտից և Ավդեևկայից դուրս մղել ուկրաինական ստորաբաժանումները: Կիևում ենթադրում են, որ ռուսները նոր օպերացիա են ծրագրում հարավում:

«Թշնամին գրավյալ տարածքներում շարունակում է ամրացնել իր դիրքերը, Խերսոնի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում մեծ թվով տեխնիկայի և զինամթերքի կուտակում է, չենք բացառում, որ թշնամին կփորձի հարձակողական գործողություններով խորանալ մեր տարածք, կասեցնել մեր նախաձեռնությունը և կանխել մեր հաջողությունները»,- ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի ռազմական գործողությունների վարչության պետի տեղակալ, գեներալ Օլեքսի Հրոմովը:

Նրա փոխանցմամբ, ուկրաինացիները կարողացել են հաջողությամբ հետ մղել ռուսների գրոհները Դոնեցկից հյուսիս և արևելք գտնվող Սոլեդար և Բախմուտ ավանների շրջանում, բայց ստիպված նահանջել են Սեմիհիրյա գյուղից և Ավդեևկայից հարավ-արևելք գտնվող դիրքերից:

Ուկրաինական ուժերը հետ են վերցրել Սլովյանսկի մոտ գտնվող երկու գյուղ, սակայն մեկ այլ ուղղությամբ նահանջել և թողել են «Բուտիվկա» անվամբ ածխահանքը, որը համարվել է հզոր պաշտպանական հենակետ:

Ամերիկյան հաուբիցները՝ ռուսների թիրախ

Ռուսներն, իրենց հերթին, զեկուցում են Զապորոժիեի շրջանում ռազմական հաջողությունների մասին: Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցում ասել է, թե օդային տեղակայման գերճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է երկու հրետանային դիվիզիոն և խոշոր զինապահեստ:

«Հարվածները հասցվել են Զապորոժիեի շրջանի Նովոիվանովկա գյուղի մոտ գտնվող թիրախներին, ոչնչացվել է մինչև 150 զինծառայող, ամերիկյան արտադրության Մ-777 տեսակի երկու հաուբից և շուրջ 1500 միավոր զինամթերք», - ասել է Կոնաշենկովը:

Նշենք, որ անկախ աղբյուրներն ընթացող պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել ռուսական և ուկրաինական կողմերի հրապարակած տվյալների արժանահավատությունը:

Ռուսներն ուժեր են կուտակում Խերսոնի շրջանում, նպատակ ունենալով կանխել ուկրաինացիների ենթադրյալ հուժկու հակագրոհը:

Օգոստոսին հնարավոր են խոշոր ռազմական գործողություններ

Ռազմական փորձագետները Կիևում, Մոսկվայում, Վաշինգտոնում և Լոնդոնում արդեն մի քանի շաբաթ քննարկում են ուկրաինական այդ հնարավոր հակագրոհի թեման: Նրանց համոզմամբ, օգոստոսն ամենահարմար ժամանակն է որևէ խոշոր գործողության համար, քանի որ աշնանն Ուկրաինայի այդ շրջանում եղանակը փոխվելու է:

Ենթակառուցվածքների առումով թերզարգացած այդ շրջանում լավ ճանապարհների ցանցը մեծ չէ, եղած գյուղական ճանապարհներն էլ անձրևներից աշնանը դառնում են դժվարանցանելի, ինչի հետևանքով երկու կողմերի ռազմական ակտիվությունն էապես կնվազի: Հետևաբար, ըստ փորձագետների, առաջիկա մի քանի շաբաթը կարող են վճռական լինել երկու բանակների համար:

Ռուսները պարբերաբար հրետակոծում են Զապորոժիեի ատոմակայանի հարևանությամբ գտնվող ավանները:

Զապորոժիեի ատոմակայանը վտանգված է

Ատոմակայանը հիմա ռուսների հսկողության տակ է: Ըստ բրիտանական հետախուզության, նրանք այդ շրջանում նպատակաուղղված թիրախավորում են ուկրաինական բնակավայրերը, համոզված լինելով, որ ուկրաինացիները չեն համարձակվի պատասխան կրակ բացել:

Զապորոժիեի ատոմակայանն ամենախոշորն է Եվրոպայում: Միտումնավոր կամ ոչ միտումնավոր հարվածը ռեակտորներից մեկին կամ միջուկային թափոնների պահեստներին սարսափելի հետևանքներ կունենա թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի և թե՛ ամբողջ Եվրոպայի համար:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին է ահազանգել այդ մասին:

«Այնտեղ՝ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ խիստ անկայուն, անորոշ և քաոսային վիճակ է հաստատվել», - ասել է Գրոսսին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG