Մատչելիության հղումներ

Ռաու. «Ուկրաինայում հանցանք կատարողները պետք է կանգնեն դատարանի առաջ»


Զբիգնև Ռաուն և Հելգա Շմիդտը հարգանքի տուրք են մատուցում ռուսների կողմից սպանված խաղաղ մարդկանց հիշատակին, Բուչա, 2 օգոստոսի, 2022թ.

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն հայտարարել է, որ կառույցը կշարունակի պաշտպանել Ուկրաինային անվտանգության և կայունության ապահովման ճանապարհին:

Այդ մասին նա Կիևում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ընթացքում:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կառույցի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդթի ընկերակցությամբ է մեկնել Կիև:

ԵԱՀԿ-ի երկու բարձրաստիճան ղեկավարները հավաստիացրել են, որ կառույցը կսատարի Ուկրաինային հետպատերազմյան վերականգնման և վերակառուցման գործում:

«Ես որպես նախագահ և գլխավոր քարտուղարը պարոն Կուլեբայի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել ենք, որ ԵԱՀԿ-ն, ըստ ամենայնի, կօգնի Ուկրաինային անվտանգության և կայունության ճանապարհին, դա կարվի անկախ հանգամանքներից», - ընդգծել է Ռաուն:

Զբիգնև Ռաու
Զբիգնև Ռաու

«Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը, արդեն պատրաստ է նոր ծրագիր, որը ենթադրում է օգնություն Ուկրաինային առաջիկա տարիների կտրվածքով: Այդ ծրագիրը կոչված է սատարելու Ուկրաինայի պետական հաստատություններին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին: Այն հիմնվում է վստահելի փոխգործակցության և երեք տասնամյակի համատեղ աշխատանքում կուտակված անգնահատելի փորձի վրա», - ասել է Հելգա Շմիդթը:

Հելգա Շմիդթ
Հելգա Շմիդթ

Հանդիպամն ընթացքում նախարարը և ԵԱՀԿ-ի պաշտոնյաները քննարկել են նաև «Մոսկովյան մեխանիզմ» կոչվող փաստաթղթի իրագործման թեման:

Դրանով պետք է արձանագրվեն Ուկրաինայում Ռուսաստանի զինուժի պատերազմի անցագործությունները, ինչն, ըստ Կիևի և ԵԱՀԿ-ի, ապագայում՝ պատերազմի ավարտից հետո, թույլ կտա պատասխանատվության ենթարկել ռուսներին:

«Ողջունում եմ ռուսների պատերազմի հանցագործությունները «Մոսկովյան մեխանիզմի» փաստաթղթով գրանցելու ԵԱՀԿ-ի ջանքերը, մենք կօգտագործենք ԵԱՀԿ-ի ամբողջ կարողությունները՝ Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության կանչելու հանար»,- ասել է արտգործնախարար Կուլեբան:

Դմիտրի Կուլեբա
Դմիտրի Կուլեբա

«Ուկրաինայում ռուսների կատարած հանցանքները երբեք չպետք է մոռացության մատնվեն, և դրանց համար պատասխանատվություն կրողները պետք է դատարանի առաջ կանգնեն, սարսափելի հանցագործությունների բացահայտումը և մեղավորներին պատժի ենթարկելը միջազգային համայնքի պարտավորությունն է»,- ասել է Ռաուն:

ԵԱՀԿ-ն ապրիլին է հայտարարել Ուկրաինայում ռուսների կողմից պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վկայություններ հայտնաբերելու մասին: Ռուսաստանը դա անվանել է անհիմն զրպարտություն և պրոպագանդա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG