Մատչելիության հղումներ

Ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից


Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո՝ առաջին անգամ, այսօր այդ երկրի նավահանգստից հացահատիկով բեռնված առաջին նավն է դուրս եկել՝ դեպի Լիբանան։

Սիերա Լեոնեում գրանցված, 26 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող նավը, ըստ պաշտոնյաների, շարժվում է հատուկ առանձնացված միջանցքով, որի անվտանգությունը հաստատել են ՄԱԿ-ն ու Թուրքիան՝ շաբաթներ առաջ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնությամբ։

Փետրվարից ի վեր Ուկրաինան, որ աշխարհում հացահատիկի առաջատար արտահանողներից մեկն է, չէր կարողանում սևծովյան նավահանգիստներից դուրս բերել արտադրանքը, մինչ ՄԱԿ-ը ահազանգում էր, թե աշխարհի մի շարք երկրներում, հատկապես՝ Աֆրիկայում և Ասիայում սով է սպասվում։

Ամիսներ շարունակված բանակցություններից ու փոխադարձ մեղադրանքներից հետո՝ տասն օր առաջ, ռուսաստանն ու ուկրաինան համաձայնագիր ստորագրեցին՝ արգելափակված հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Այսօր այդ ուղղությամբ առաջին գործնական քայլն արվեց։

Պատերազմն Ուկրաինայում շարունակվում է

Մարտի դաշտում, սակայն, պատերազմը շարունակվում է, ըստ ռազմական փորձագետների, Ռուսաստանը պատրաստվում է ուժգին հարձակման Դոնեցկի մարզում, Ուկրաինայի իշխանություններն էլ պատրաստվում են դիմադրել՝ տարհանման կոչ անելով մարզում մնացած բնակիչներին։

Այսօր Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկն այսօր հայտնել է, թե պետք է տարհանել 250 հազար մարդու, այդ թվում՝ 50 հազար երեխայի։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, թե իշխանությունները Դոնեցկի մարզի բնակիչներին հրամայել են թողնել մարզը։ «Մենք Ռուսաստան չենք, մեզ համար յուրաքանչյուր կյանք կարևոր է», - ասել է Զելենսկին։

Շարունակվում են ուկրաինական խաղաղ քաղաքների ռմկաբոծությունները

Նիկոլաևի քաղաքային հիվանդանոցներից մեկը ռմբակոծությունից հետո, 5-ը ապրիլի, 2022թ
Նիկոլաևի քաղաքային հիվանդանոցներից մեկը ռմբակոծությունից հետո, 5-ը ապրիլի, 2022թ

Ու մինչ կողմերը պատրաստվում եմ ներ հարձակման, ռուսական ուժերը Դոնեցկի մարզում, ուկրաինականը՝ երկրի հարավում, շարունակվում են ուկրաինական խաղաղ քաղաքների ռմբակոծությունները։ Այս գիշեր, մասնավորապես, կրկին գնդակոծվել է Նիկոլաև քաղաքը, իսկ հանգստյան օրերին Նիկոլաևը ենթարկվել է պատերազմի սկզբից ամենաուժեղ գնդակոծությունների։ Ուկրաինական կողմը հայտնում է, թե շաբաթ գիշեր քաղաքի վրա 40 հրթիռ է արձակվել։

Ուկրաինայի իշխանությունները վերջին շաբաթներին բազմիցս հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի հարավը, մասնավորապես, Խերսոն քաղաքն ազատագրելու ծրագրերի մասին։

Ռուսներն, ինչպես ամերիկացի ռազմական վերլուծաբաններն են ասում, պատրաստվում են հարձակման ոչ միայն Դոնեցկի մարզում, այլ նաև Խարկովի շրջանում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները նշում են, թե հնարավոր է ռուսական բանակը պայմաններ է ստեղծում Խարկովի շրջանից արևմուտք կամ Խարկովի ուղղությամբ հարձակողական գործողությունների համար։

Նրանց կարծիքով՝ ռուսական ուժերը, սակայն, դժվար թե կարողանան գրավել Խարկովի մարզը կամ Ուկրաինայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքը՝ հաշվի առնելով Դոնբասում առաջխաղացման տեմպերը և ռուսական բանակի խնդիրները։

Պուտինը Սանկտ Պետերբուրգում ռազմածովային շքերթի էր մասնակցում

Անտեսելով ռուսական բանակի, այդ թվում՝ ռազմածովային ուժերի խնդիրները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում Նավատորմի օրվան նվիրված ռազմածովային շքեղ շքերթի է մասնակցել։

Շքերթի մեկնարկից առաջ էլ Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ռուսաստանի ռազմածովային նոր դոկտրինի և Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կանոնադրության վերաբերյալ։

Նա ասել է, թե ծովում Ռուսաստանի հիմնական հակառակորդը Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն են՝ հավելելով, որ Մոսկվան ամեն ինչ անելու է իր շահերը պաշտպանելու համար։

Պուտինը ելույթ է ունենում նավատորմի օրվան նվիրված ռազմածովային շքերթի ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 31-ը հուլիսի, 2022թ․
Պուտինը ելույթ է ունենում նավատորմի օրվան նվիրված ռազմածովային շքերթի ժամանակ, Սանկտ Պետերբուրգ, 31-ը հուլիսի, 2022թ․

«Մենք բացահայտ ուրվագծել ենք Ռուսաստանի ազգային շահերի սահմաններն ու գոտիները։ Առաջին հերթին դրանք մեր Արկտիկայի ջրերն են, Սև, Օխոտսկի և Բերինգի ծովերի, Բալթյան և Կուրիլյան նեղուցների ջրերը։ Մենք ամուր և բոլոր միջոցներով ապահովելու ենք նրանց պաշտպանությունը», - ասել է Պուտինը։

Մինչ Պուտինը Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր շքերթին, Ուկրաինայի նախագահը հայտարարում էր, թե «Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմը հաղթելու ոչ մի շանս չունի»։

«Ռազմավարական առումով՝ Ռուսաստանն այս պատերազմում հաղթելու շանս չունի, և պետք է դիմանալ, որպեսզի ահաբեկչական երկիրը զգա իր պարտությունն անգամ մարտավարական մակարդակում։ Կարևոր է պաշտպանել երկիրը հարավում, արևելքում և ամենուր», - ասել է Զելենսկին՝ խոսելով նաև ոչ միայն ռազմադաշտում հաղթանակի մասին այլ նաև «անխուսափելի հաղթանակից հետո ազգի միասնության և ռուսների կողմից քանդված երկիրն արդյունավետ վերականգնելու անհրաժեշտության» մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG