Մատչելիության հղումներ

Ուկրաինան մինչև ձմեռ տարհանելու է Դոնբասում իր հսկողության տակ մնացած շրջանների բնակիչներին


Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, արխիվ, Կիև, 20 հունիսի, 2022թ.

Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ջեռուցման շրջանից առաջ պարտադիր եղանակով տարհանելու է Դոնբասում ռուսների հսկողության տակ չգտնվող տարածքներում ապրող բնակիչներին:

Այդ մասին այսօր ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Դոնեցկի շրջանում ամբողջությամբ բացակայում է գազամատակարարումը, բոլոր խողովակները, որոնք հնարավոր էր նորոգել, մենք նորոգել ենք, բայց թշնամին, ավաղ, ամեն անգամ ոչնչացնում է այն ամենն, ինչի օգնությամբ հնարավոր է ձմռանը ջեռուցում ապահովել, չկա բնականոն էլեկտրամատակարարում, մի խոսքով, Դոնբասի շրջանում ձմռանը տները տաքացնելու հնարավորություն չի լինի»,- ասել է Վերեշչուկը:

Նրա փոխանցմամբ, Դոնեցկի շրջանից կտարհանվի առնվազն 200 հազար բնակիչ:

Փոխվարչապետի խոսքով, մարդիկ կարող են հրաժարվել տարհանումից, բայց այդ դեպքում պարտավորված կլինեն գրավոր հաստատել, որ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները և անձնական պատասխանատվություն են կրում իրենց կյանքի համար:

Պարտադիր տարհանում կարող է իրականացվել նաև Զապորոժիեի շրջանում, որտեղ տարածքի 65 տոկոսն այլևս չունի գազամատակարարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG