Մատչելիության հղումներ

ԿԲ-ի գնահատմամբ՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերը


Մինչ արտահանողները դժգոհում են՝ թանկացած դրամի պատճառով վնասներ են կրում, Կենտրոնական բանկում համոզված են՝ եթե դրամն այսչափ չարժևորվեր, էլ ավելի բարձր գնաճ կլիներ։ Գլխավոր դրամատան գնահատմամբ՝ դրամի արժևորումը մասամբ չեզոքացնում է գնաճի տեմպերը:

Դրամի արժևորման միտումը շարունակվում է արդեն մի քանի ամիս, պատճառների մասին խոսելիս մասնագետներն առաջին հերթին առանձնացնում են ռուսաստանցիների բերած դրամական միջոցների մեծ ներհոսքը Հայաստան։ Եթե դրամի համեմատ ավելի էժան դոլարի պայմաններում ներկրողներն ապրանքի դիմաց ավելի քիչ են վճարում, ապա արտահանողներն ընդհակառակը՝ տուժում են՝ շահույթը կրճատվում է։

Օրինակ, եթե մեկ շիշ կոնյակը դրսում վաճառվում էր, ենթադրենք, 50 դոլարով, ապա այն այժմ դրամի վերածելիս ավելի քիչ գումար են ստանում։ Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող Կարեն Խաչիկյանը, որը նաև IT ընկերություն է ղեկավարում, ասում է՝ ստիպված են ապրանքը դրսում արհեստականորեն 15-ից 20 տոկոսով թանկացնել, որպեսզի եկամուտ ունենան, իսկ սա մի շարք խնդիրներ է ստեղծում:

«Եթե էդքան արժևորվել է դրամը, և ես նույն դոլարով վաճառեմ, դա կնշանակի, որ մենք ինքնարժեքով ենք վաճառում, այսինքն՝ գործ կազմակերպելու իմաստն է կորում: Ինքնարժեքով աշխատել հնարավոր չի, մենք ստիպված ենք եղել բարձրացնել, իսկ դա նշանակում է վաճառքների կրճատում, նշանակում է շուկաների կորուստ և այլն», - ասաց Խաչիկյանը:

Երեկ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, թե փորձում են արտահանողների համար լուծումներ գտնել, սակայն կոնկրետ որևէ ծրագիր չի նշել:

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և արդեն առաջին որոշումն է այս ուղղությամբ, կարծում եմ, որ հաջորդ շաբաթվա ընթացքում ևս կլինեն նոր որոշումներ և այդ որոշումներն, ըստ էության, ուղղված են նրան, որպեսզի, չեմ ուզում հիմա գործիքները բացահայտել, բայց այդ գործիքների միջոցով փորձելու ենք այնպես անել, որպեսզի այդ ցավը մեղմվի, և հակառակը՝ ընկերությունները ստանան այն անհրաժեշտ թթվածինը, որի շնորհիվ կարողանան արդյունավետ կերպով զարգանալ այս նոր միջավայրում», - նշել է նախարարը:

Դրամի արժևորման այս ամիսներին Կենտրոնական բանկը պարբերաբար է հայտարարում՝ թանկ դրամը հնարավորություն է տալիս զսպել գնաճը՝ օրինակ էին բերում մի շարք պարենային ապրանքներ, որոնց միջազգային գները ավելի շատ են աճել, քան Հայաստանում։ Գլխավոր դրամատունն ընդգծում էր՝ եթե արհեստականորեն էժանացնեն դրամը՝ գնաճը էլ ավելի բարձր կարող էր լինել։

Բարձր գնաճային սպասումներն, ըստ գլխավոր դրամատան, դեռ կպահպանվեն։ Հետագա գնաճը զսպելու համար ԿԲ-ն երեկ որոշեց ևս 0.25 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.5 տոկոս:

«Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ուղղված է ներկրվող ապրանքների գների նվազեցմանը», - ասաց տնտեսագետը:

Այս որոշմամբ Կենտրոնական բանկը ցանկանում է պահպանել դրամի արժևորման միտումը, ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը. - «Այսինքն՝ նրանք թանկացնում են դրամը, որը կհանգեցնի դոլար-դրամ փոխարժեքի էլ ավելի նվազմանը, և նրանք դիտարկում են, որ մի քանի ամսվա ընթացքում գները կիջնեն: Կենտրոնական բանկը չի հասկանում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացմամբ չի կարող զսպել գնաճը կամ վերացնել գնաճը ստեղծող գործոնները: Եթե օրինակ, գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք, վեց ամսվա հաշվարկով, 5,5 տոկոս անկում, ապա Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը որքան էլ բարձրացնի գյուղմթերքը թանկանալու է, քանի որ բավարար քանակությամբ գյուղմթերք չի արտադրվում»:

Կենտրոնական բանկի կանխատեսումներով Հայաստանը տարին կփակի 8.5 տոկոս գնաճով։ Այսօր հրապարակվեցին թանկացումների վերջին ցուցանիշները։ Ըստ այդմ, հուլիսին գնաճի տեմպերը հունիսի համեմատ մի փոքր մեղմվել են, բայց շարունակում են բարձր մնալ։ Այս պահին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմում է 13.5 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG