Մատչելիության հղումներ

Հայաստանում գնաճը շարունակվում է. քաղաքացիները դժգոհում են՝ մի կերպ են գոյատևում


Հայաստանում առաջնային ապրանքների թանկացումները շարունակվում են, բարձր գնաճի ֆոնին քաղաքացիները չեն թաքցնում՝ իրենց եկամուտը չի հերիքում անգամ գլխավոր կարիքները հոգալու համար:

«Նոր տարուց Նոր տարի ենք միս առնում: Չենք հասցնում, աշխատող չունենք, երկու թոշակառու ենք ու երկու փոքր՝ հլը 2 տարեկան չկան, երեխաներ», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Մենք թոշակառու ենք, մենք 3 օրվա ուտելիք ունենք էդ թոշակին, գնալով ամեն ինչը թանկացել ա, թոշակն էլ քանի տարի չի ավելացել», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Պաշտոնական վերջին՝ հունիս ամսվա տվյալներով Հայաստանում սննդամթերքը թանկացել է 17,4 տոկոսով, սա այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են ավելի քան 20 տոկոսով։

Այսպես, ալյուրն ու ձավարեղենը թանկացել են 20,5, պանիրն ու կաթնաշոռը շուրջ 25, մակարոնեղենը գրեթե 30 տոկոսով։ Մեկ տարվա ընթացքում գրեթե 50 տոկոսով աճել են բանջարեղենի գները, նույն ժամանակահատվածում ավելի քան 16 տոկոսով թանկացել է նաև միրգը:

Այսօր մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած բոլոր քաղաքացիներն էին ասում՝ մի կերպ են գոյատևում, թոշակառուներն էլ չէին թաքցնում, չեն կարող ապրել, եթե այլ օգնություն չունենան:

«Բոլոր ապրանքներն էլ թանկացել ա՝ դեղերից սկսած, պարենային, բոլորն էլ», - ասաց հարցվածներից մեկը:

«Եթե աշխատող չլինի, ես սոված կմնամ, փառոք Աստծո, տղաներս պահում են ինձ», - նշեց մեկ այլ քաղաքացի:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով շատ թանկացած ապրանքների շարքում է նաև մսամթերքը. տավարի և հորթի միսը մեկ տարվա ընթացքում թանկացել է շուրջ 20 տոկոսով։ Ավելի քան 12 տոկոսով թանկացել է ձուկը։

Ըստ տնտեսագետի, Հայաստանը չէր կարող այս իրավիճակում խուսափել գնաճից

Բարձր գնաճ է ամբողջ աշխարհում, թանկացումները աննախադեպ են բազմաթիվ երկրներում, շեշտում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չէր կարող այս իրավիճակում խուսափել գնաճից:

«Մեր նման աղքատ հասարակությունների դեպքում էական նշանակություն ունի սննդամթերքի գները, սննդամթերքի գների աճը կտրուկ սոցիալական խնդիրներ է առաջացնում բնակչության մեծ մասի համար, քանի որ մարդիկ իրենց եկամտի մեծ մասը փաստացի ծախսում են միայն սննդամթերք ձեռք բերելու ուղղությամբ: Հայաստանում գնաճը շարունակական բնույթ ունի և այդ գնաճի դեմն առնելու համար պետք է ունենանք իրական տնտեսական զարգացում և տնտեսական զարգացումը պետք է լինի տնտեսության գյուղատնտեսութան ոլորտի կամ արդյունաբերության ոլորտի հատվածներում, ոչ թե ծառայության ոլորտի կամ հանրային սննդի ոլորտում», - նշեց Պարսյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ վերջին ամիսներին հայկական դրամի արժևորումը որոշ չափով զսպել է ապրանքների էլ ավելի բարձր գնաճը, բայց երբ դրամն իր նախկին մակարդակին վերադառնա, թանկացումների տեպմը հնարավոր է կտրուկ արագանա. - «Մենք փուչիկ գնաճի զսպում ունենք, որը կարող է մեկ օրվա ընթացքում վերանա»:

Բազմաթիվ ապրանքախմբերի շարքում Հայաստանում էժանացած միակ սննդամթերքը հավկիթն է, մեկ տարվա ընթացքում ձվի գները նվազել են 24 տոկոսով։

XS
SM
MD
LG