Մատչելիության հղումներ

Ստամբուլում ավարտվել է հացահատիկի միջանցքի խնդրի շուրջ քառակողմ հանդիպումը


Ստամբուլում ավարտվել է ռուսական, ուկրաինական և թուրքական զինվորական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը հացահատիկի միջանցքի խնդրի շուրջ, արդյունքների վերաբերյալ մանրամասներ, սակայն, դեռ չկան։

Մարտի 29-ից ի վեր սա ռուս և ուկրաինացի պաշտոնյաների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։ Մոսկվան ու Կիևը չեն բանակցում պատերազմը դադարեցնելու շուրջ, բայց հացահատիկի հարցով հանդիպմանը համաձայնել էին ՄԱԿ-ի հորդորով։ Այս հանդիպումը հաջորդեց օրերս Էրդողան - Պուտին, Էրդողան - Զելենսկի հեռախոսազրույցներին, որոնց ընթացքում այս հարցը քննարկվել էր։

Շուրջ մեկ ու կես ժամ տևած քառակողմ հանդիպման օրակարգային թեման Սև ծովի նավահանգիստներում արգելափակված ուկրաինական ցորենի անվտանգ դուրսբերումն ու միջազգային շուկա արտահանումն էր։ Չնայած ռուսական մամուլը գրել էր, թե հանդիպման վայրը խիստ գաղտնի է պահվում և լրագրողներին արգելվել է ցանկացած նկարահանում, այնուհանդերձ, թուրքական պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ նիստը անցկացվել է պատմական Քալենդեր պալատում։

Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էր հայտարարել, որ թուրքական կողմի, մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով հնարավոր դարձավ սեղանի շուրջ նստեցնել պատերազմող երկրների ներկայացուցիչներին:

Հանդիպումից առաջ Ուկրաինայի արտգործնախարարը «Ասոշիեյթեդ Փրես»-ին ասել է, որ խնդրի հանգուցալուծումը շատ մոտ է, սակայն ստամբուլյան բանակցություններում պետք է անվտանգության երաշխիքներ ապահովվեն. - «Չլուծված խնդիրները կապված են անվտանգության հետ և դրանք պետք է կարգավորվեն: Եթե դրանք լուծվեն, ապա խնդրեմ: Մենք ուրախ կլինենք տեսնել մեր նավահանգիստներ անվտանգ կերպով եկող և գնացող նավերը։ Մենք անվտանգություն ենք ուզում ինչպես նավերի սեփականատերերի, հացահատիկի առևտրով զբաղվող ընկերությունների, այնպես էլ մեր նավահանգիստների համար: Բայց պետք է լուծել նաև Ռուսաստանի նկատմամբ անվստահության խնդիրը, քանի որ այս բանակցությունների մասնակից կողմերից ոչ մեկը չի կարող վստահել նրան»:

Դմիտրի Կուլեբան ասել է, որ ցորեն տեղափոխող ընկերությունները պետք է լիովին վստահ լինեն, որ իրենց նավերը ռուսական հրթիռների և արկերի տակ չեն հայտնվի և բեռները ապահով կերպով տեղ կհասնեն: Կիևը նաև երաշխիքներ է ուզում, որ Մոսկվան չի օգտագործի հնարավորությունը նավահանգիստների ուղղությամբ նոր հարձակման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հանդիպումից առաջ հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը առաջարկների փաթեթ է բերել Ստամբուլ:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից, մասնավորապես, Օդեսայից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է ամբարներում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել, քանի որ Ռուսաստանին ու Ուկրաինային է բաժին ընկնում աշխարհի ցորենի մատակարարման գրեթե մեկ երրորդը:

Պաշտոնական Կիևի պնդմամբ, ուկրաինական ցորենը հնարավոր չէ դուրս բերել նավահանգիստներից ռուսական ուժերի արգելափակման պատճառով: Մոսկվան էլ հերքում է մեղադրանքները՝ հայտարարելով, թե պատրաստ է ապահովել Սև ծովով նավերի անվտանգ անցում միայն այդ հատվածների ականազերծման պայմանով: Ուկրաինան, սակայն, համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե Ռուսաստանը հացահատիկի միջանցքը կօգտագործի նոր հարձակման համար:

ՄԱԿ-ի գնահատմամբ, այս պատերազմը կարող է սովի պատճառ դառնալ աշխարհի մի շարք երկրներում, ուստի առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին ասել էր, թե մեծ ջանքեր են գործադրում անվտանգ միջանցքներ բացելու ուղղությամբ, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG