Մատչելիության հղումներ

Ոստիկաններն ու ցուցարարները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են վնասվածքներ ստացել. Անահիտ Ավանեսյան


Կառավարական առանձնատների մոտ անցած ուրբաթ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններն ու ցուցարարները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են վնասվածքներ ստացել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարարը։ Լրագրողներն Անահիտ Ավանեսյանից ճշտում էին՝ արդյոք ոստիկաններն ու ցուցարարները հատուկ միջոցների կիրառման հետևանքով են տուժել։

«Փոքրաթիվ ունեցել ենք մանր պատռվածքներ և ընթացքն արդեն ցույց կտա, մեր լիազորությունների շրջանակում չի գնահատելը, թե ինչից է եղել և ինչպես է եղել», - ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ այդ օրը մեկ քաղաքացի էլ վիրահատվել է, նա դեռ հիվանդանոցում է։ Ավանեսյանը, սակայն, չմանրամասնեց, թե քաղաքացին ի՞նչ վնասվածք ունի։ «Ազատությունն» ավելի վաղ պարզել էր, որ ցուցարարներից մեկը գլխի շրջանում լուրջ վնասվածք է ստացել, վիրահատվել Հերացի հիվանդանոցային համալիրում։

«Այդ քաղաքացու առողջությունն այս պահին, վիճակը բավարար է, նորմալ լավացման ընթացքի մեջ է, և հույս ունենք՝ մոտակա օրերս ևս դուրս կգրվի», - նշեց Անահիտ Ավանեսյանը:

Հերացի համալսարանական հիվանդանոցից էլ չեն հստակեցնում, թե վիրահատված քաղաքացին ինչի՞ հետևանքով է վնասվածք ստացել։ Փորձեցինք քաղաքացու հետ խոսել՝ պարզելու, թե ինչ վնասվածք ստացել, սակայն բժշկական կենտրոնից հայտեցին, որ տղամարդը չի ցանկանում հարցազրույցներ տալ։

Անցած ուրբաթ ոստիկանների ու ցուցարարների բախման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալի, տարբեր բժշկական կենտրոններ 60 քաղաքացի էր տեղափոխվել, կեսից ավելին՝ ոստիկաններ։ Ոստիկանությունից հաղորդեցին, թե վնասվածք ստացած ոստիկաններից միայն երկուսն են տուժել հատուկ միջոցներից, այն էլ՝ թեթև։ Թե քաղաքացիների շրջանում հատուկ միջոցների քանի՞ տուժած կա, պաշտոնապես չի հստակեցվում։ Ընդդիմությունը հայտարարում է լուսաձայնային նռնակից տուժած առնվազն մեկ ցուցարարի մասին։

«Կոնկրետ անուն, ազգանուն չգիտեմ, գիտեմ, որ իգական սեռի է, երիտասարդ աղջիկ է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Ընդդիմությունն ու իշխանությունը շարունակում են միմյանց մեղադրել բախումների հրահրման համար։ Ոստիկանությունից հայտարարել էին, որ ցուցարարները քարեր, շշեր ու մետաղյա իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ ինչն էլ պատճառ է դարձել որ հատուկ միջոցներ կիրառեն։

Ընդդիմությունը չի ընդունում ոստիկանության հայտարարությունը, ընդդիմադիրները չեն բացառում՝ հնարավոր է ինչ-որ սադրիչներն արած լինեն։

Միջադեպից հետո Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Գերատեսչությունից դեռ չեն հայտնում, թե գործով քանի՞ մեղադրյալ կա ու արդյոք արդեն կալանավորվածներ կան, թե՝ ոչ։ Դեռ չի հաղորդվում նաև՝ արդյոք ոստիկանների գործողությունների մասով քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ, դեռ ուսումնասիրություն է ընթանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ընդդիմադիրների մեկամսյա ցույցերի ընթացքում ոստիկանների գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործերով դեռ մեղադրյալի կարգավիճակ ունեցող որևէ ոստիկան չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG