Մատչելիության հղումներ

Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում երեկվա բախումների համար


Կառավարական առանձնատների մոտ երեկվա բախումներից հետո ընդդիմադիրները պնդում են, թե հավաքը խաղաղ էր, իսկ դրանից հետո զանգվածային անկարգություններ չեն եղել։ Իշխանությունից էլ արձագանքում են՝ ընդդիմությունն է սադրել ու իրավիճակը բախման տարել։

Երեկ ոստիկանների ու ցուցարարներն ընդհարվեցին, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Արցախի հարցով տապալված արտահերթ նիստից հետո հայտարարեց, որ իրենք պետք է շարժվեն Ազգային ժողով։ Մինչ այդ ընդդիմադիները եղել էին կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի կառավարական առանձնատներ։ Սաղաթելյանը այստեղ ոստիկաններին կոչ արեց՝ բացել հարակից Դեմիրճյան փոցողը, ցույցի մասնակից կանանց, աղջիկներին էլ մի կողմ գնալ։

«Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ հենց հիմա բացեք էդ փողոցը, մենք էդ փողոցով գնում ենք դեպի խորհրդարան։ Կանանց, աղջիկներին, թող էս կողմ գան, էս փողոցը պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացի'նք փողոցը բացելու, էդտեղով գնում ենք խորհրդարան», - հայտարարեց Սաղաթելյանը։

Երեկվա բախումների հետևանքով 60 քաղաքացի է տուժել, 39-ը ոստիկաններ են։ Թե՛ ցուցարաները, թե՛ ոստիկանները մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել։ Առողջապահության նախարարությունից, սակայն չեն հայտնում, թե տուժածներն ի՞նչ վնասվածքներ են ստացել։ Միայն հայտնում են, որ ընդհարման պատճառով տուժածների մեծ մասը դուրս է գրվել բժշկական կենտրոններից։

Տուժածների մեծ մասը տեղափոխվել էր Հերացի բժշկական կենտրոն, այնտեղից հայտնեցին՝ գլխի շրջանում լուրջ վնասվածք ստացել է մեկ ցուցարար, վիրահատությունից հետո նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանների շրջանում կան կոտրվածքներ ունեցողներ, ցուցարարները՝ հիմնականում սալջարդերով են տեղափոխվել հիվանդանոց։

«Քաղաքացիներից ոչ մեկը ոչ իրավաչափ վարքագիծ չի դրսևորել»

«Ես կարող եմ ասել, որ քաղաքացիներից ոչ մեկը ոչ իրավաչափ վարքագիծ չի դրևորել մինչև ոստիկանների կողմից իրենց ծեծելը, իսկ իրենք դա էին անում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ոստիկանությունը, մինչդեռ, հայտարարում է, թե հատուկ միջոցներ է կիրառել, քանի որ ցուցարարներն իրավապահների օրինական պահանջը չեն կատարել, բռնություն են գործադրել, քարեր, շշեր ու մետաղյա առարկաներ են նետել նրանց ուղղությամբ։

Ընդդիմադիր պատգամավորը չի ընդունում, որ հավաքի մասնակիցները քարեր ու շշեր են նետել։ Դեպքերի վերաբերյալ Վարդևանյանը սեփական վարկածն ունի. - «Համազգեստով ոստիկանների կողմից շիշ նետել տեսել եմ հստակ՝ ոստիկանների՝ համազգեստով։ Ովքե՞ր են եղել քար նետողներ, ոչ մի տարբերակ չեմ բացառում․ առաջինը՝ չեմ բացառում, որ դրանք կարող են լինել սադրիչներ, չեմ բացառում, որ իրենք կարող են լինել ոստիկանության աշխատողներ», - ասաց Վարդևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորից փորձեցինք հստակ պատասխան ստանալ՝ արդյոք երեկվա բախումները ոստիկաններն են սադրել, պատգամավորը սկսեց օրինակներով խոսել, սակայն հստակ գնահատական չտվեց։

Երեկվա միջադեպից հետո 13 մարդ է ձերբակալվել, թե ովքեր են, Քննչական կոմիտեն չի մանրամասնում։ Քրեական գործ է հարուցվել Զանգվածային անկարգությունների հոդվածով։

«Բախումների ամբողջ պատասխանատվությունը ընդդիմության վրա է»

Իշխանական պատգամավորները երեկ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածը «բռնություն», «տեռոր», «խուլիգանություն» բառերով են որակում, անհրաժեշտ են համարում քրեական պատասխանատվությունը։

Իրավիճակը լարելու ու բախումների ամբողջ պատասխանատվությունը, իշխող ուժից էլ ընդդիմության վրա են գցում։

«Նախ իրավիճակը լարված է միայն այն պատճառով, որ ընդդիմադիր թալանի փրկության շարժման առաջնորդներն ակնհայտ նյարդային ջղաձգումների մեջ են ու հատկապես դա վերաբերվում է Իշխան Սաղաթելյանին, ում ընդամենն այսօր ասել էինք, որ մենք կարող ենք իրեն հանդիպել Ազգային ժողովում։ Երբ որ ինքը հայտնում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փախած է Ազգային ժողովից, ուղղակի ստում է», - ասաց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վահագն Ալեքսանյանը։

Իշխանական պատգամավորները ընդդիմադիր առաջնորդներից հատկապես Իշխան Սաղաթելյանի կոչն են մատնանշում, որ մինչ բախումն արեց, թե «կանայք ու աղջիկները մի կողմ թող գնան, իրենց առջև փակ փողոց չկա»։

«Սա ակնհայտորեն տարավ բախման։ Էդ քաղաքացիներն, իրենց ագրեսիվ ելույթներից ու մնացածից ներշնչված, քարեր ու այլ իրեր նետեցին ոստիկանների ուղղությամբ, ու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ամբողջ պատասխանատվությունը միանշանակ ընկած է Իշխան Սաղաթելյանի և ընդդիմադիր թալանի փրկության շարժման մյուս առաջնորդների վրա», - ասաց Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը քննադատում է թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների պահվածքը

Երեկվա լարվածությանն ու բախմանը հանգեցրել է ընդդիմության ատելության խոսքը, ու հատկապես Իշխան Սաղաթելյանի կոչը՝ «գնալ դեպի Դեմիրճյան փողոց», - կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Իշխան Սաղաթելյանի խոսքը, որն ինձ համար՝ անձնապես ինձ համար, ակնհայտ ընդգծված հրահրում էր ու բացի բախումից ուրիշ գործողության չէր կարող տանել՝ ճանապարհ բացելու մասին է՝ Դեմիճյանով դեպի ԱԺ բարձրանալու, որովհետև նախապես կար պայմանավորվածություն ոստիկանության հետ, որ գնալու են այլ ուղղությամբ», - ասաց իրավապաշտպանը։

Մյուս կողմից էլ Կարապետյանցը քննադատում է իշխանականների պահվածքը։ Նա իշխող ուժի պատգամավորների արձագանքը տղայական կռիվների հետ է համեմատում։

«Մյուս կողմից շատ կարևոր է նշել, որ այդ թվում՝ նաև իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները իրենց հաշիվ չեն տալիս, որ սա տղայական ռազբորկա չի, սա էն դաշտը չի և էն իրավիճակը չի, որտեղ տղայական ռազբորկաներ է պետք անել, և Ազգային ժողովն այդ հարթակը չի», - ասաց իրավապաշտպանը

Իսկ ոստիկանների գործողությունները, Նինա Կարապետյանցը հիմնականում համաչափ է գնահատում։ Իրավապաշտպանը միևնույն ժամանակ շեշտում է՝ այլ բան է, որ առանձին ոստիկաններ, առանձին իրավիճակներում իրենց ոչ պրոֆեսիոնալ են պահում ու բռնություն գործադրում քաղաքացիների նկատմամբ։

«Ոստիկանությունն իր էությամբ, իր բովանդակությամբ փոփոխության չի ենթարկվել, մենք պարբերաբար տեսնելու ենք էսպիսի անմարդկային և անբարոյական, առանձին դեպքերում, վարքագիծ, այդ թվում՝ նաև ոստիկանների կողմից։ Ոստիկանները երբեք պատասխանատվության չեն ենթարկվում նման իրավիճակներում բռնություն կիրառելու,՝ անհամաչափ ուժ կիրառելու հետ կապված․ խաղաղ ցուցարարների նկատմամբ կամ արդեն իսկ նեյտրալիզացված, արդեն իսկ ֆիքսված քաղաքացու նկատմամբ անհամաչափ, անտրամաբանական ուժ կիրառելու համար երբեք պատասխանատվության չեն ենթարկվել», - եզրափակեց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG