Մատչելիության հղումներ

Հայաստանում մամուլի ազատության հետընթացը մասնագետները ահազանգ են համարում


Մայիսի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մամուլի ազատության օր։ Խորհրդարանում իր խոսքը շնորհավորանքով սկսեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատությանը. «Հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում մամուլի ազատությունը գրանցել է թռիչքաձև աճ»:

Որ իշխանափոխությունից հետո մամուլն ավելի ազատ է դարձել, նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է խորհրդարանում արձանագրում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե 2018-ի հաղթանակը մսխվել է։ Նախկին լրագրող Փաշինյանը նկատում է՝ նախկինում ազատ խոսելու հնարավորություն չեն ունեցել, իսկ այսօր այդ ազատությունը ճիշտ չեն կիրառում. «Մամուլի ազատության օրն այսօր չի ստեղծվել, Մամուլի ազատության օրը շատ վաղուց է ստեղծվել, իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին և երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից և մարմիններից: Այ մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետև ազատությունը նաև պատասխանատվություն է, որովհետև կերակրատաշտը ձեզ համար կարևոր է, քան որևէ ազատություն»:

Միջազգային հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ևս իր զեկույցներում արձանագրել է Հայաստանում գրանցված խոսքի ազատության առաջընթացը։ Հայաստանը հեղափոխությունից հետո՝ 2019-ին, 19 ցուցանիշով բարելավել է դիրքերը՝ 80-րդ տեղից հասնելով 61-րդ տեղին։ Հեղափոխությունից հետո, սակայն, այս տարի առաջին անգամ նույն կազմակերպության տվյալներով 2 ցուցանիշով հետընթաց է արձանագրել։ 2021-ին Հայաստանը աշխարհի 180 պետությունների շարքում մամուլի ազատության մակարդակով 63-րդ տեղում է։

Սա պետք է ազդակ լինի Հայաստանի համար, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով պատճառներին. «Վերջին տարվա ընթացքում բազմաթիվ ռեգրեսիվ, շատ հաճախ ես նաև դա անվանում եմ ռեգրեսիվ, օրենսդրական նախաձեռնություններ են առաջ եկել, և դա մեծ ջանքեր է պահանջում լրագրողական կազմակերպություններից, մասնավորապես մեր երեք կազմակերպությունների կողմից և մեր գործընկեր այլ կազմակերպություններից, որպեսզի հակազդենք այդ ռեգրեսիվ միտումներին: Խոսքս և՛ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկված փոփոխությունն է, և՛ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման եռապատկումը»:

Հարցին, թե օրենսդրական նման փոփոխություններով ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել իշխանությունները, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսպես պատասխանեց. «Հիմնական նպատակը, իհարկե, ունենալ լրատվամիջոցների ոլորտում նույն հնարավորությունները, ինչ ունեին նախկին իշխանությունները, որոնք վայելում էին մեծ առավելություն իրենց քաղաքական մրցակիցների նկատմամբ»:

Հայաստանում մամուլը բազմազան է, բայց ոչ անկախ, արձանագրված է նույն զեկույցում։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը հատկապես զարգացել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվել նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը: Հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց։

Մամուլի ազատության ցուցանիշում Հայաստանի գրանցած հետընթացը, ըստ մասնագետների, պայմանավորված է նաև համավարակի, դրան հաջորդած 44-օրյա պատերազի ընթացքում հայտարարված արտակարգ դրությամբ ու ռազմական իրավիճակով, երբ արգելվեց պաշտոնական հրապարակումներից տարբերվող լուրերի տարածումը։

«Եթե կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում չէին տուգանվում, ուղղակի պարտադրանք էր, որպեսզի հեռացնեին նյութերը, ապա պատերազմի ընթացքում նաև տուգանքի դեպքեր արձանագրվեցին, և կարծում եմ, որ սա նույնպես բացասական միտումների արտահայտում էր հերթական», - ասում է Աշոտ Մելիքյանը:

Հայաստանյան մամուլի ազատությանն անդրադարձ կա նաև ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2020 թվականի զեկույցում, որ հրապարակվեց վերջերս։ Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանում համացանցն ազատ է, բայց երբեմն լրագրողների նկատմամբ սպառնալիքներ ու բռնության դեպքեր են գրանցվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG