Մատչելիության հղումներ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ հայ-թուրքական կարգավորման և ԼՂ խնդրի մասին


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ազատության» տաղավարում։

«Ազատությունը» հյուրընկել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանին։

«Ազատություն». - Մոտ երկու ամիս է անցել բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից, և կարծես նորն է նախապատրաստվում։ Առաջընթաց տեսնո՞ւմ եք։

Գրիգորյան. - Իրականում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ բրյուսելյան գործընթացում, Շառլ Միշելի կողմից նախաձեռնված այդ գործընթացում որոշակի փակուղի կա։ Այո, այդ փակուղին կարծես թե պայմանավորված է նրանով, որ կողմերը հատկապես այսպես կոչված խաղաղության պայմանագրի հարցում չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի։ Գիտենք, որ Հայաստանի համար մեծ հաշվով ընդունելի էին Ադրբեջանի կողմից ներկայացված այդ սկզբունքները կամ փաթեթը, սակայն հայկական սկզբունքները, որը ներկայացվել էր որոշակի ժամանակ անց, ընդունելի չեն Ադրբեջանի համար։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ անվտանգության նույնիսկ հարց չկա, որ Լեռնային Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ Ադրբեջանը բազմադավան և բազմազգ պետություն է, որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են։ Այսինքն՝ այս հարցում կարծես թե չեն կարողանում ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ։ Սա հավելյան խնդիրներ է ստեղծում նաև այլ գործընթացներում, որովհետև այս փուլում կարծես թե Ադրբեջանի համար ամենակարևոր հարցը էդ խաղաղության պայմանագրի հարցն է։ Եթե լսենք պրոադրբեջանական կամ ադրբեջանական իշխանամերձ տարբեր էքսպերտներին, նրանք նշում են, այո, որ ապաշրջափակման գործընթացը կարևոր է, դելիմիտացիան-դեմարկացիան կարևոր է և պետք է փորձել հասնել ինչ-որ առաջընթացի էդ պրոցեսներում, սակայն ամենագլխավոր հարցը, ամենակարևոր հարցը դա խաղաղության պայմանագրի հարցն է, որով Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվի որևէ պահանջներից Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված։

«Ազատություն». - Շտապում են, որովհետև խաղաղության պայմանագրով ընդհանրապես կլուծեն Ղարաբաղի հարցը։

Գրիգորյան. - Այո։ Այսինքն՝ Ադրբեջանը հետպատերազմական փուլում փորձում է ֆիքսել, արձանագրել այն նոր ստատուս քվոն, կամ ոչ թե նույնիսկ ստատուս քվոն, որովհետև ստատուս քվոն մի քիչ տարբերվում է, այլ նպատակները, որոնք դրվել էին պատերազմից առաջ և ընթացքում։ Մի կողմից, իհարկե Ադրբեջանը ռազմական հաղթանակ է տարել, բայց այնուամենայնիվ չի հասել բոլոր այն քաղաքական նպատակներին, որոնք եղել են։ Այսինքն՝ դեռ շարունակում է գոյություն ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինչ-որ տեսքով, ռուսական խաղաղապահ առաքելությունն է նոր գործոն դարձել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG