Մատչելիության հղումներ

Երևանում Նարիշկինը խոստացավ պաշտպանել Հայաստանը


Արևմուտքի հետ հակամարտության մեջ գտնվող Մոսկվան բավարար ուժ ունի իր դաշնակիցներին պաշտպանելու համար՝ երեկ Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպումներից հետո հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։

Սերգեյ Նարիշկինը ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել է Երևանում Ռուսաստանի դեսպանատանը։

«Բարդությունները ոչ միայն ԱՊՀ երկրների, այլ ողջ մարդկության առջև են, որովհետեև այսօր աշխարհակարգի փոփոխության՝ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման բարդ և սուր փուլում ենք։ Որոշ քաղաքական ուժեր, նախևառաջ՝ Արևմուտքի տոտալիտար-ազատական ռեժիմները նախկին աշխարհը համարում էին իրենց վոտչինան` հայրենակալվածքը։ Նրանք ամեն ինչ անում են՝ պահպանելու գոյություն ունեցող, անարդար աշխարհակարգը և այդ նպատակով պատրաստ են ամեն ինչի դիմել, այդ թվում՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացմանը։ Օրինակը հակամարտությունների, ճգնաժամային իրավիճակների մեծ քանակությունն է, այդ թվում՝ այսօրվա իրադարձությունները Ուկրաինայում։ [Սակայն] Ռուսաստանի Դաշնությունը բավարար ուժ և ռեսուրսներ ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի իր դաշնակիցներից ու լավ գործընկերներից ցանկացածին», - նշել է Նարիշկինը։

44-օրյա պատերազմից հետո՝ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման պատճառով, Երևանը դիմեց ՀԱՊԿ աջակցությանը, սակայն Ռուսաստանի առաջնորդած դաշինքը առ այսօր գործնական որևէ քայլ չի ձեռնարկել։

Հայաստանի կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, երեկ Փաշինյանն ու Նարիշկինը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Հարկ է նշել, որ հանդիպման, բանակցությունների ընթացքում բարձր գնահատական է տրվել մեր երկրների ռազմավարական գործընկերության բովանդակությանը, բնույթին։ Իհարկե, նաև ընդգծվել է նաև մեր երկու ժողովուրդների ճակատագրի ընդհանրությունը։ Պետք է ասեմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը դրական է զարգանում տնտեսական ռազմա-քաղաքական, հումանիտար ոլորտներում։ Այդ համագործակցության մի մասն է հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, և այսօր իմ գործընկերոջ հետ, իհարկե, քննարկել ենք հետախուզական տեղեկության փոխանակման, համատեղ գործողությունների հարցերը՝ Հայաստանի ու Ռուսաստանի հետ կապված արտաքին սպառնալիքների մի ողջ համալիրի հայտնաբերման և նախազգուշացման նպատակով։ Այսօր մեր զրույցները շարունակվելու են։ Անշուշտ, ձևավորում ենք համատեղ աշխատանքի առաջիկա տարիների ծրագիրը։ Դրական ենք գնահատում մեր փոխգործակցության մակարդակը, այն համարում ենք վստահհավատ, արհեստավարժ և օգուտ բերող մեր երկու երկրներին», - ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նարիշիկնի երևանյան այցի մասին տակավին լռում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական կայքէջը, իսկ ռուսական մամուլը սահմանափակվել է հայաստանյան պաշտոնական տեղեկատվությամբ։

«Ելնում ենք նրանց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությունը որոշվում է բազմաթիվ գործոններով, հանգամանքներով, և առաջին հերթին՝ Ռուսաստանի ու Հայաստանի միջև համագործակցության մի շարք ուղղություններով՝ տնտեսության, մշակույթի, ռազմա-քաղաքական ոլորտում։ Ընդ որում, մեր պետությունների հատուկ ծառայությունների փոխգործակցությունը այդ համագործակցության էական և անքակտելի մասն է։ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերների հետ այսօրվա հանդիպմանը հանգամանալից քննարկել ենք համագործակցության առումով մեր առջև առկա խնդիրների ողջ համալիրը, և կարծում ենք, որ բավականին լավ, վստահելի հեռանկարներ կան», - ասել է Սերգեյ Նարիշկինը։

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի՝ նոր ստեղծվելիք արտաքին հետախուզական ծառայությանը. Նարիշկին

Նախորդ շաբաթ և՛ վարչապետը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձան արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանը, որի վերաբերյալ պաշտոնյաները սկսեցին խոսել Փաշինյանի իշխանության գլուխ գալուց շատ չանցած։

«Ռազմավարական» բնութագրելով հայ-ռուսական համագործակցությունը՝ Նարիշկինը Երևանում նաև հայտարարել է, թե ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանի՝ նոր ստեղծվելիք արտաքին հետախուզական ծառայությանը։

«Դա՝ պետանվտանգության ծառայության բարեփոխման հարց է, արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման կամ չստեղծման հարցը Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասության հարցն է։ Ցանկացած պարագայում, ինչ ձևաչափով էլ, որ աշխատենք մեր հարգելի գործընկերների հետ, Ռուսաստանի Դաշնությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը կցուցաբերի մեթոդաբանական ցանկացած աջակցություն, վստահելի կերպով ու հետևողականորեն կհամագործակցենք, ինչն արել ենք առ այսօր, որովհետև ընդհանուր խնդիրների մեծ ծավալ կա, որը պետք է լուծենք», - ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։

Հայ-ռուսական բարեկամության մասին Երևանում Նարիշկինի հնչեցրած հայտարարության ֆոնին հիշեցնենք հետաքննական լրագրությամբ զբաղվող ռուսաստանյան "Проект" հարթակի 2020թ. դեկտեմբերի հրապարակումը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Սերգեյ Նարիշկինն ինչպես էր ժամանակ անցկացնում Ադրբեջանի ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող, մոսկվայաբնակ միլիարդատեր Գոդ Նիսանովի անձնական լողավազանում՝ Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ։

Իմ ժամանելը կապ չունի Բըրնսի այցի հետ. Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը Երևան ժամանեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի հայաստանյան այցից ընդամենը օրեր անց։ Թեև շատերի ուշադրությունը գրավեց երկու գերտերությունների հետախուզական ծառայությունների ղեկավարների միմյանց հաջորդող այցերը Հայաստան, սակայն Երևանում Նարիշկինը հորդորեց իր ժամանումը չկապել Ուիլյամ Բըրնսի հայաստանյան այցի հետ։

«Իմ այցը Երևան հաստատապես կապ չունի այստեղ իմ ամերիկացի գործընկերոջ ժամանման հետ։ Բայց չեմ բացառում, որ իր այցը կապ ունի իմ օրակարգի հետ», - ասել է նա։

Բըրնսին ուրբաթ օրը ընդունել էին վարչապետն ու Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ քննարկելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր և երկկողմ հայ-ամերիկյան օրակարգը։

Բաքվում Նարիշկինն ու Սուլթանովը ստորագրել են համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը

Սերգեյ Նարիշկինը Երևանից մեկնել է Բաքու և արդեն այսօր հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովի հետ՝ Մոսկվայի ու Բաքվի հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական։

Բաքվում Նարիշկինն ու Սուլթանովը այսօր ստորագրել են համագործակցության զարգացման մասին համաձայնագիր, որը, ըստ Սերգեյ Նարիշկինի, ունի հիմնարար բնույթ և ուղղված է երկու երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությանը։

XS
SM
MD
LG