Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեն հերքում՝ ԿՀՎ տնօրենը Հայաստանում է 


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, արխիվ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, արխիվ

Պաշտոնական Երևանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում են տեղեկությունը, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Ազգային անվտանգության ծառայության լրատվական բաժնից «Ազատությանն» այսօր հայտնեցին, որ այս պահին տեղեկություն չունեն Բըրնսի երևանյան այցի վերաբերյալ։

Անվտանգության խորհրդի լրատվականը ողջ օրն անպատասխան թողեց «Ազատության» հեռախոսազանգերը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Հայաստան այցելելու մասին լուրը՝ փաստորեն, չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Երևանում է։

Հղում տալով դիվանագիտական անանուն աղբյուրներին՝ ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունները՝ Интерфакс-ը, Спутник Армения-ն օրվա ընթացքում գրեցին, թե ամերիկյան հետախուզության ղեկավարն այսօր մի քանի ժամով այցելել է Երևան։

Եթե Բըրնսի հայաստանյան այցը պաշտոնապես հաստատվի, ապա այն կլինի ԿՀՎ ղեկավարի առաջին այցը Հայաստան։

Երևանում են անվտանգության գծով ամերիկացի ու ռուսաստանցի փորձագետներ. Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն «Ազատությանը» փոխանցեց, թե իր տեղեկություններով` Երևանում են անվտանգության գծով ամերիկացի ու ռուսաստանցի փորձագետներ, որոնց քննարկման գլխավոր թեման Ուկրաինան է։

«Առկա սակավ տեղեկությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ պարզապես Երևանը կամ Հայաստանը ընտրվել է վայր Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցություններ անցկացնելու համար, որովհետև իմ ունեցած տեղեկություններով` այս օրերին այս նպատակով Երևան են ժամանել նաև ռուս և ամերիկյան փորձագետներ, և օրինակ` այդպիսի հանդիպման մասին ես տեղյակ եմ, ուստի կարող եմ ենթադրել, որ Բըրնսի այցը ևս կարող է այդ համատեքստում լինել», - ասաց նա:

«Ազատություն». - Նկատի ունեք` գլխավոր թեման Ուկրաինան է:

Տիգրան Գրիգորյան. - Բնականաբար, Ուկրաինան, անվտանգային իրավիճակը Եվրոպայում, անվտանգային հարցերը` իմ կարծիքով հիմնականում:

«Ազատություն». - Ձեր կարծիքով` հատկապես ինչո՞ւ է ընտրվել Հայաստանը:

Տիգրան Գրիգորյան. - Որովհետև Հայաստանն ինչ-որ առումով չեզոք երկիր է, չնայած լինելով Ռուսաստանի դաշնակից` ուկրաինական պատերազմի նկատմամբ չեզոք է դիրքավորվել, ունի լավ հարաբերություններ թե՛ Միացյալ Նահանգների հետ և թե՛ Ռուսաստանի հետ և երկու երկրների համար էլ ընդունելի վայր է, ենթադրում եմ, նմանատիպ հանդիպումների համար:

Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող, այդ թվում՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Ուիլյամ Բըրնսը անցած տարի մարտին նշանակվեց Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG