Մատչելիության հղումներ

Կրեմլը վերստին հայտարարում է՝ պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանը «հասնի իր բոլոր նպատակներին»


Կրեմլը վերստին հայտարարում է, թե այսպես կոչված «հատուկ օպերացիան» Ուկրաինայում կավարտվի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր բոլոր նպատակներին։ Այս մասին իրանական լրատվամիջոցին տված հարցարզույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հատուկ գործողությունը, անկասկած, կավարտվի, երբ իրագործվեն բոլոր նպատակները։ Հստակ ժամկետներ չկան, գլխավորը արդյունավետությունն է», - նշել է Կրեմլի խոսնակը։

Այդուհանդերձ, Մոսկվան չի հստակեցնում, թե ինչ պետք է տեղի ունենա ռազմի դաշտում, որ դադարեցնի պատերազմը հարևան պետության տարածքում։

Բայց այն, որ ռուսական կողմն այսօր առաջին անգամ հայտնել է Դոնբասում ռազմական օպերացիայի պատասխանատուի անունը, ըստ վերլուծաբանների, նշանակում է, որ Մոսկվան Դոնեցկի մարզում կրկին լուրջ հարձակման է պատրաստվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ ղեկավարում է Ուկրաինայում կռվող ռուսական ուժերի երեք խմբավորումներից մեկը։

Պաշտպանության նախարար Շոյգուն Շոյգուն ստուգել է Մուրադովի գլխավորած «Արևելք» խմբավորման դիրքերը, լսել գեներալ-լեյտենանտի զեկույցը ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Ըստ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ Շոյգուն խոսել է նաև ուկրաինական բանակի հեռահար հրթիռների և հրետանային սպառազինությունների առաջնահերթ ոչնչացման մասին։

Ռազմական փորձագետները նկատում են, որ արևմտյան հեռահար հրթիռներն ու հրետանին, որոնցով վերջին շաբաթներին համալրվել է ուկրաինական բանակը, իսկական գլխացավանք են դարձել ռուսական ուժերի համար։ Ուկրաինացիները մի շարք ուժգին հարվածներ են հասցրել ռուսական ուժերի թիկունքում գտնվող թիրախներին։ Մասնավորապես, անցած շաբաթ Նովայա Կախովկային։ Ավելին՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Օլեքսի Արեստովիչն էլ հայտարարել է, թե «Ուկրաինան կարող է հարված հասցնել Ղրիմի կամրջին»:

«Հենց որ նման տեխնիկական հնարավորություն հայտնվի, ուկրաինական ուժերը անպայման կհարվածեն Ղրիմի կամրջի վրա», - նշել է նա:

Ռուսական ուժերը շարունակել են հրթիռային հարձակումները Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ

Ռազմի դաշտում իրավիճակը, սակայն, ընդհանուր առմամբ, վերջին օրերին չի փոխվել. ռուսական ուժերը շարունակել են հրթիռային հարձակումները Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ՝ միաժամանակ պատրաստվելով նոր հարձակման Դոնեցկի մարզում։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ռուսական զորքերը շարունակում են սահմանափակ ցամաքային հարձակումները Սևերսկի, Բախմուտի և Դոնեցկի շուրջ, ինչպես նաև Դոնբասի ողջ տարածքում քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների գնդակոծությունները: Նրանք նաև կենտրոնացել են պաշտպանական գործողությունների վրա Խարկովի ուղղությամբ։

Գրավված տարածքներում ռուսական ուժերը իրենց վարչական մարմիններն են ստեղծում, մեծամասամբ օգտագործելով արդեն գործող կառույցները, ինչի պատճառով, օրինակ, երեկ Ուկրաինայի նախագահը աշխատանքից ազատել է գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային և Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին։

Երեկվա տեսաուղերձում մեկնաբանելով իր որոշումը՝ Զելենսկին հայտարարել էր. - «Դատախազության և դատարանի ավելի քան 60 աշխատակիցներ մնացել են Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքներում և աշխատում են Ուկրաինայի դեմ։ Սրա համար պատասխան պետք է տան նախ և առաջ այդ կառույցների ղեկավարները»։

Ուկրաինայի արտգործնախարարը պնդել է՝ բանակցությունների համար հիմքեր չկան

Արդեն գրեթե հինգ ամիս շարունակվող պատերազմի ֆոնին կողմերը չեն խոսում բանակցությունների վերսկսման մասին։ Ավելին՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան պնդել է, թե բանակցությունների համար հիմքեր չկան, և դրանք հնարավոր կլինեն միայն «Ռուսաստանի պարտությունից հետո»։

«Բոլորը հասկանում են, որ բանակցություններն ուղղակիորեն կապված են ճակատում տիրող իրավիճակի հետ։ Ես բոլոր գործընկերներին ասում եմ մի պարզ բան. «Ռուսաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ մարտի դաշտում կրած պարտությունից հետո։ Հակառակ դեպքում դա նորից կլինի վերջնագրերի լեզուն», - ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Մինչ այդ մասնագետները փորձում են կանխատեսել, թե որքան կարող է տևել այս պատերազմը։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսի կարծիքով, օրինակ, պատերազմը կարող է ավարտվել 4-6 ամսում՝ կորեական սցենարով։ Նրա կանխատեսմամբ՝ Ուկրաինան կարող է կիսվել առևմտյան և արևելյան Ուկրաինաների, ինչպես Հյուսիսային և Հարավային Կորեան է։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմական ծրագրերն առանձնապես արդյունավետ չէին, նրան հաջողվեց գրավել միայն փոքր տարածքներ՝ Ուկրաինա ներխուժման սկզբում լայնածավալ մտադրությունների համեմատ։ Իր հերթին, «ուկրաինացիները շատ ուժեղ դիմադրում են, բայց ոչ ոք չի կարող դիմակայել ռազմական հակամարտությանը, որն արդեն շարունակվում է երկար ամիսներ», - նշել է ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:

Ջեյմս Ստավրիդիսը ընդգծում է, թե ամենայն հավանականությամբ պատերազմի ավարտից հետո էլ Ուկրաինայի տարածքը հակամարտության գոտի է մնալու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG