Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է Դոնբասում մարտերի ժամանակավոր դադարի մասին


Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է Դոնբասում մարտերի ժամանակավոր դադարի մասին։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ զինծառայողներին հանգստանալու, տնից նամակներ ու ծանրոցներ ստանալու հնարավորություն է տրվում։

Շաբաթասկզբին պաշտպանության նախարարը նախագահին զեկուցել էր Ուկրաինայի Լուգանսկի շրջանի «ամբողջական ազատագրման» մասին։ Վլադիմիր Պուտինն էլ հրամայել էր զինվորականներին հանգստանալու ժամանակ տալ։

Դոնբասում ռուսական ուժերի ժամանակավոր դադարի մասին տեղեկությունը հաստատում են նաև բրիտանական հետախուզությունն ու ամերիկացի ռազմական փորձագետները։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ռուսները դադարել են հարվածներ հասցնել ուկրաինական տարբեր շրջանների ուղղությամբ, երեկ մասնավորապես նրանք հրթիռակոծել են Զմեինի կղզին, որից ավելի վաղ հեռացել էին։ Ուկրաինացի զինվորականներն էլ իրենց հերթին կարողացել են Ուկրաինայի պետական դրոշը տեղադրել այս պատերազմի խորհրդանիշը դարձած կղզում՝ «Ռուսական ռազմանավ, հիշիր, Զմեինի կղզին Ուկրաինա է» գրությամբ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի զեկույցն այսօր հիմնականում նվիրված էր ուկրաինական բանակի կորուստներին։ Իգոր Կոնաշենկովը պնդում էր, թե Կիևի կորուստներն այնքան մեծ են, որ զինվորները ռազմի դաշտ են վերադառնում առանց պատշաճ բուժում ստանալու:

«Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավարությունը հրաման է արձակել կրճատել վիրավոր զինծառայողների բուժման ժամկետները և ուղարկել նրանց առանց վերականգնողական փուլի՝ մարտական շրջաններում ստորաբաժանումների կորուստները փոխհատուցելու համար», - նշել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ հրետանին, որը Ուկրաինան ստացել է արևմտյան գործընկերներից, ազդեցություն է ունեցել մարտի դաշտում. - «Վերջապես, զգացվում է, որ արևմտյան հրետանին` այն զենքերը, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ ուժգին աշխատել են»։

Ըստ Զելենսկու՝ ուկրաինացի զինվորականները նկատելի հարվածներ են հասցրել պահեստներին և այլ կետերին, որոնք կարևոր են ռուսական կողմի նյութատեխնիկական ապահովման համար, «իսկ դա զգալիորեն նվազեցնում է ռուսական բանակի հարձակողական ներուժը»:

Դոնեցկի իշխանությունները կոչ էին արել մարզում մնացած քաղաքացիներին դուրս գալ իրենց բնակավայրերից

Ռուսական ուժերն այսօր նաև հարվածներ են հասցրել Դոնեցկի մարզում ուկրաինական ուժերի վերահսկողության տակ մնացող ամենախոշոր քաղաքի՝ Կրամատորսկի կենտրոնին։ Քաղաքի ղեկավար Ալեքսանդր Գոնչարենկոն ասել է, որ զոհեր կան։

Ավելի վաղ բրիտանացի և ամերիկացի ռազմական փորձագետները նշում էին, թե ռուսները պատրաստվում են Սլավյանկսի ուղղությամբ մեծ հարձակման և հաջորդ խոշոր մարտերը լինելու են հենց այնտեղ: Սլավյանսկի քաղաքապետ Վադիմ Լյախը «Ազատության» Настоящее Время ծրագրին պատմել է, որ ռուսական ուժերը այժմ գտնվում են քաղաքից 10-30 կիլոմետր հեռավորության վրա։

Երեկ Դոնեցկի մարզային իշխանությունները կոչ էին արել մարզում մնացած քաղաքացիներին դուրս գալ իրենց բնակավայրերից՝ ռուսական զորքերի թիրախ չդառնալու և ուկրաինայի ռազմական ուժերին չխանգարելու համար։ Լյախը, սակայն, ասում է, թե մինչև պատերազմ հարյուր հազար բնակչություն ունեցող Սլավյանսկում այսօր դեռ 23 000 բնակիչ է մնացել։

«Տարհանումը շարունակվում է ամեն օր. Վերջին օրերին այն ակտիվացել է։ Անընդհատ հորդորում եմ մարդկանց հեռանալ, քանի որ քաղաքում դեռ շատ մարդիկ կան՝ բնակչության մեկ քառորդը, այդ թվում՝ երեխաներ։ Ավտոբուսները ամեն օր նրանց տանում են Դնեպրի ուղղությամբ, սա անվտանգ ուղղություն է: Ցավոք, մարդկային մահերը քաղաքից հեռանալու խթան են հանդիսանում: Այս ամբողջ ընթացքում զոհվել է 17 մարդ, վիրավորվել՝ 67-ը», - նշել է նա։

Ռուսաստանյան իշխանությունները փորձում են ռուսական տնտեսությունը հարմարեցնել պատերազմին

Ու մինչ ռազմի դաշտում ռուսական բանակը տակտիկական դադար է վերցրել, իշխանությունները փորձում են ռուսական տնտեսությունը հարմարեցնել պատերազմին՝ առանց համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու։ Պետդուման երեկ ընդունել է տնտեսության մեջ «հատուկ միջոցներ» մտցնելու իշխանությունների իրավունքի մասին օրենքը։

Այն իշխանություններին թույլ կտա ձեռնարկությունների աշխատակիցներին, օրինակ, աշխատանքի կանչել աշխատանքային ժամից հետո, վերագործարկել մոբիլիզացիոն կարողություններն ու հնարավորությունները, ինչպես նաև պետական պահուստից թանկարժեք իրեր օգտագործել՝ «ռազմական օպերացիայի» համար:

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների գնահատմամբ՝ այս օրենքի ընդունումը վկայում է այն մասին, որ պատերազմը սկսելուց չորս ամիս անցել էլ Կրեմլը չի ուզում պաշտոնապես պահեստազորայինների զորահավաք հայտարարել, քանի որ դա ցավոտ է թեմա է ռուսաստանյան հասարակության համար։

Ըստ ամերիկացի ռազմական վերլուծաբանների՝ օրենքը թույլ կտա Ռուսաստանի իշխանություններին պաշտոնապես չընդունել, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ է վարում և արդեն չորս ամիս է չի կարողանում հաղթել զորքերի և սպառազինության քանակով իրենց մի քանի անգամ զիջող ուկրաինական բանակին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG