Մատչելիության հղումներ

45 երկրների դատական իշխանություններ համատեղ հետաքննելու են ուկրաինական պատերազմում ռազմական հանցագործությունների գործերը


Այսօր առավոտյան՝ ժամը 10:45-ի սահմաններում, երբ սովորաբար փողոցներում, գրասենյակներում, ձեռնարկություններում շատ մարդիկ են լինում, ռուսական ուժերը հրթիռակոծել են ռազմաճակատից հեռու ընկած` Ուկրաինայի կենտրոնական մասում գտնվող Վինիցա քաղաքը։ Նախնական տեղեկություններով՝ քաղաքի վրա 9 հրթիռ է արձակվել։ Առնվազն 20 մարդ է զոհվել, շուրջ 9 տասնյակ վիրավորներ կան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով այսօր ելույթ ունենալով Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու հարցով միջազգային համաժողովում՝ խոսել է այդ հարձակման մասին. «Այսօր առավոտյան ռուսական հրթիռները հարվածել են Վինիցային՝ սովորական, խաղաղ քաղաքին։ Թևավոր հրթիռները համայնքի երկու քաղաքացիական օբյեկտ են խոցել։ Ավերվել են տներ, բժշկական կենտրոն, այրվել են մեքենաներ...։ Սա ռուսական ահաբեկչության ակտ է։ Սրանք մարդ չեն, սրանք սրիկաներ են, որ դա կատարել են։ Թևավոր երկու հրթիռ հարվածել է քաղաքի կենտրոնին։ Այս պահի դրությամբ հայտնի է 20 զոհի մասին, այդ թվում՝ երեք երեխա։ Մեծ թվով վիրավորներ կան»:

Համաժողովն անցկացվում է Հագայում։ Մեկօրյա համաժողովում ավելի քան 40 եվրոպական դատական իշխանություններ համաձայնել են համակարգել հետաքննությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու վայրագություններին վերաբերող գործերով։ Դրանք ներառում են նաև ճակատային գծից հեռու ընկած քաղաքների խաղաղ բնակիչների վրա հարձակումները։

45 երկրների ներկայացուցիչներ հռչակագիր են ստորագրել համատեղ հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ։ Ուկրաինայում ռուսական ուժերի կոմղից կատարված ռազմական հանցագործությունների ավելի քան 20 հազար գործ կա հարուցված։

Այսօր առավոտյան հրիթակոծվել են նաև Նիկոլաևն ու Բաշտանկան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է մեկ զոհի մասին։ Մասնակի փլուզվել են բնակելի շենք, հյուրանոց, ուսումնական հաստատությունների երկու մասնաշենք։

Մոսկվան մշտապես պնդում է, թե Ուկրաինայի քաղաքացիական բնակավայրերը չեն թիրախավորվում։ Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ գեներալ Կոնաշենկովը այսօրվա ճեպազրույցում Վինիցան հրթիռակոծելու մասին ոչինչ չի ասել։

Նրա խոսքով՝ ռուսական ուժերը հրետանային պայքարում Սլավյանսկի և Դոնեցկի մարզի Նիկոլաևկա բնակավայրի մոտ ոչնչացրել են համազարկային կրակի մարտկոց և դասակ, ինչպես նաև ամերիկյան հաուբիցի դասակ Խարկովի մարզի Պերվոմայսկայա ավանի կրակային դիրքերում։ Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի օդուժը նաև ուկրաինական երկու ռազմական օդանավ է խոցել, Սու-24 Սլովյանսկի տարածքում և Միգ-29 Դոնեցկի Տրոիցկի շրջանում։

Թվարկելով ուկրաինական բանակի վրա կատարված հրթիռային հարվածների մի շարք ուղղություններ՝ Կոնաշենկովն ասել է, որ հարվածների հետևանքով ուկրաինացի մինչև հազար զինծառայող է ոչնչացվել և հարյուր միավոր զենք ու ռազմական տեխնիկա։

Ուկրաինական ուժերը ևս հարվածում են հակառակորդին։ Վերջին շրջանում ավելի հաճախ հաղորդվում է հարավային ուղղությամբ իրականացված հարվածների մասին։ Ուկրաինական ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հաղորդում է, որ չորեքշաբթի երեկոյան Նովայա Կախովկայում հարվածել են ռուսների գրաված դիրքերին։ Հրետակոծվել է կառավարման երկու կետ և վայրէջքային հրապարակ, զոհվել է ռուսաստանցի 13 զինծառայող։ Ռուսական ուժերի կողմից նշանակված տեղական իշխանությունները հայտնել են, որ թիրախավորվել է զինամթերքի պահեստը և «Սոկոլ» գործարանը։

Ռուսական բանակի այլ կորուստների մասին արտահոսք է լինում տեղական լրատվամիջոցներում։ Այդ տեղեկատվությունը վկայում է Վոլգոգրադի մոտոհրաձգային գվարդիական դիվիզիայի կրած կորուստների մասին։ Զոհվել է դիվիզիայի հրամանատար գնդապետ Ալեքսեյ Գորոբեցը։ Այդ մասին հայտնել է նրա կինը, ասելով, որ հրամանատարությունից զանգել և տեղեկացրել են ամուսնու զոհվելու մասին։ Ըստ տեղական «Բլոկնոտ» պարբերականի՝ զոված հրամանատարի ինքնությունը պարզվել է ԴՆԹ թեստի միջոցով։ Նախօրեին տեղական մեկ այլ պարբերական հաղորդել էր հրամանատարի տեղակալի՝ Ալեկսեյ Ավրամչենկոյի զոհվելու մասին։ Իսկ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել Վոլգոգրադից 35-ամյա ենթասպա Անաստասիա Սավիցկայայի զոհվելու մասին։ Նա համարվում է ուկրաինական պատերազմում զոհված ռուսաստանցի առաջին կին զինծառայողը։

Ինչ վերաբերում է պատերազմական ընդհանուր իրավիճակին, ապա Բրիտանական ռազմական հետախուզության ամենօրյա ամփոփագրի համաձայն՝ ռուսական ուժերը Դոնբասում շարունակում են հրետանային հարվածները ճակատային լայն գծով, բայց մեծ ուժերով հարձակման չեն անցնում։

«Վերջին 72 ժամվա ընթացքում նրանք նշանակալից առաջխաղացման չեն հասել և կարող են կորցնել Լիսիչանսկը գրավելուց հետո վերցրած տեմպը»,- նշված է բրիտանական ռազմական հետախուզության ամփոփագրում։ Վերլուծական այլ հրապարակումների համաձայն՝ ռուսական ուժերն ասես դադար են վերցրել վերախմբավորվելու, համալրվելու ու նոր հարձակումներ կազմակերպելու համար, և ապագա գործողություններին ուկրաինական կողմի դիմադրությունը կարող է վճռորոշ լինել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG