Մատչելիության հղումներ

Անկարան հետաքննում է պնդումները, թե Մոսկվան Կիևից հացահատիկ է գողանում


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան շատ լրջորեն է վերաբերվում լուրերին, թե Ռուսաստանը հացահատիկ է գողանում Ուկրաինայից։ Թուրք պաշտոնյան հավելել է, որ Անկարան հետաքննում է այդ պնդումները:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանի կամ այլ պետության կողմից գողացված հացահատիկը երկիր մտնի։

Իր հերթին, բրիտանացի նախարարը հայտարարել է, որ ուկրաինական հացահատիկի մատակարարումների հետ կապված ճգնաժամը պետք է կարգավորվի հաջորդ ամսվա ընթացքում:

«Մենք միանգամայն հստակ հայտարարում ենք՝ հացահատիկի ներկայիս ճգնաժամը արտակարգ իրավիճակ է, և այն պետք է լուծվի հաջորդ ամսվա ընթացքում, հակառակ դեպքում մենք կարող ենք կործանարար հետևանքների բախվել», - ասել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը։

Աշխարհում պարենի խոշոր արտահանողներից մեկը համարվող Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ռուսական ուժերն արգելափակել են բոլոր ուկրաինական նավահանգիստները՝ թույլ չտալով արտահանել ամբարված պարենը:

Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով նավերի անվտանգ անցում ապահովել պայմանով, որ համապատասխան ջրային տարածքը մաքրվի ականներից։

XS
SM
MD
LG