Մատչելիության հղումներ

Թանկացումները Պուտինի՝ Ուկրաինայում սանձազերծած հարձակման հետևանքն են. Ջո Բայդեն


Ռուս-ուկրաինական հակամարտության չորրորդ ամսում աշխարհը բախվել և փորձում է դիմակայել վառելիքի գների ռեկորդային թանկացումներին և պարենային անվտանգության լրջագույն մարտահրավերներին։

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն օրերս հայտարարել է, որ փորձում է քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի ազդեցությունը հավասարակշռելու ուղղությամբ։ Հենց սրանք են, ըստ Ջո Բայդենի՝ հաջորդ շաբաթ Եվրոպայում կայանալիք G-7-ի գագաթնաժողովի, ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպումների, ինչպես նաև նրա առաջիկա մերձավոր-արևելյան այցի օրակարգի գլխավոր հարցերը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում այն իրողությանը, որ մարդիկ չեն ցանկանում ավելին վճարել բենզինի և առաջին անհրաժեշտության ապրանքների համար՝ ընդգծելով, սակայն, որ ցավոտ և անխուսափելի թանկացումները Եվրոպայում ընթացող սոսկալի հակամարտության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ուկրաինայում սանձազերծած հարձակման հետևանքն են:

«Մենք ԱՄՆ-ում հրաժարվեցինք ռուսական նավթից, մեր եվրոպացի գործընկերները՝ նույնպես, գիտակցելով, որ գազի գների բարձրացումն անխուսափելի է: Մենք կարող էինք աչք փակել Պուտինի մարդասպան գործողությունների վրա, և գազի գինը այսքան չէր բարձրանա։ Բայց իմ կարծիքով, դա սխալ կլիներ», - ասել է Բայդենը:

Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում վառելիքի գլոբալ թանկացումը մասամբ պայմանավորված է ռուսական նավթի և ապրանքների նկատմամբ Արևմուտքի սահմանած կոշտ պատժամիջոցներով, ինչպես նաև՝ համավարակով, ինչի հետևանքով խաթարվել են մատակարարման շղթաներն ու արտադրողականությունը:

Բայդենը հուլիսին կհանդիպի Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետ՝ փորձելով համոզել նավթի համաշխարհային կարտելին ավելացնել մատակարարումները:

Այս շաբաթ Բայդենը կոչ էր արել Կոնգրեսին երեք ամսով կասեցնել բենզինի դաշնային հարկը, իսկ նահանգներին՝ կիրառվող վառելիքի հարկը։ Նախագահ Բայդենի առաջարկը, սակայն, չեն ողջունում ոչ նրա թիմակից դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները։ Հանրապետական սենատոր Ջոն Թյուն «հնարք» է որակել ԱՄՆ նախագահի առաջարկը:

«Այն, ինչ այս վարչակազմը փորձում է անել, իհարկե, ևս մեկ հնարք է, ևս մեկ վիրակապ։ Այն Կոնգրես է մտել, չունենալով հաջողություն ունենալու ոչ մի շանս», - նշել է Ջոն Թյուն։

Միաժամանակ, չի փոխվում Պուտինի հռետորաբանությունը և դիրքորոշումը:

«Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազմական գործողության ընթացքում մեր մարտիկները իսկական հերոսի պես են գործում՝ խիզախությամբ և պրոֆեսիոնալիզմով: Տարբեր ազգությունների ռուսաստանցի զինվորները կռվում են ուս-ուսի: Այս ստորաբաժանումում՝ իրենց նպատակի ճշմարտացիության հավատով տոգորված և մեր ժողովրդի հսկայական աջակցությունը վայելող զինվորները ներկայացնում են Ռուսաստանի հզոր, անպարտելի ուժը». – ասել է Պուտինը:

Ըստ վերլուծաբանների՝ պատերազմի տնտեսական հետևանքների վրա Բայդենի ուշադրության կենտրոնացումը վճռական նշանակություն ունի հանրային աջակցությունը պահպանելու տեսնակյունից: Վերլուծաբան Քեթլին Մաքլինիսը ընդգծում է առկա մարտահրավերները. «Հասկանալի է՝ ինչու է Բայդենը կենտրոնանում «Պուտինի գնաճի» վրա: Պատճառն այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես է հակամարտությունը տարբեր ձևերով անդրադառնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տնտեսությունների, իսկ ԱՄՆ-ում՝ հիմնականում ՝ բենզինի գների բարձրացման վրա: Դե, ինչպե՞ս չկորցնել պատերազմի հարցում քո համախոհներին, քեզ աջակցող հանրությանը, երբ պատերազմը շարունակվում է, և մարդիկ դրա հետևանքները զգում են տարբեր ձևերով, զգում իրենց սեփական գրպանների վրա։ Սա մեծ մարտահրավեր է ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների համար»:

Ըստ Սպիտակ տան՝ վառելիքի կտրուկ թանկացումը պատերազմի առաջացրած միակ հետևանքը չէ, Ռուսաստանը նաև արգելափակում է ուկրաինական հացահատիկի արտահանումը, ինչը ցնցումներ է առաջացնում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆրիկայում: Հավանաբար, այս հարցը ևս կլինի հաջորդ շաբաթ Գերմանիայում կայանալիք Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի քննարկումների օրակարգում։

Ազգային անվտանգության խորհրդի վերլուծաբան Ջոն Կիրբիի համոզմամբ՝ Պուտինը պարենը որպես զենք է կիրառում։ «Նախագահ Պուտինը, առանց կատակի, պարենը որպես սպառազինություն է օգտագործում: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք։ Նա ռազմականացնում է պարենային մթերքները։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ծովային շրջափակման հետևանքով ոչինչ չի կարող տեղափոխվել Սև Ծովով։ Իսկ Ուկրաինան մշտապես այդպես՝ ծովով է իր հացահատիկն արտահանել այլ երկրներ: Այդ պատճառով, նախագահը այժմ աշխատում է աշխարհի առաջնորդների հետ՝ այլընտրանքային ցամաքային ուղիներ գտնելու ուղղությամբ», - ասում է Ազգային անվտանգության խորհրդի վերլուծաբան Ջոն Կիրբին:

Օրերս Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինը հերքել էր թանկացումների մասին իրեն հասցեագրված մեղադրանքները՝ պնդելով, որ Ուկրաինան է ականներ տեղադրել իր նավահանգիստների շուրջ՝ սահմանափակելով հացահատիկի արտահանումը։ Պուտինը նաև ընդգծել էր, որ Ուկրաինայի հացահատիկի մատակարարումները աննշան դեր ունեն համաշխարհային տնտեսության համար:

XS
SM
MD
LG