Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը սկսել են հրթիռակոծել ռուսական ուժերի թիկունքում գտնվող թիրախները


Ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերը Ուկրաինայում

Տասն օր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը նախագահ Պուտինին զեկուցել էր Լուգանսկի մարզն ամբողջությամբ «ազատագրելու» մասին։ Փորձագետները, այդ թվում ամերիկացի, արձանագրեցին ռուսական ուժերի հաջողությունը։ Սակայն այսօր իրավիճակը ռազմադաշտում փոքր-ինչ փոխվում է։ Ուկրաինական ուժերը, արևմտյան, այդ թվում ամերիկյան հրթիռային համակարգերի շնորհիվ սկսել են ինտենսիվ հարվածներ հասցնել ռուսական ուժերի թիկունքում գտնվող թիրախներին։

Ռուսական պետական լրատվամիջոցներն ու անջատողական պաշտոնյաները հայտարարում են, որ այս գիշեր Լուգանսկ քաղաքի թիրախների ուղղությամբ ուկրաինական հրթիռային հարձակում է տեղի ունեցել։

Լուգանսկը գտնվում է առաջնագծից ավելի քան 70 կմ հեռավորության վրա։ Ռուսաստանյան լրատվամիջոցները պնդում են, որ քաղաքին հարվածները հասցվել են ամերիկյան HIMARS հրթիռային համակարգից։ Հաղորդվում է նաև «Տոչկա-Ու» հրթիռի մասին։ Անջատողականների ներկայացուցիչը հայտնել է, որ զանգվածային հարված է հասցվել Լուգանսկի ռազմական ՀՕՊ ստորաբաժանմանը։ Անջատողականների նախկին հրամանատար Իգոր Ստրելկով-Գիրկինն էլ պնդում է, որ բազան ոչնչացվել է ։

Ուկրաինական բանակի ստացած նոր սպառազինության մասին երեկ երեկոյան իր տեսաուղերձում խոսել է նախագահ Վլադիմիր Զելենսկին. - «Ռուսաստանի Դաշնությունն արդեն շատ լավ զգացել է, թե ինչ է ժամանակակից հրետանին, և նրանք չեն ունենա անվտանգ թիկունք մեր գրաված ոչ մի վայրում: Նրանք զգացին, որ մեր հետախույզների գործողությունները իրենց հայրենիքը պաշտպանելու համար ավելի արդյունավետ են, քան նրանց ցանկացած հատուկ գործողություն։ Ռուս զինվորները, դա մենք գիտենք նրանց խոսակցությունների գաղտնալսումից, անկեղծորեն վախենում են մեր զինված ուժերից։ Պատերազմի 139 օր, գրեթե 20 շաբաթ, աշխարհի այսպես կոչված երկրորդ բանակը վախենում է ուկրաինացիներից և կարողանում է ինչ-որ բան անել դեռևս անել, միայն այն պատճառով, որ ունի սովետական զենքի անսահման պաշարներ»։

Վերջին շաբաթներին ուկրաինացի զինվորականները սկսել են նախկինից ավելի ինտենսիվ հարվածներ հասցնել ռուսական զորքերի թիկունքում գտնվող թիրախներին՝ զինամթերքի պահեստների, ռազմաբազաներին, այլ ռազմական օբյեկտներին։

Ամենահզոր հարվածներից մեկը երկուշաբթի գիշերը հասցվել է Խերսոնի շրջանի Նովայա Կախովկային։ Ռուսաստանի կողմից վերահսկվող տեղական վարչակազմը հայտարարել էր խաղաղ բնակչության շրջանում 7 զոհի և մեծ ավերածությունների մասին։ Պաշտոնապես ուկրաինացի զինվորականները չեն մեկնաբանում կոնկրետ հարվածները, սակայն ընդունում են, որ նման հարվածներ հասցվում են։ Դրանցից շատերը, ըստ փորձագետների և օբյեկտիվ ապացույցների, կիրառվում են վերջերս առաքված ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերի միջոցով։ Երեկ էլ Լեհաստանն էր ուկարինային տվել CRAB համալիրները, որ ի զորու են խոցել թիրախներ 70 կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսական կողմն իր հերթին չորեքշաբթի գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Դոնեցկի շրջանի Կրամատորսկի ու Կոնստանտինովկայի և Դնեպրոպետրովսկի շրջանի հարավում՝ Նիկոպոլի վրա։ Շարունակվում է նաև Խարկովի հրետակոծությունը։ Կան զոհեր և վիրավորներ։

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով, առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կկենտրոնանա Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները գրավելու վրա։

Ռուսաստանցիների 57 տոկոսը կողմ է, որ պատերազմը շարունակվի. հարցում

Փորձագետները նկատում են, որ պատերազմին վերջ տալ այսօր կարող է միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը նախագահ Պուտինն է։ Կրեմլը, այդուհանդերձ, պարբերաբար փակ հարցումներ է անցկացնում՝ պատերազմի մասին ռուսաստանյան հասարակության տրամադրությունները հասկանալու համար։ Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի պատվերով, հունիսին ՎՑԻՕՄ-ի անցկացրած նման հարցման արդյունքներն այսօր հրապարակել է «Մեդուզան»։

Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը. «Ոմանք ասում են, թե Ուկրաինայում մարտերը պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցվեն։ Մյուսները կարծում են, որ այսօր չպետք է դադարեցնել մարտերը։ Ո՞ր տեսակետն է ձեզ ավելի մոտ»։

«Մեդուզային» հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել հարցմանը, սակայն հայտնի են արդյունքները։ Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 30 տոկոսը կարծում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցվեն։ Եվս 13 տոկոսը դժվարացել է ասել իր կարծիքը, հարցվածների 57 տոկոսը կողմ է, որ պատերազմը շարունակվի։

Ընդ որում՝ պատերազմին կողմ են հիմնականում 60 տարեկանից բարձր ռուսաստանցիները, երիտասարդների գերակշիռ մասը դեմ է դրան։

XS
SM
MD
LG