Մատչելիության հղումներ

Մոսկվան մտադիր չէ դուրս բերել զորքերն Ուկրաինայից, Կիևն ավելի մեծ օգնություն է պահանջում Արևմուտքից


Ուկրաինայի զինված ուժերը հրթիռներ են արձակում ամերիկյան HIMARS համակարգից, Զապորոժիեի մարզ, հուլիս, 2022թ.

Ուկրաինայի պաշտպանության նախարարը The Wall Street Journal-ին ասել է, որ իր երկիրը հաջողությամբ փորձարկել և կիրառել է ամերիկյան հեռահար հրետանային համակարգերը, սակայն ընդգծել է, որ ուկրաինական բանակը լրացուցիչ մատակարարումների պահանջ ունի՝ հատկապես զրահատեխնիկայի, զրահամեքենաների, անօդաչու թռչող սարքերի:

Ալեքսեյ Ռեզնիկովի խոսքով՝ ամերիկյան հրթիռները փոխել են իրավիճակը ռազմաճակատում, սակայն Ուկրաինային անհրաժեշտ է այնպիսի տեխնիկա, որը կարող է խոցել թիրախները մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա:

Մինչ Կիևն ակնկալում է նոր արևմտյան սպառազինություն ստանալ և փորձել փոխել իրավիճակը պատերազմում, Մոսկվան հայտարարում է, որ պատրաստվում է գրավել ամբողջ Դոնբասը և չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի հարավից: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը:

«Մենք պատրաստվում ենք ազատագրել ամբողջ Դոնբասը», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է ավարտվել պատերազմը: Անդրեյ Կելինը հավելել է. - «Դժվար է պատկերացնել մեր զորքերի դուրսբերումը Ուկրաինայի հարավից, քանի որ փորձով արդեն գիտենք, թե ինչպես են մեր հեռանալուց հետո սկսվում սադրանքները, գնդակահարվում են բոլորը»:

Ըստ Կելինի՝ վաղ թե ուշ Կիևը պետք է որոշի՝ խաղաղության պայմանագի՞ր կնքել Ռուսաստանի հետ, թե՞ գլորվել դեպի լիակատար փլուզում:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել էր, թե Ուկրաինան չի զիջի իր տարածքները հանուն Ռուսաստանի հետ խաղաղության: Նա արևմտյան երկրներին կոչ էր արել շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին:

«Արագ, ավելի մեծ օգնությունը կփրկի ուկրաինացիների կյանքը և կօգնի մեզ հետ վերցնել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները», - ասել էր Զելենսկին ու ափսոսանք հայտնել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ:

XS
SM
MD
LG