Մատչելիության հղումներ

«Շատ ավելի ցուցադրական է». իրավապաշտպանը կարծում է՝ ԱԱԾ-ն շտապում է պետական դավաճանության մասին հաղորդելիս


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդեց պետական դավաճանության հերթական դեպքի մասին։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում իրավապահների հրապարակած 5-րդ դեպքն է, որն առնչվում է Զինված ուժերին, ընդ որում՝ այս դեպքերն, ըստ իրավապահների, կատարվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի ընթացքում։

Այսօր ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում զինվորականը, որի դեմքը փակված է, խոստովանում է իր արարքը, զղջում դրա համար ու մյուսներին խորհուրդ տալիս չտարվել սոցցանցերով իրենց գրողներով։ Նրանք, ըստ ԱԱԾ-ի, օտարերկրյա գործակալներ են, որոնք գումարի դիմաց ինչպես այսօր հրապարակված տեսանյութում երևացող զինվորականի, այնպես էլ վերջին ամսվա ընթացքում իրավապահների հրապարակած մյուս դեպքերում, ռազմական գաղտնիք են կորզել հայաստանցի զինվորականներից։

Եվ եթե ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ երկրից են այդ օտարերկրյա գործակալները, Գլխավոր դատախազությունն այսօր հայտարարեց, թե ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո հայ զինվորականները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների թիրախում և Հայաստանի ու Արցախի շահերին վնասող տեղեկություններ փոխանցել։ Որոշ դեպքերում այդ գործողությունները լուրջ հետևանքներ են ունեցել պատերազմի ելքի վրա։

ԱԱԾ-ն չի հրապարակել պետական դավաճանության համար մեղադրվող զինվորականի անունը, հաղորդվում է միայն, որ նա կալանավորված է։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է՝ ԱԱԾ-ն շտապում է պետական դավաճանության մասին իր հաղորդագրությունները տարածելիս։ Քանի դեռ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշումը, խախտվում է զինվորականների անմեղության կանխավարկածը։

«Կարծում եմ, որ արժանապատվությունը նվաստացնող է, երբ որ կասկածյալին այդ վիճակով տանում են և հանրությանը ցույց տալով, և տպավորությունս այնպիսին է, որ ավելի շատ շոուի այդ իրենց ազդեցությունը` դավաճանների են իրենք հայտնաբերում, տանում, շատ ավելի ցուցադրական է, բայց նաև նսեմացնելով այդ մարդուն, թեկուզ դեմքը փակ, բայց հնարավոր է գուցեև ճանաչել` ով էր, եթե գիտեն ինչ-որ շրջանակներ, իրավապահ մարմիններն իրենց ձեռագիրը չեն փոխում` նույն ձևով նախապես իրենք որոշել են, որ այդ մարդը հենց դավաճան է, որ կա, այսինքն` այդպիսի տպավորություն ես ստանում, որ նայում ես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Գլխավոր դատախազության տվյալներով, ԱԱԾ-ում քննվում է պետական դավաճանության 10 գործ, մեղադրյալ է 43 մարդ, նրանցից 10 կալանավորված են։ 3 քրեական գործ էլ արդեն դատարանում է՝ ամբաստանյալ է 12 անձ, որոնցից 11-ը կալանքի տակ են։ Իրավապաշտպան Ալեքսանյանը կարծում է, որ եթե Ազգային անվտանգության ծառայությունը պատշաճ աշխատեր պատերազմի օրերին, ապա նման դեպքերի թիվը մեծ չէր լինի։ Մյուս կողմից էլ, առաջարկում է սպասել դատավարություններին, որոնցից պարզ կդառնա, թե որքանով են մեղավոր ԱԱԾ տեսանյութերում գրեթե նույն տեքստով՝ մեղայականով հանդես եկող զինվորականները։

«Դատարաններում կտեսնենք, կտեսնենք` քննությունը ինչ է ցույց տալիս, ինչ ապացույցներ ունեն, և շատ լավ իմանալով մեր իրավապահ մարմիններին, թե ինչ ապացույցներով են իրենք աշխատում, իրենք շարունակելու են նույն ձևով աշխատել: Ես չեմ պատկերացնում, որ փոխվել են, և դրա համար ինձ համար այսքան մանավանդ հաճախ հայտարարություններ են տարածում, որ պետական դավաճանության մեջ մեղադրյալ են, հայտնաբերել է նորից, ինձ համար կասկածելի են: Մենք այդ գործերի հավաստիությունը կտեսնենք դատարաններում, կլսենք, թե ինչ ապացույցներով են նրանք բերել, այս մարդկանց մեղադրանք առաջադրել», - շեշտեց Ժաննա Ալեքսանյանը:

Մինչ դատարանների վճիռներին, դատախազությունն արդեն հայտարարում է՝ հանցագործությունը հաստատվելու դեպքում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում։ Ըստ իրավապահների` ադրբեջանական գործակալների հետ հայ զինվորականներին թիրախավորել են հիմնականում հայ կանանց կեղծ էջերով, ինտիմ բնույթի հարցեր են քննարկել, փորձել են սիրաշահել կեղծ էջով կանանց՝ նրանց փոխանցելով խնդրած՝ ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Որոշ դեպքերում շփումները օնլայն տիրույթից տեղափոխվել են իրականություն, գրում է Գլխավոր դատախազությունը և զգուշացնում զերծ մնալ նման անընդունելի արարքներից։ Ծանր հանցագործության համար մեղադրվողների փաստաբանները սովորաբար հրապարակային հայտարարություններ չեն անում, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գործընթացի փակ լինելը պատահական չի համարում՝ պատերազմ տեսած երկրում այս հոդվածով մեղադրանքը ցանկացածի համար ծանր է, և դժվար է պարզել հանգամանքները, թե ինչ ձևով են ստացվել ցուցմունքները։

XS
SM
MD
LG