Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր:

Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, ծառայության ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է՝ «ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, հավաքագրվել նրանց կողմից և տվել իր համաձայնությունը՝ հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»։

Դրանից հետո, ԱԱԾ-ի փոխանցմամբ, օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով նախկին զինծառայողը հավաքել ու վարձատրության դիմաց օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցին նամակագրության միջոցով հանձնել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի այլ տեղեկություն հանդիսացող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, նրանց զինվածության, մարտական առաջադրանքի, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները, զորամասի վաշտի և գումարտակի հաստիքացուցակները, զորամասի մարտական համարը, զորամասի զինտեխնիկայի վերաբերյալ տվյալները, լուսանկարել և ուղարկել է մարտական դիրքի խրամուղիները, դիրքին մոտեցող ճանապարհները, դիրքի տեղակայման կոորդինատները՝ «այդ կերպ լրտեսության եղանակով կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»։

Բացի դրանից, օտարերկրյա հետախուզական ծառայության առաջադրանքով զինծառայողը կապ է հաստատել նախկին համածառայակցի հետ և փորձել հանձնելու նպատակով ձեռք բերել ռազմական բնագավառին վերաբերող այլ տեղեկություններ, որը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Նախկին զինծառայողն օտարերկրյա հատուկ ծառայություններից մաս-մաս ստացել, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերել հետագայում ստանալ ընդհանուր 2800 դոլար և 6000 ռուբլի գումար։

Մեկ այլ գործով էլ ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող պայմանագրային զինծառայողը, սոցիալական ցանցերի միջոցով ծանոթություն է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ և հավաքագրվել նրանց կողմից։

Դրանից հետո, ԱԱԾ-ի փոխանցմամբ, հիշյալ զինծառայողը ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու դիմաց գումար ստանալու նպատակով, հավաքել և բջջային հավելվածների միջոցով նրանց է փոխանցել Հայաստանի անվտանգությանը սպառնացող ռազմական բնույթի պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հանդիսացող՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակի և այլնի վերաբերյալ տեղեկություններ:

Ըստ ԱԱԾ-ի, նշված գործողությունների համար նա պարբերաբար ստացել է ընդհանուր 900 դոլար գումար, «իսկ պետական դավաճանություն կատարելու հետևանքով հակառակորդին ընձեռվել է իրական հնարավորություն կատարելու ճշգրիտ հաշվարկներ, տարբեր հատվածներում ընդգրկված ուժերի և միջոցների քանակը, տեղադիրքերը, տեղաբաշխումները»:

Երկու զինծառայողները ձերբակալվել են և տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նշված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG