Մատչելիության հղումներ

Աշխարհի ավելի քան 40 երկրներ տվեցին Ուկրաինայի վերականգնման «Մարշալի պլանի» նախապատրաստման մեկնարկը


Աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչները Լուգանոյում, 5-ը հուլիսի, 2022թ․

Եվրոպայի և զարգացած աշխարհի ավելի քան 40 երկրներ պաշտոնական մեկնարկ տվեցին Ռուսաստանի ագրեսիայից հետո Ուկրաինայի վերականգնման «Մարշալի պլանի» նախապատրաստմանը և ստորագրեցին Լուգանոյի հռչակագիրը։

Հռչակագիրը լույս տեսավ Շվեյցարիայի Լուգանոյում։ Գրեթե բոլոր եվրոպական երկրները, ինչպես նաև Իսրայելը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան միացել են հետպատերազմյան Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին հռչակագրին։

Իրավական ուժ չունեցող քաղաքական փաստաթղթում նրանք դատապարտել են ռուսական ագրեսիան, կոչ արել Կրեմլին՝ անհապաղ դուրս բերել զորքերը և հայտարարել Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու պատրաստակամության մասին։

Ուկրաինայի իշխանությունները հետպատերազմյան վերակառուցումը գնահատում են 750 մլրդ դոլար։ Միայն այս տարի երկրին անհրաժեշտ է 60-65 միլիարդ դոլար, և սա չհաշված պաշտպանության և սպառազինության ծախսերը։

Կիևի տնտեսագիտական դպրոցի տվյալներով՝ ռուսական բանակն արդեն ոչնչացրել է շուրջ 100 միլիարդ դոլարի շենքեր և ենթակառուցվածքներ, իսկ պատերազմի ընդհանուր տնտեսական վնասը նրանք գնահատել են 600 միլիարդ դոլար։

Մինչ օրս Արևմուտքն ընդամենը մի քանի միլիարդ է հատկացրել Ուկրաինային, այն էլ հիմնականում զենք գնելու համար։

«Մենք պատրաստվում ենք հետպատերազմյան ժամանակաշրջանին հիմա՝ պատերազմի կիզակետում», - ասել է համաժողովը հյուրընկալած Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը՝ շարունակելով․ - «Մենք ձգտում ենք ուկրաինացիներին հույս և վստահություն հաղորդել, որ նրանք միայնակ չեն»:

Դեռևս ապրիլին աշխարհի առաջատար 8 տնտեսագետներ հայտարարեցին, թե պատերազմից հետո վերակագնելու համար Ուկրաինային անհրաժեշտ է լինելու 200-500 միլիարդ եվրոյի օգնություն, ընդ որում՝ նախնական հաշվարկներով։ Ծրագիրը ստացավ պայմանական «Մարշալի պլան» անվանումը։ Ժամանակին «Մարշալի պլանի» օգնությամբ վերակագնվել էր հետպատերազմյան Գերմանիայի տնտեսությունը։

Հռչակագրում նշաված են նաև այն բարեփոխումները, որ ահնրաժեշտ են Ուկրաինային․ նախ՝ Կիևը պետք է վերջապես կարողնա պայքարել կոռուպցիայի, պետական կառավարման ձախողումների և անհատների նեղ շրջանակի ձեռքում տնտեսական իշխանության կենտրոնացման դեմ։

XS
SM
MD
LG