Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը գրավել են Լիսիչանսկի և Լուգանսկի շրջանի սահմանի միջև մնացած տարածքը


Ռուսական ուժերը երեկ գրավել են Լիսիչանսկի և Լուգանսկի շրջանի վարչական սահմանի միջև մնացած տարածքը։ Մինչ պաշտոնական Կիևը սա ներկայացնում է որպես «տակտիկական նահանջ», Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լիսիչանսկի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու և ինքնահռչակ Լուգանսկի հանրապետության ողջ տարածքը «ազատագրելու» մասին։

Ռուսական հեռուստաընկերություններն այսօր ցուցադրել են Պուտինի ու Շոյգուի հանդիպման կադրերը, որոնցում Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Լուգանսկի համար կռված զինծառայողները պետք է հանգստանան ու զարգացնեն կարողությունները։

«Այն ստորաբաժանումները, որոնք մասնակցել են ակտիվ մարտական գործողություններին և հասել են հաջողությունների, հաղթանակների Լուգանսկի ուղղությամբ, իհարկե, պետք է հանգստանան, բարձրացնեն իրենց մարտունակությունը», - ասել է նա:

Պուտինը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մյուս ուղղություններով ռուսական զինուժը պետք է շարունակի ակտիվ գործողությունները։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ Կրեմլը պայմաններ է ստեղծում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների բռնակցման համար, ընդ որում նրանց մարզային տարածքների սահմաններում, ինչն ավելի մեծ է, քան վերահսկում էին անջատողականները մինչև պատերազմի սկիզբը։

Ռուսական զորքերն այժմ հարձակումներ են սկսել նաև Բախմուտից հյուսիս-արևելք և Սլավյանսկիից հյուսիս, սակայն նոր տարածքներ չեն գրավել, ռուսական բանակը միաժամանակ լայնածավալ հրետանային գնդակոծություն է իրականացնում Ուկրաինայի հարավում, ինչը կարող է խափանել ուկրաինական զորքերի հակահարձակումը։ Շարունակվում են նաև Խարկովի մարզի և Խարկով քաղաքի ռմբակոծությունները։

Ուկրաինայի նախագահը, սակայն, ժողովրդին կոչ է արել հավատալ ուկրաինական բանակի հաղթանակին, իսկ Լիսիչանսկի հանձնումը որակել է որպես մարդկանց կյանքերը փրկելու համար տակտիկական նահանջ։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանն ունի բավականաչափ տորնադոներ, գրադներ, որպեսզի ոչնչացնի ուկրաինական քաղաքները: Ռուսներն իրենց ամենամեծ կրակային ուժը կենտրոնացրել են Դոնբասում և կարող են ամեն օր տասնյակ հազարավոր հրետանային արկեր կիրառել ռազմաճակատի մի հատվածում։ Սա է իրականությունը, ընդգծում է Զելենսկին։

«Մենք պաշտպանում ենք մեր զինվորների կյանքը, մեր ժողովրդին։ Մենք կվերակառուցենք պարիսպները, կվերադարձնենք հողը։ Եվ եթե մեր բանակի հրամանատարությունը մարդկանց տանում է ռազմաճակատի որոշ կետերից, որտեղ հակառակորդն ունի կրակի ամենամեծ առավելությունը, մասնավորապես, դա վերաբերում է Լիսիչանսկին, սա նշանակում է միայն մեկ բան` մենք կվերադառնանք մեր մարտավարության շնորհիվ՝ մեծացնելով ժամանակակից զենքի մատակարարումը», - հավելել է նա:

Ու թեև իրավիճակը ռազմի դաշտում հօգուտ ռուսական կողմի է, Ուկրաինայի նախագահը շարունակում է հայտարարել, թե կկարողանան վերադարձնել Դոնբասի ողջ տարածքը։

Վերջին ամիսներին թե՛ նախագահ Պուտինը, թե՛ ռուս բարձրաստիճան զինվորականները հայտարարում են, որ ռազմական գործողություններն ընթանում են ըստ ծրագրածի, և որ իրենց նպատակն է «ազատագրել Դոնբասի ողջ տարածքը և ստեղծել Դոնբասի շուրջ անվտանգության գոտի»։ Ինչ է սա նշանակում, և որտեղ են պատրաստ ռուսական ուժերը կանգ առնել` հայտնի չէ։

Մոսկվայի ու Կիևի միջև բանակցություններ տեղի չեն ունենում։ Մինչ այդ այս գիշեր Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն է իր Twitter-ում գրել այն պայմանները, որոնք Ուկրաինան մտադիր է առաջադրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում։

Պայմանները հետևյալն են՝

. անհապաղ զինադադար

. զորքերի դուրսբերում [Ուկրաինայից]

. գողացված քաղաքացիների վերադարձ

. պատերազմական հանցագործների արտահանձնում

. Փոխհատուցման մեխանիզմ

. [Ուկրաինայի] ինքնիշխան իրավունքների ճանաչում:

Ապրիլին ռուսական կողմի հետ բանակցություններին մասնակցած Պոդոլյակը հավելել է. «Ռուսական կողմը քաջատեղյակ է մեր պայմաններին: Պեսկովի ղեկավարը չպետք է անհանգստանա. կգա ժամանակը, երբ մենք դրանք թղթի վրա կներկայացնենք»:

Իր հերթին Ռուսաստանն էլ հայտարարում է, որ Կիևը ստիպված կլինի վաղ թե ուշ ընդունել Մոսկվայի պայմանները։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ միայն դրանց հետո կողմերի միջև բանակցությունները կվերսկսվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG