Մատչելիության հղումներ

Քննարկում ենք ընդդիմության և նախագահի լիազորությունների մեծացումը Սահմանադրությամբ. Դավիթ Հակոբյան


Սահմանադրության օրվա առթիվ ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, թե կառավարման խորհրդարանական համակարգը պետք է պահպանվի։ Ըստ ամենայնի նկատի ունենալով Զինված ուժերի կողմից իր հրաժարականը պահանջելը, որը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ էր անվանել, վարչապետն այսօր ընդգծել է, թե 2021-ի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը «ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»:

Միաժամանակ Փաշինյանը հիշեցնում է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ է ձևավորել, որը մինչև տարեվերջ պետք է ներկայացնի հայեցակարգի նախագիծ: Խորհուրդը նաև մասնագիտական հանձնաժողով է ընտրել, որի համակարգող, իրավաբան Դավիթ Հակոբյանը ևս կողմ է, որ խորհրդարանական համակարգը պահպանվի:

«Նախնական քննարկումներ կոնկրետ ես խորհրդի անդամների և նաև հանձնաժողովի առանձին անդամների հետ ունեցել եմ և կարող եմ ևս փաստել, որ գերակշռող մոտեցումը խորհրդարանական կառավարման ձևի պահպանումն է», - ասաց նա:

Դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բազմիցս է քննադատել գործող Սահմանադրությունը՝ այն որակելով սուպերվարչապետական, Սերժ Սարգսյանի համար կարված կոստյում, որը նրա իշխանության վերարտադրությանը պիտի ծառայեր։ Դավիթ Հակոբյանն ասում է՝ իշխանության թևերի բալանսավորումը հանձնաժողովի օրակարգում է, որ մեծացվեն ընդդիմության և նախագահի լիազորությունները:

«Օրինակ` մենք ականատես եղանք, և շատ քննադատվեց, կարծես, նաև քննարկվեց, դիտարկվեց քաղհասարակության կողմից օրինակ` դատավորների, որ վերջերս եղան ընտրություններ, իշխանությունը կողմ, զրո ձայնով ընտրեց, միգուցե պետք է դիտարկել` մեծամասնությունն այնքան ձայն չունենա, որպեսզի չկարողանա միանձնյա, առանց ընդդիմության ներգրավման մասնակցել իշխանության այլ թևերի ձևավորմանը կամ կատարել նշանակումներ: Բնականաբար, այո, մենք ունենք հավասարակշռման խնդիր, և հիմնական նպատակներից մեկը, որ աշխատում է հանձնաժողովը, իշխանությունների միջև այդ բալանսը վերականգնելն է որոշակի առումով», - հավելեց նա:

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, ոչ միայն Ազգային ժողովի նիստերն է բոյկոտում, այլև հրաժարվել է բարեփոխումների խորհրդում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին տրված տեղերից։

Դավիթ Հակոբյանն, այնուամենայնիվ, առաջիկայում փորձելու է ընդդիմադիրների հետ հանդիպում կազմակերպել. «Ընդդիմությունը ձևավորեց քննիչ հանձնաժողով, քանի որ ուներ այդ իրավունքը մեկ քառորդով, բայց Սահմանադրությունն ասում է` թվաքանակը պետք է հաստատվի Ազգային ժողովի որոշմամբ, այսինքն` մեծամասնությունը, և իրենց քննիչ հանձնաժողով, ըստ էության... Հենց իրենց շահերից է բխում, և մենք օրինակ` նման հարցերը պետք է շտկենք, որպեսզի փոքրամասնությանը տրվելիք լծակները դառնան իրական և իրագործելի: Եվ ուզում ենք իրենք լսել, օրինակ` իրենք շատ էին, կարծթե թե, դժգոհում, որ 44-օրյա պատերազմի քննությունը պետք է իրականացնի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, այսինքն` հարցեր կան, որ միգուցե այդ քննիչ հանձնաժողովների մեխանիզմը փոխվի Սահմանադրության մեջ:

Մենք ցանկանում ենք իրենց լսել և, բնականաբար, դեռ փորձելու ենք»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ պատճառաբանելով հենց Սահմանադրությամբ բավարար լիազորություններ չունենալը:

«Նախագահը պետք է ունենա հնարավորություն` կատարելու ուղղակի, կամ այդ տարբերակը կներկայացվի, նշանակումներ, օրինակ` Սահմանադրական դատարանի դատավոր, դիտարկում ենք նախագահին նաև, ինչու չէ, վետոյի իրավունք, այսինքն` ոչ միայն ունենա հնարավորություն` օրենքը ուղարկել ՍԴ կամ առարկություններ եթե գտնում է, ենթադրենք, որ առկա է հակասություն սահմանադրականության հետ... այլ նաև թեկուզ այլ նկատառումներով` քաղաքական, քանի որ նա առաջնորդվում է համապետական, համազգային շահերով, նա գտնի, որ այս օրենքում կա նման խնդիր և հետ ուղարկի այդ օրենքը պառլամենտ», - ասաց Դավիթ Հակոբյանը:

Գործող նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնը ստանձնելիս չէր համաձայնել հեռացող Արմեն Սարգսյանի հետ, թե նախագահը չունի զսպող լիազորություններ, որ սա խորհրդարանական պետություն է միայն ձևով, ոչ բովանդակությամբ:

Այսօրվա ուղերձում նախագահն ընդգծել է, որ Սահմանադրությունն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա առթիվ նախագահականում հանձնվեցին բարձր կոչումներ։ Քննչական կոմիտեի նախագահ 31-ամյա Արգիշտի Քյարամյանը ստացավ արդարադատության բարձրագույն՝ երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան։ Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Սամվել Հայրապետյանին և ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանին, որը ոստիկանության գործողություններն էր համակարգում ընդդիմության ցույցերի օրերին, շնորհվեցին գեներալ-մայորի կոչումներ։

XS
SM
MD
LG