Մատչելիության հղումներ

«Կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն». Եղիշե Կիրակոսյան


Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյան

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին չի կաշկանդում վարչապետի այսօրվա հայտարարությունը, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։

Խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն է հայտնել, բայց սահմանադրական բարեփոխումների խորհրդում և մասնագիտական հանձնաժողովում կառավարման ձևի մասին քննարկումները շարունակվում են. - «Որովհետև ունենք խորհրդի անդամներ և հանձնաժողովի անդամներ, ովքեր որ, օրինակ, բարձրացնում են նաև կառավարման ձևի քննարկման հարցը։ Նպատակահարմա՞ր է պահպանել կառավարման համակարգի պառլամենտական ձևը, թե՞ պետք է փոխենք նախագահական։ Չեմ կարծում, թե դա կաշկանդել է։ Ամեն դեպքում, ես պահի դրությամբ անձամբ ես էլ եմ կարծում, որ կառավարման ձևի հաճախակի փոփոխությունը ինքը ռիսկային է ամեն դեպքում՝ չնայած որ կարող ենք անհամաձայն լինել շատ հարցերի հետ։ Բայց ես արդեն իմ ելույթում էլ արդեն ասեցի, որ կառավարման խնդիրների լուծումները պարտադիր չի, որ հենց կառավարման ձևի փոփոխությամբ արվեն»։

Տիգրան Եգորյան
Տիգրան Եգորյան

Նույն տեսակետը հայտնեց խորհրդի անդամ, «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը. - «Խորհուրդը պետք է քննարկի, հանձնաժողովը պետք է մասնագիտական պրպտումների, աշխատանքի և քննարկումների միջոցով բացահայտի պրոբլեմները, տրամադրի դրանց լուծման հնարավոր տարբերակները, խորհուրդը ևս քննարկի դրանք, և ներկայացնի։ Եթե կլինեն լավ լուծումներ, իսկ լավ լուծումներ չեն կարող չլինել, ապա պետք է քաղաքական ուժերը քննարկեն դա, այդ թվում նաև՝ վարչապետը և իր կողմից ղեկավարվող քաղաքական ուժը»։

Վերջին երկու տարվա ընթացքում սա Փաշինյանի կառավարության՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու երկրորդ փորձն է։ Նման մի հանձնաժողով ստեղծվել էր նաև 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային խնդիրներից մեկը կառավարման համակարգի հարցն է։

Ընդ որում՝ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելը որդեգրեց 2015-ին փոփոխված Սահմանադրությամբ, որը լիարժեքորեն ուժի մեջ մտավ 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը։

Արդեն կես տարի գործող սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որ կառավարման մոդելի վերաբերյալ դեռ չունի հստակ մոտեցում, այժմ սպասում է մասնագիտական հանձնաժողովի դիրքորոշմանը։

Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է՝ խորհրդարանական մոդելով էլ հնարավոր կլինի լուծել իշխանության տարանջատման խնդիրները. - «Վստահ եմ, որ եթե որոշում ենք մնալ պառլամենտականի մեջ, հաստատ շատ-շատ-շատ հարցեր, որոնք վերաբերում են իշխանությունների տարանջատման, հավասարակշռման հարցերին, ամեն դեպքում պետք է դրանց անդրադարձ կատարվի»։

Կիրակոսյանն ասում է՝ քննարկել են իշխանության տարանջատման այնպիսի մոդել, որը կբացառի սուպերվարչապետական համակարգը. - «Նաև հանձնաժողովի նախագահը դրա մասին նշեց, որ այս հարցը լինելու է խորհրդի և հանձնաժողովի քննարկման ուշադրության կենտրոնում։ Դա ի նկատի ունեի, որ քննարկվի իշխանությունների տարանջատման և հավասարակշռման մոդելներ։ Կվերաբերի պառլամենտական վերահսկողության ուժեղացմանը միգուցե, կվերաբերի ապակենտրոնացմանը գործադիրի մեջ մի փոքր, կվերաբերի միգուցե նախագահի լիազորությունների որոշակի ուժեղացմանը կամ վերաիմաստավորմանը... էդ բոլորը, կարծում եմ, կնպաստեն էդ սուպերվարչապետական համակարգի բալանսավորմանը»։

Իր հերթին, խորհրդի մյուս անդամ Տիգրան Եգորյանն ընդգծում է՝ սուպերվարչապետական մոդելն ամրագրած այսօրվա Սահմանադրությունը պետք է փոփոխել, և կարևոր չէ, թե ինչ համակարգ կլինի, էականը մարդու իրավունքների ու ազատությունների և ժողովրդավարական կառավարման լուծումներն են։ Պետք է զարգացնել քաղաքական համակարգը. - «Դա չի կարող հաղթահարվել միայն Սահմանադրության տեքստում ինչ-որ մի բան փոփոխելով՝ եթե մենք չկարողանանք զարգացնել էդ ինստիտուտները։ Ասենք, եթե մենք չկարողանանք ունենալ ընդդիմադիր լուրջ ֆունկցիաներ իրականացնող խումբ, մարդկանց միավորում, որը կանվանվի կուսակցություն, մենք ինչ էլ գրենք, հնարավոր չի լինի դա իրագործել, կմնա թղթի վրա»։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նախագահում է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Այն մինչև տարեվերջ նախ պետք է հաստատի հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ներկայացնի վարչապետի աշխատակազմին: Ապա մինչև 2023 թվականի հունիսի 30-ը պետք է հաստատի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և կրկին ներկայացնի վարչապետի աշխատակազմին։

Կես տարվա քննարկումներից հետո խորհուրդը դեռ փոփոխությունների հստակ ուրվագծած լուծումներ չունի։

XS
SM
MD
LG