Մատչելիության հղումներ

Սաղաթելյանին պաշտոնանկ անելով՝ ՔՊ-ն փորձում է ամրապնդել սեփական իշխանությունը․ Գեղամ Մանուկյան


Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է ամրապնդել սեփական իշխանությունը, կարծում է դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երեկ երեկոյան հաղոդվեց, որ իշխող խմբակցությունը որոշել է ընդդիմադիր առաջնորդին հեռացնել Ազգային ժողովի փոխխոսնակի, Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից՝ պարտականությունները չկատարելու հիմքով։ Թե երբ է նախագիծը բերվելու քվեարկության, հստակ չէ։

«Սեփական իշխանությունն ամրապնդելու ցանկացած «ոչ հաջող անձի» իշխանությունից հեռացնելու, թեկուզ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված, իշխանական պաշտոններից հեռացնելու մոլուցք, որը շատ սովորական է և հատուկ է նրանց», - ասաց Մանուկյանը։

Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան
Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները մոտ երկու ամիս է՝ նիստերին չեն մասնակցում, ապրիլից փողոցային պայքար էին սկսել՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Թեև ցույցերի ակտիվ փուլն ավարտվել է, սակայն, ընդդիմադիրները շարունակում են պնդել՝ Ագզային ժողով կվերադառնան միայն իրենց օրակարգով։

«Եթե հանկարծ փոփոխություն լինի, պայմանական կարամ ասեմ փոփոխություն լինի, իսկ մենք մեր դիրքորոշման տերն ենք, դրա մասին անպայման կտեղեկացնենք», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմության հանրահավաքը Երևանում, 20-ը հունիսի, 2022թ․
Ընդդիմության հանրահավաքը Երևանում, 20-ը հունիսի, 2022թ․

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։ Շաբաթներ առաջ Ազգային ժողովից «Ազատությանը» փոխանցել էին, որ նրանցից միայն Վահե Հակոբյանն է գերազանցել բացակայությունների թույլատրելի սահմանը։ Ինչ է փոխվել այս ընթացքում, և հնարավոր է, որ մյուս հանձնաժողովների ղեկավարների՝ Արմեն Գևորգյանի ու Թագուհի Թովմասյանի հարցն էլ քննարկվի, առայժմ իշխող ուժից չեն հստակեցնում։

Ծովինար Վարդանյանն «Ազատությանն» ասաց՝ առայժմ միայն Սաղաթելյանի ու Հակոբյանի հարցն են քննարկել և այլ մեկնաբանություն չտվեց։

Ծովինար Վարդանյան
Ծովինար Վարդանյան

Ըստ Ազգային ժողովի կանոնակարգի, վերջիններիս պաշտոնանկ անելու համար նախ նախագիծը պիտի դրվի քննարկման, ապա՝ փակ քվեարկության։ Թե՛ Սաղաթելյանի, թե՛ Հակոբյանի դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» փաստացի ունի բավարար ձայներ՝ միանձնյա որոշում կայացնելու համար։

Ընդդիմությունից դեռ չեն հստակեցնում՝ արդյոք մտադիր են նոր թեկնածուներ առաջադրել։ Գեղամ Մանուկյանն ասաց՝ երբ նախաձեռնությունը բերվի խորհրդարան, այն ժամանակ էլ իրենց քայլերը կներկայացնեն։ Առայժմ հստակ չէ նաև՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիրը» էլ ավելի հեռուն կգնա և կորոշի նաև մանդատից զրկել ընդդիմադիրներին, որոնց բացակայությունները գերազանցել են Ազգային ժողովի կանակարգով սահմանված շեմը։

Ավելի վաղ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատությանն» ասել էր՝ ինքը տրամադրված է այս հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին։ Երեկ իշխող ուժը նաև այս հարցն է քննարկել, թե ինչ է որոշվել, «Քաղաքացիական պայմանագրից» դեռ չեն հստակեցնում։

XS
SM
MD
LG