Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարում են՝ չեն մասնակցի այս շաբաթվա նիստերին, մեկնում են Արցախ


Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են, որ չեն մասնակցելու Ազգային ժողովի այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մեկնում են Արցախ։ Այս մասին Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նշելով, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ Օհանյանն ընդգծեց՝ իրենց համար սակարկելի չեն Հայաստանի անկախության հռչակագրում նշված դրույթները՝ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։

Նա նաև անընդունելի համարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Մեղադրելով Հայաստանի իշխանություններին ներքին և արտաքին խնդիրները լուծելու անկարողության մեջ՝ Օհանյանը շեշտեց՝ ամեն ինչ ընթանում է ադրբեջանաթուրքական օրակարգով։

«Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին պատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ շարունակելով․ - «Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր, որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման։ Լինելու ենք այնտեղ, որտեղ որ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է և, վերահաստատելով մեր դիրքորոշումը` Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ տեղադրում ենք Արցախի Հանրապետության դրոշը։ Պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը» , - հայտարարեց Օհանյանն՝ Արցախի դրոշը ամրացնելով ԱԺ ամբիոնին։

Հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

Արձագանքելով Օհանյանին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանն ընդդիմադիրներին մեղադրեց իրավիճակին չտիրապետելու մեջ։

«Մարդիկ, ովքեր մինչև այժմ չեն հասկացել, որ Արցախի դրոշը ԱԺ ամիբոնից կախելով, նրանք Արցախը չեն պաշտպանում, մարդիկ, ովքեր մինչև այժմ չեն հասկացել, որ 20-30 տարի լինելով իշխանություն չեն պատկերացրել, թե ինչպես պետք է պաշտպանել Արցախը, փորձում են էժանագին քաղաքական դիվիդենտներ ապահովել», - ասաց իշխանական խմբակցության պատգամավորը՝ շարունակելով․ - «Նրանք հիմա մեկնում են Արցախ՝ վտանգելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG