Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը խորհրդարան չի վերադառնում


Ընդդիմությունը վաղվանից հեռացնելու է վրանները Ֆրանսիայի հրապարակից: Այս մասին հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ վերադառնալու են խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ո՛չ, բացարձակ: Խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, ամեն առավոտ հո դրա մասին պետք է չհայտարարեմ, խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»:

Արձագանքելով իշխանության դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ դեպքում չեն հրաժարվում մանդատներից, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այդ մանդատն իրենց հոր տնից մեզ չեն տվել, այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, իսկ այսօր ժողովուրդը պահանջում է, որ օր առաջ իրենց հեռացնենք, այսօր ժողովրդի մանդատն ու օրակարգն այստեղ է, ոչ թե խորհրդարանում: Երբ որ դա տարանք խորհրդարան, իրենք խորհրդարանից փախան»:

«Ազատության» մյուս հարցին, թե հնարավոր չէ՞ վաղը գնալ և թելադրել իրենց օրակարգը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Հարցուպատասխանն այլևս շոու է և մեր օրակարգի հետ կապ չունի»:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։ Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

XS
SM
MD
LG