Մատչելիության հղումներ

Բայդենը կոչ է արել երեք ամսով կասեցնել բենզինի հարկը գնաճը զսպելու համար


Թեև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վառելիքի գների ռեկորդային բարձրացման դեմ պայքարելու նպատակով կոչ է արել երեք ամսով կասեցնել բենզինի դաշնային հարկը, փորձագետները և վարորդները դրական ակնկալիքներ չունեն, իսկ ԱՄՆ-ի օրենսդիրների, այդ թվում՝ նախագահ Բայդենի դեմոկրատ կուսակիցների ակնհայտ դիմադրությունը հուշում է, որ նախագահի խնդրանքը կարող է առհասարակ չբավարարվել:

Մինչ Բազմաթիվ ամերիկացիներ պատրաստվում են ամառային արձակուրդներին, Միացյալ Նահանգներում բենզինի և դիզվառելիքի գների ռեկորդային թանկացումների հետ աճում է նաև հիասթափության ալիքը:

«Մեքենաս ամբողջությամբ լիցքավորելու փոխարեն ես այժմ կեսն եմ լիցքավորում, մինչև ավելի էժան լցակայան գտնեմ», - նշել է վարորոդ Քեիթ Հեմսոնը:

Չորեքշաբթի օրը Ջո Բայդենը կոչ էր արել կոնգրեսին երեք ամսով կասեցնել բենզինի դաշնային հարկը՝ փորձելով թեթևացնել սպառողների վրա ծանրացած ծախսերը, թեև նախագահն ընդգծել է, որ միայն մեկ գալոն վառելիքի համար 18,8 ցենտ հարկի կասեցումը բավարար չէ:

«Ես լիովին հասկանում եմ, որ միայն հարկայի արձակուրդով խնդիրն ամբողջությամբ չի լուծվի, բայց այն անմիջական օգնություն կլինի ընտանիքի համար, փոքր-ինչ կթեթևացնի նրանց հոգսը, մինչ մենք շարունակում ենք աշխատել գների իջեցման համար երկարաժամկետ լուծումներ գտնելու ուղղությամբ», - նշել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը կոչ է արել նաև նահանգային իշխանություններին ժամանակավորապես դադարեցնել նահանգների կողմից կիրառվող հարկը, որը հաճախ գերազանցում է դաշնային հարկի դրույքաչափը: Նյու Յորք և Կոնեկտիկուտ նահանգներն արդեն հետևել են նախագահ Բայդենի կոչին, մինչդեռ այլ նահանգներ առաջարկել են այնպիսի լուծումներ, ինչպիսիք են սպառողական զեղչերն ու ֆինանսական օգնությունը:

Բայդենը հորդորել է նաև վառելիք մատակարարող ընկերություններին իջեցնել գները. «Դիմում եմ այն ընկերություններին, որոնք գազալցակայաններ են աշխատեցնում և սահմանում վառելիքի գները, մենք պատերազմական ժամանակներում ենք ապրում, աշխարհը վտանգված է, Ուկրաինան, նորմալ ժամանակներ չեն, իջեցրեք բենզալցակայաններում գանձվող գինն այնքան, որ այն արտացոլի ձեր կողմից ապրանքի համար վճարվող գինը»:

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների ցուցաբերած դիմադրությունը ենթադրում է, որ Բայդենի խնդրանքը դժվար թե բավարարվի: Դեմոկրատները, այդ թվում՝ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մտահոգված է, որ առաջարկված քայլը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ գների վրա, եթե վառելիքային ընկերությունները և մանրածախ առևտրով զբաղվողները գրպանեն խնայողությունների զգալի մասը:

«Շորք գրուպ» ընկերության վերլուծաբան Սթիվեն Շորքը ևս թերահավատ է. ըստ նրա, անգամ նահանգային հարկերի կասեցումն է հղի վտանգներով. «Դա նրանց շահույթի մեծ մասն է, քանի որ Միացյալ Նահանգներում միջին նահանգային հարկը մեկ գալոն բենզինի համար 57 ցենտ է, որը 18 ցենտով ավելի է, քան դաշնային հարկը: Այսպիսով՝ եթե նահանգները հարկային արձակուրդ սահմանեն միջինացված 57 ցենտի չափով, դա զգալի ազդեցություն կունենա: Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ դա ընդամենը կարճաժամկետ հեռանկարում կազդի պահանջարկի վրա, բայց հետագայում ավելի մեծ խնդիրներ կառաջացնի»:

Նախագահ Բայդենն ընդգծել է, որ ներկայումս աշխատում է խոշոր վառելիքային ընկերությունների հետ՝ համավարակի ընթացքում փակված նավթավերամշակման գործարանները վերագործարկելու ուղղությամբ՝ հակազդելով հանրապետականների քննադատությանն առ այն, որ նա խոչընդոտել է նավթարդյունաբերող ընկերությունների աշխատանքին:

Ըստ Բայդենի վարչակազմի, ռեկորդային գնաճը սրվել է հիմնականում փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, ինչպես նաև նավթային ընկերությունների պատճառով, որոնք մեծ շահույթ են ստանում բենզինի պահանջարկի աճի ժամանակ, երբ համավարակի վատթարագույն փուլը թվում է, թե անցյալում է:

Նավթային ընկերությունները դժգոհում են՝ պնդելով, որ Սպիտակ տունն անարդարացիորեն է քննադատում ոլորտի ներկայացուցիչներին:

XS
SM
MD
LG