Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «Ռուսաստանն այս շաբաթ կսաստկացնի գրոհները»


Չպայթած հրթիռը, Լիսիչանսկ, Ուկրաինա

Ազդանշան ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային

Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի 117-րդ օրն է:

Անցած գիշեր նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե մեկնարկող շաբաթվա ընթացքում, երբ ակնկալվում է Ուկրաինային Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու մասին որոշումը, ռուսներն, ամենայն հավանականությամբ, կսաստկացնեն գրոհները:

«Բնական է, որ Ռուսաստանն իբրև հատուկ ազդանշան կթեժացնի հարձակումները, և դա ազդանշան է ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ Եվրոպային, մենք պատրաստվում ենք, մենք պատրաստ ենք»,- ասել է նախագահը:

Ուկրաինան պաշտոնական հայտը ներկայացրել է փետրվարի 24-ին սկված պատերազմից չորս օր անց: Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը եզրակացրել է, որ Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան արժանի են անդամի թեկնածուի կարգավիճակին:

Ըստ վերլուծաբանների, եվրոպացիների դրական որոշումը կլինի աշխարհաքաղաքական ամենադրամատիկ և ազդեցիկ տեղաշարժը պատերազմի սկզից ի վեր:

«Մեկնարկում է հիրավի պատմական շաբաթ, երբ մենք կլսենք Եվրամիության պատասխանը թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, մենք արդեն ստացել ենք գրեթե դրական արձագանք և սպասում ենք»,- ասել է Զելենսկին:

Բուն ռազմաճակատից ստացված հաղորդագրությունների համաձայն, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգն Օդեսայի շրջանում կասեցրել է ռուսների գրոհը:

«Կատաղի մարտեր են Դոնբասում, որտեղ ռուսները կիրառում են իրենց հրետանու ամբողջ կարողությունը և մարտի են ուղարկում հարձակողական ուժերի մեծ մասը, բայց Սևերոդոնեցկում, Լիսիչանսկում, Ավդեևկայում, Կրասնոհորիվկայում և այլ թեժ կետերում մեր մարդիկ դեռ դիմադրում են, և ես երախտապարտ եմ յուրաքանչյուրին, որի այսօրվա տոկունությունը վաղվա հաղթանակի հաղթանակի գրավականն է»,- ասել է Զելենսկին:

Ուկրաինան ցանկանում է միանալ Երեք ծովերի ծրագրին

Այսօր Ուկրաինայի ղեկավարը տեսակապով դիմել է նաև «Երեք ծովեր» նախաձեռնության գագաթնաժողովին, որը գումարվել է Լատվիայում: Այդ նախաձեռնությանը միացել են Սև, Բալթյան և Ադրիատիկ ծովերի առափնյա երկրները:

«Ուկրաինան պետք է միանա «Երեք ծովերի» նախաձեռնությանը: Արդար չէ, որ մեր երկիրը դուրս մնա այս հրաշալի ծրագրից: Բացեք քարտեզը և կհամոզվեք, որ միայն Ուկրաինան կարող է միավորել մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական, ենթակառուցվածքային կարողությունները, մեր երկրների, մեր ժողովուրդների սոցիալական, պատմական փոխհարաբերությունները և ամբողջական առումով բոլորին կապել ազատ աշխարհի հետ»,- ասել է Զելենսկին:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել է, որ «Երեք ծովերի» նախաձեռնության երկրներն Ուկրաինային այժմ տալիս են գործընկեր-պետության կարգավիճակ:

Ռուսները պնդում են, որ ուկրաինացի հինգ տասնյակ գեներալների են ոչնչացրել

Մինչդեռ, Մոսկվան հայտնում է ուկրաինացիներին հերթական ծանր հարվածը հասցնելու մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ, Դնեպրոպետրովսկի շրջանում ռուսական ուժերը «Կալիբր» տեսակի ճշգրիտ հթիռներով հարվածել են մի կարևոր հրամանատարական կենտրոնի:

«Գրոհի հետևանքով ոչնչացվել են ուկրաինական զինված ուժերի ավելի քան 50 գեներալներ և սպաներ, այդ թվում` գլխավոր շտաբից»,- հայտնել է Կոնաշենկովը:

Այդուհանդերձ, ուկրաինական կողմը պնդում է, թե չնայած սաստիկ գրոհներին, ռուսները մարտավարական առումով առանձնապես լուրջ նվաճումներ ռազմաճակատի այդ հատվածում չեն ապահովել: Այդ մասին ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնական Դենիս Մոնաստիրսկին:

Ուկրաինացիները հարվածել են սևծովյան գազային պլատֆորմներին

Այսօր առավոտյան ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Սև ծովում ռուսների կողմից ուկրաինացիներից զավթված գազարդյունահանող հորատման պլատֆորմներին, որոնք հիմա պատկանում են «Չերնոմորսկնեֆտեգազ» ընկերությանը:

«Թշնամին առավոտյան մոտավորապես ժամը 8-ին մեր պլատֆորմներին է խփել»,- հայտնել է բռնազավթված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսենովը:

Նրա խոսքով, հարվածի պահին պլատֆորներում 12 մարդ է եղել, 5-ին փրկել են, 3-ը վիրավոր են, մնացածների վիճակի մասին տեղեկություն չկա, որոնումները շարունակվում են:

Կիևը չի մեկնաբանում այս լուրը: Ռուսները 2014-ին են գրավել Օդեսայից 100 և Ղրիմից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող երկու պլատֆորմները, որոնք օգտագործվել են նաև էլեկտրոնային հետախուզության միջոցով մակերևութային իրավիճակը վերահսկելու համար:

Կալինինգրադի խնդիրը՝ նոր լարվածության առիթ

Իսկ այս ընթացքում ուրվագծվում է մտահոգիչ մեկ այլ զարգացում: Լիտվան արգելել է Ռուսաստանից Կալինինգրադի առանձնատարածք պատժամիջոցների ցանկում հայտնված ապրանքի տարանցիկ փոխադրումը: Ռուսները սպառնացել են ամենակոշտ պատասխանով:

«Այդ որոշումն աննախադեպ է, հակասում է բոլոր օրենքներին, մենք այն ապօրինի ենք համարում, իրավիճակն առավել քան լուրջ է, մենք ամենայն ուշադրությամբ սա կվերլուծենք և առաջիկա օրերին կտանք պատասխանը»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Լիտվայի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ պատժամիջոցների տակ չգտնվող ուղևորների և բեռների փոխադրումը Ռուսաստանի մայր տարածքից Կալինինգրադի մարզ՝ Լիտվայի տարածքով շարունակվում է բնականոն ռեժիմով:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG