Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային ու Մոլդովային ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել, Վրաստանին` դեռ ոչ


Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Վրաստանին` դեռ ոչ, նախ բարեփոխումներ, ապա կարգավիճակ. նման եզրակացության է եկել Եվրամիության գործադիր մարմինը։ Ռուսաստանի հետ հակամարտող Ուկրաինան, տասնամյակներով ռուսական ռազմական ներկայության հարևանությամբ գոյատևող Մոլդովան, 2008-ին Մոսկվայի ագրեսիայի զոհը դարձած Վրաստանը Եվրամիությանն անդամակցության հայտ են ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։

«Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ Ուկրաինային տալ եվրոպական հեռանկար, ապա շնորհել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ, իհարկե ընդունելով, որ երկիրը կիրականացնի որոշ կարևոր բարեփոխումներ օրենդրության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում»,- այսօր Բրյուսելում հրապարակելով Եվրամիության գործադիր մարմնի որոշումը` հայտարարել է կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Ուկրաինացիները պատրաստ են զոհվել» եվրոպական հեռանկարի համար, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք ապրեն մեզ հետ՝ եվրոպական երազանքում», - հավելել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Բրյուսելը կողմ է եվրոպական երազանքում տեղ հատկացնել նաև Մոլդովային՝ թեկնածուի կարգավիճակ շնորհելով այդ երկրին ևս։ «Մոլդովան գնում է բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և եվրաինտեգրման ճանապարհով», - շեշտել է ֆոն դեր Լյայենը` հիշեցնելով, որ Մոլդովայի մոտ երկուսուկես միլիոնանոց բնակչության մեծ մասը իր քվեն տվել է եվրոպամետ քաղաքական ուժին։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Եվրահանձնաժողովն առաջարկում է նախ ճանաչել այդ երկրի եվրոպական հեռանկարը, իսկ նախքան թեկնածուի կարգավիճակ տրամադրելը, ինչպես ընդգծվում է, Թբիլիսին պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի։ Ֆոն դեր Լյայենի կարծիքով` նման որոշումն արդեն «հսկայական քայլ է» Վրաստանի համար եվրաինտեգրման տեսանկյունից։

«Եվրամիության դռները լայնորեն բաց են։ Այժմ ամեն ինչ կախված է Վրաստանից, որը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի հետագա առաջընթացի համար։ Երկիրը, քաղաքական գործիչները պետք է համախմբվեն», - հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը։

Բրյուսելը Թբիլիսիից նաև «ապաօլիգարխացում» է պահանջում, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական փաստաթղթում։ Դաշինքի գործադիր մարմինը պնդում է՝ Վրաստանի իշխանությունները պետք է վերացնեն «տնտեսական, հանրային և քաղաքական կյանքում չափազանց մեծ շահադիտական ազդեցությունը»։

Եվրամիությանն անդամակցել ցանկացող երեք հետխորհրդային երկրներին էլ Եվրահանձնաժողովը բարեփոխումների ցանկ է ներկայացրել՝ Ուկրաինային յոթ կետից բաղկացած, Մոլդովային՝ ինը, Վրաստանից պահանջվում է տասներկու կետից բաղկացած տնային աշխատանք կատարել։ Եվրահանձնաժողովի պատմական որոշումները քննարկման կդրվեն հաջորդ շաբաթ դաշինքի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։ Այդ առաջարկների հաստատման համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ 27 երկրների համաձայնությունը։

Եվրամիության գործադիր մարմնի հանձնարարականը տեխնիկական փաստաթուղթ է, որն, ըստ էության, նկարագրում է հռչակված չափանիշներին համապատասխան առաջադրվելու երկրի պատրաստակամությունը։ Անդամակցության երկար ու բարդ ճանապարհին թեկնածուները պետք է իրենց երկրները համապատասխանեցնեն այսպես կոչված` «կոպենհագենյան չափանիշներին»․ սա ենթադրում է լայնածավալ բարեփոխումներ, որոնց նպատակը կոռուպցիայի վերացումն է, լիակատար ժողովրդավարության հաստատումը, մամուլի ազատության, մարդու իրավունքների ապահովումը։ Պարտադիր պահանջներից մեկն էլ բաց շուկայական մրցակցային տնտեսությունն է: Ֆինլանդիան, օրինակ, դաշինքի անդամակցության ճանապարհն անցել է ընդամենը երեք տարում, մինչդեռ Թուրքիան բանակցությունները սկսել է 2005 թվականին, բայց անդամակցության հեռանկար այսօր էլ չի ուրվագծվում:

Տարիներ ի վեր դաշինքի անդամ երկրի պաշտոնական թեկնածուներ են նաև բալկանյան մի շարք պետություններ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Սերբիան, Չեռնոգորիան, որոնց առաջ ևս Բրյուսելը չի շտապում իր դռները բացել` պատճառաբանելով բարեփոխումների հարցում անհրաժեշտ առաջընթացի բացակայությունը։ 1950 թվականին Եվրամիության հիմնադրման առաջին իսկ օրերից դաշինքը շարունակաբար ընդլայնվել է` առաջնորդվելով այն գաղափարով, որ ազգերի միջև տնտեսական և քաղաքական ինտեգրումը ընդհանուր բարգավաճման և խաղաղության խթանման լավագույն միջոցն է: Այս մոտեցումը ճանապարհ հարթեց 1999 թվականին եվրոյի արժույթի ստեղծման և 2004 թվականին 10 նոր անդամ երկրների համալրման համար, որոնց մեծ մասը արևելաեվրոպական հետխորհրդային երկրներն են։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG