Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բազմաթիվ սխալներ է թույլ տվել․ քաղաքական մեկնաբաններ


Ընդդիմության շարժման հրապարակայնորեն բարձրաձայնված նպատակներից որևէ մեկը կարծես թե չի իրականացել, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի կարծիքով՝ ընդդիմությունն էլ շատ լավ պատկերացնում էր փողոցային այդպիսի մեթոդաբանությամբ իշխանափոխության հասնելու անհնարինությունը՝ առաջին հերթին հենց հանրային բավարար աջակցության բացակայաության պատճառով։

«Փողոցում մենք տեսնում էինք ոչ միայն ընդդիմություն-իշխանություն պայքարի, այսպես ասենք, տրամաբանություն և գործընթաց, այլ նաև ներընդդիմադիր տարբեր մոտեցումների և տարբեր հավակնությունների դրսևորում, և որոշակիորեն նաև մրցակցություն՝ չնայած մեկ ձևաչափի մեջ գործընթացներին։ Կարծում ենք կային արտաքին որոշակի շարժառիթներ և մոտիվներ», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Հայաստանյան ներկայիս ընդդիմությունը պարզապես չի հասկացել, թե ինչպես են տեղի ունենում իշխանափոխությունները, հեղափոխությունները, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ շեշտելով՝ ընդդիմությունն իր քայլերում բազմաթիվ սխալներ է թույլ տվել։

«Նրանք վերցրել են այդ գործընթացի միայն մի կոմպոնենտը՝ տեխնոլոգիաները։ Ակնհայտ էր, որ միայն տեխնոլոգիաներով հաջողության հասնելը բավականին դժվար է լինելու։ Երկրորդ սխալը, որ նրանք թույլ են տվել, դա այն ժամանակահատվածն է, որ նրանք որոշել են սկսել այդ շարժումը․ այն հանգամանքը, որ նրանք ընտրել են Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը որպես իրենց շարժման սկիզբ առնելու ժամանակահատված, կածում եմ, սխալ է եղել, որովհետև, եթե դու խոսում ես ինչ-որ արհավիրքների մասին, սակայն այդ արհավիրքները նույնիսկ տեսականորեն մոտ ապագայում դժվար թե ինչ-որ կերպ իրականանան, պարզ է, որ ինչ-որ լուրջ հասարակական մոբիլիզացիայի չես կորողանալու հասնել։ Ընդհանուր առմամբ, իհարկե բազմաթիվ սխալներ են թույլ տվել և բազմաթիվ, օրինակ, ոչ պոպուլյար դեմքերի հանրային դաշտում երևալը, որոնք ի սկազբանե պիտի վանեին նույնիսկ այն մարդկանց, որոնք կարող էին հակված լինել միանալ այդ շարժմանը», - ասաց Գրիգորյանը։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու մասին ընդդիմության հայտարարությունը, ըստ քաղաքագետի, երես փրկելու եղանակ էր։ «Իրենք վաղուց երևի հասկանում էին, որ շարժումը լճացման մեջ է գտնվում և որևէ լուրջ զարգացումներ տեղի չեն ունենալու, և պարզապես այս հայտարարությամբ փորձել են իրենց երեսը փրկելու միջոցով դուրս գալ այս գործընթացից և այլ գործընթացների մեջ մտնել», - ասաց Տիգրան Գրիգորյանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմությունը անցած շաբաթասկզբին բացեց Ֆրանսիայի հրապարակը, որը փակ էր մոտ 1,5 ամիս: Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելուց հետո ընդդիմությունը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը շարունակում է մնալ իրենց գլխավոր օրակարգը, որի ճանապարհին կիրառելու են նաև նոր գործիք՝ իմպիչմենտի նախաձեռնություն։

Ընդդիմությունը պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG