Մատչելիության հղումներ

«Իշխանափոխության հասնելու գլխավոր խնդիրը մնում է չլուծված»․ ընդդիմությունը մարտավարություն է փոխում


Իշխանափոխության հասնելու գլխավոր խնդիրը մնում է չլուծված, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Դիմադրության շարժման ղեկավարներից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ շեշտելով՝ անհրաժեշտ է շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության փոփոխություն։

Սաղաթելյանը մանրամասնեց՝ շարժումը պետք է տարածել Հայաստանով մեկ, ստեղծել մարզային կառույցներ, ինչպես նաև շարժումներ ձևավորել Արցախում և Սփյուռքում, պայքարն ավելի ընդլայնելով` «հասնել ծրագրի վերջնական հաղթնակի»։

«Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը շարունակում է մնալ մեր գլխավոր օրակարգը, բայց օգոստոսից հետո այդ գործիքակազմին ավելանում է ևս մեկը՝ պաշտոնանկության գործընթաց», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Բոլոր խոսակցությունները՝ շարժումը դադար վերցնելու, հետքայլի, դրանք ընդամենը խոսակցություններ են։ Մենք ունենք ոչ թե շարժումը դադար վերցնելու, այլ ընդլայնելու ծրագիր, և աշխատանքներն ամբողջությամբ ընթանում են»։

Իսկ թե ով կլինի վարչապետի իրենց թեկնածուն, Սաղաթելյանի խոսքով, նման քննարկում տեղի չի ունեցել, այս պահին իրենց օրակարգը դա չէ։

Խոսելով շարժման ձեռքբերումներից՝ ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ իրավիճակ փոխվեց՝ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։

Խրհրդարանի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որ գրեթե երկու ամիս փողոցում վարչապետի հրաժարական էին պահանջում, նախօրեին հայտարարեցին՝ որոշել են վերափոխել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը և հավաքելու են Ֆրանսիայի հրապարակում մայիսի սկզբից տեղադրված վրանները։ Երեկ վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակն արդեն բաց էր, վրաններն՝ ապամոնտաժված, երթևեկությունը՝ վերականգնված: Ազգային ժողովի իշխող խմբակցությունը հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմությունը դեֆոլտի մեջ է և չի կարողանում սպասարկել իր պարտականությունները ոչ մի ոլորտում։

Ընդդիմությունը, հիշեցնենք, պայքարը սկսել է Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի, ընդդիմությունը փորձում էր արցախյան հարցն, Արցախն օգտագործել՝ իշխանությունը վերստին զավթելու համար՝ շեշտելով՝ ընդդիմության այս «փրկչական» առաքելությունը, որի տակ թաքնված էր Արցախի միջոցով իշխանություն զավթելը, կատարելապես ձախողվել է։

XS
SM
MD
LG