Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան - Դաշնակցություն եռյակը փաստորեն Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանի կազմ. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարյալ սուտ է որակում նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմության պնդումները, թե իրենց պաշտոնավարման տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով:

«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով», - հայտարարեց նա։

Իր պնդումն ապացուցելու համար Փաշինյանը դրվագներ էր ներկայացնում Քոչարյանի և Սարգսյանի օրոք բանակցված փաստաթղթերից։ Օրինակ, ըստ 1998-ի «Ընդհանուր պետության» առաջարկի, Արցախը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում էր մնալու, իսկ ղարաբաղցիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով. - «Այս մասին բնականաբար իմացել են Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ Դաշնակցությունը: Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Իսկ արդեն Քոչարյանի պաշտոնավարման ավարտին շրջանառության մեջ դրված ու Սերժ Սարգսյանին փոխանցված Մադրիդյան սկզբունքներով, ըստ Փաշինյանի, բացառվել է Ղարաբաղի Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն, քանի որ Երևանը համաձայնել էր Արցախի կարգավիճակը որոշել հանրաքվեով. - «Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան - Դաշնակցություն եռյակը փաստորեն Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանի կազմ, որովհետև ասել են, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն Արցախի կարգավիճակը չի որոշել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը այդ հանրաքվեով անկախություն չի ստացել, կարգավիճակ չի ստացել, և այդ կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով»։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը հարցնում է՝ 2018-ին իշխանության գալուց հետո այս ամենը չի՞ իմացել Փաշինյանը. - «Էդ ժամանակ կարող էր չէ՞ հասկանալ, որ բոլոր նախկինները, ինչպես ինքն է ասում, բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու [շուրջ]։ Դրանից հետո էդ ամբողջ պոռոտախոսությունը իր կողմից որ կար՝ Արցախը Հայաստան է և վերջ, բանակցային պրոցեսի, Շուշիում պար տալու... էդ ամեն ինչը ինչի՞ համար էր»։

Ընդդիմության վրանները հավաքելուց ժամեր անց իր ելույթում Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ 2018-ի հեղափոխության խորքային պատճառներից էր, որ մարդիկ հասկացան՝ խաբված են նաև Արցախի հարցում. - «Մարդիկ հասկացան, որ իրենց զոհողությունները ոչ թե պետություն և բանակ են դարձել, այլ եվրոպական ու ամերիկյան անշարժ գույք, օֆշորներում ծվարած արտարժութային հաշիվներ: Ու չնայած մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը, եթե ոչ տեղեկատվությամբ, առնվազն զգացողությամբ հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ 25 երկար ու ձիգ տարիների ընթացքում»։

«Փաշինյանը, ուղղաթիռը որ չժանգոտի, շաբաթ մեկ գնում էր չէ՞ ընտանիքի հետ Արցախ։ Որևէ մեկը ասում էր՝ ախպեր, ի՞նչ գործ ունես Արցախում... Որովհետև դա կատարված իրողություն էր, Արցախի պետությունը կար, Արցախի անկախությունը կար։ Որևէ մեկը չի կարողացել արգելի որևէ հայ պաշտոնյայի՝ Փաշինյանից սկսած», - հակադարձեց Մանուկյանը։

Չնայած ընդդիմադիրների քննադատությանը՝ Փաշինյանը պնդեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման հիմքում այսուհետև պետք է դրվեն արցախահայերի անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը. - «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու։ Բայց մեկ բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ ևՀայաստանի կործանման, և մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG