Մատչելիության հղումներ

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3»-ին, ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցեր


Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության համար, այսօր Անկարայում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

«Մենք քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները: Շնորհակալ ենք այս հարցում Ռուսաստանի աջակցության համար», - ասել է Մևլյութ Չավուշօղլուն:

Ռուսաստանի արտգործնախարարն էլ տեղեկացրել է, որ տարածաշրջանի երեք երկրներն ու նրանց երեք հարևաններին ներառող «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում, թե որտեղ, չի հստակեցրել:

«Առաջին հանդիպումը Մոսկվայում արդեն անցկացրել ենք, մեր վրաց գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք ընդգծում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց: Հաջորդ հանդիպումը մոտ ժամանակներս կկայանա, և կարծում եմ` շուտով այդ մասին կհայտարարենք», - նշել է նա:

Առանցքային հարցերից մեկը` Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը

Արտգործնախարարների ասուլիսին նախորդել էին նրանց բանակցությունները։ Մևլյութ Չավուշօղլուն ու Սերգեյ Լավրովը քննարկել էին ուկրաինական ճգնաժամը, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում:

Ռուս-թուրքական բանակցությունների առանցքային հարցերից մեկը եղել է Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը: Անկարան ջանում է նպաստել Ուկրաինայի նավահանգիստներում ամբարված հացահատիկի հսկայական պաշարները դուրս հանելու և այլ երկրներ հասցնելու դժվարին խնդրի լուծմանը: ՄԱԿ-ը առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:

Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիան այս առաջարկը խելամիտ է համարում. «Ռուսաստանը և Ուկրաինան ևս պետք է ընդունեն այս առաջարկը, և մենք պատրաստ ենք Ստամբուլում հանդիպում անցկացնել մանրամասները քննարկելու համար: Մենք նաև արդարացի ենք համարում ռուսական կողմի պահանջը, ըստ որի ուկրաինական հացահատիկը և բուսայուղը միջազգային շուկա արտահանելու հնարավորության դիմաց Ռուսաստանն էլ ուզում է` իր արտադրանքի արտահանման արգելքները չեղարկվեն»։

Ռուսական դիվանագիտության ղեկավարն էլ հակադարձել է, թե ուկրաինական հացահատիկի՝ նավահանգիստներում արգելափակված լինելու փաստը համաշխարհային պարենային անվտանգության վրա որևէ կերպ չի ազդում, և Ուկրաինայում մշակված հացահատիկի մասնաբաժինը չի գերազանցում համաշխարհային արտադրության 1 տոկոսը: Լավրովը պնդել է, որ ուկրաինական կողմը պետք է ականազերծի նավահանգիստներ տանող անցումները և համապատասխան միջանցքներ բացի, այդ դեպքում Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ Կիևի այդ քայլը Մոսկվան չի օգտագործի այսպես կոչված` «հատուկ գործողության» ընթացքում:

«Մենք երբեք չենք խոչընդոտել այդ փոքրիկ խնդրի լուծմանը: Եթե Կիևի իշխանությունները հասունացել են, ապա մենք միայն ուրախ ենք համագործակցել», - նշել է նա:

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ մնացել է շտեմարաններում: Ռուս-ուկրաինական պատերազմը գլոբալ պարենային ճգնաժամի և ցորենի ու պարարտանյութի կտրուկ գնաճի պատճառ է դարձել: Ռուսաստանն ու Ուկրաինան մատակարարում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը, բացի այդ Ռուսաստանը պարարտանյութի խոշոր արտահանող է համարվում, իսկ Ուկրաինան՝ եգիպտացորենի և արևածաղկի ձեթի: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այս պատերազմը կարող է սով առաջացնել աշխարհի մի շարք շրջաններում:

Թուրքիայի արտգործնախարարի համոզմամբ` եթե աշխարհը ուկրաինական և ռուսական արտադրանքի կարիքն ունի, ապա միասին պետք է բացել արտահանման ճանապարհը: Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ վերջին օրերի հայտարարությունները հույս են ներշնչում, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կկարողանան վերադառնալ բանակցային սեղան, իսկ Թուրքիան էլ կշարունակի իր միջնորդական առաքելությունը:

Լավրովն էլ ասել է, թե այժմ «գնդակը Ուկրաինայի դաշտում է». «Զելենսկու համար այդ հանդիպումն ինքնանպատակ է։ Բացի այդ, նա անընդհատ փոխում է իր տեսակետը։ Նա բազմիցս հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն, եթե ռուսները զորքերը հետ քաշվեն փետրվարի 24-ին գոյություն ունեցած գծից այն կողմ։ Դա բացարձակ անլուրջ մոտեցում է, որը նաև հակասում է այստեղ՝ Ստամբուլում, մարտի 29-ին ուկրաինական կողմից առաջ քաշված նախաձեռնություններին»:

Ասուլիսի վերջում Լավրովին Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության լրագրողը հարց է տվել, թե «բացի հացահատիկից Ուկրաինայից գողացված էլ ի՞նչ է Ռուսաստանը հաջողացրել վաճառել»։ Ի պատասխան` Լավրովը պնդել է, թե Ռուսաստանը զբաղված է այն նպատակների իրագործմամբ, որոնց մասին հրապարակայնորեն հայտարարվել է, այն է՝ ազատել Ուկրաինայի արևելքը նեոնացիստական ռեժիմի ճնշումից:

Անկարայից հետո Սերգեյ Լավրովը այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան, որտեղ կհանդիպի արտգործնախարարի, վարչապետի ու նախագահի հետ։

XS
SM
MD
LG