Մատչելիության հղումներ

Դոնբասում ռազմական գործողությունների հետևանքով օրական 100 ուկրաինացի զինծառայող է զոհվում. Զելենսկի


Դոնբասում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով օրական 100 ուկրաինացի զինծառայող է զոհվում, նախօրեին Financial Times-ի կազմակերպած կոնֆերանսում խոստովանել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ ռուսական ներխուժմանը դիմակայելը թանկ է նստում երկրի զինված ուժերի վրա։

Վլադիմիր Զելենսկին միաժամանակ ընդունել է՝ պատերազմը դիրքային բնույթ է ստացել, և Ուկրաինան չի կարող հարձակվել արևելքում, իսկ այնտեղ իրավիճակը մտել է փակուղի։

«Մենք զիջում ենք տեխնիկայի առումով և հետևաբար, չենք կարող առաջ շարժվել։ Մենք ավելի շատ կորուստներ կունենանք, իսկ մարդիկ իմ առաջնահերթությունն են», - ասել է նա:

Զելենսկին վերստին հայտարարել է, թե Կիևի նպատակն է դուրս հանել ռուսական զորքը Ուկրաինայի ամբողջ տարածքից, սակայն «թշնամու վերադարձը փետրվարի 24-ի դիրքեր Կիևի համար ևս ժամանակավոր, բայց լուրջ հաղթանակ կլիներ»։

Ուկրաինայի առաջնորդը թեև ընդգծել է, որ հաղթանակին պետք է հասնել մարտի դաշտում, միաժամանակ վերահաստատել, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։

Այսօր, ի դեպ, Անկարայում Պուտին - Զելենսկի հնարավոր բանակցություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ նման հանդիպմանը պետք է նախորդեն երկու երկրների պատվիրակությունների բանակցությունները։

«Գնդակը Ուկրաինայի դաշտում է», - պնդել է Լավրովը։

Զելենսկին երեկ նաև հատուկ անդրադարձել է այդ թվում՝ Արևմուտքից հնչող հայտարարություններին, թե «Պուտինի հետ անհրաժեշտ է պայմանավորվել, նրան ինչ-որ բան զիջել»։ Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, քննադատել է Ֆրանսիայի իր պաշտոնակցին։ Էմանյուել Մակրոնն ավելի վաղ ասել էր, թե պետք է խուսափել «Ռուսաստանին նվաստացնելուց, որպեսզի երբ պատերազմն ավարտվի, դիվանագիտական ելքի հնարավորություն լինի»։

«Չեմ հասկանում...արդեն ութ տարի այնտեղ մեզ սպանում են, ինչի՞ մասին է խոսքը», - նշել է նա:

Զելենսկին իր ելույթում կրկին պնդել է, որ Արևմուտքի սահմանած կոշտ պատժամիջոցները բավարար չեն Ռուսաստանին կանգնեցնելու համար, և անհրաժեշտ է ռուսական էներգակիրների ամբողջական էմբարգո, ինչին այսօր Եվրոպան պատրաստ չէ։

Մինչ այդ վերլուծաբանները նկատում են, որ դանդաղ, ձգձգվող պատերազմին զուգահեռ Մոսկվան ցանկանում է իր գրաված ուկրաինական տարածքներում իրագործել Ղրիմի բռնակցման սցենարը։ Երեկ, օրինակ, Խերսոնում և Զապորոժիեի մարզում Ռուսաստանի նշանակած վարչակազմի ներկայացուցիչները Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի այցից հետո հայտարարել են Ռուսաստանին միանալու հանրաքվեի նախապատրաստման մասին։

Մելիտոպոլ քաղաքում ռուսական կողմի նշանակած վարչակազմի ղեկավար Գալինա Դանիլչենկոն, մասնավորապես, ասել է. «Սերգեյ Վլադիլենովիչ Կիրիենկոն աշխատանքային այցով մեր քաղաքում էր, շատ ուրախ էինք լսել ջերմ խոսքեր մեր քաղաքի մասին։ Գիտենք, որ մեր ապագան միայն Ռուսաստանի հետ է: Ռուսաստանի Դաշնությունն այժմ ընդմիշտ այստեղ է։ Եվ հիմա մենք սկսում ենք նախապատրաստվել հանրաքվեին»։

Զապարոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչներին արդեն ռուսական անձնագրեր են բաժանում, հնչում են հայտարարություններ, որ հանրաքվեն կարող է անցկացվել արդեն առաջիկա ամիսներին։

Ռուսաստանն այժմ վերահսկում է Ուկրաինայի Խերսոնի մարզի մեծ մասը՝ մարզկենտրոնի հետ միասին և Զապորոժիեի մարզի մեծ մասը, թեև մարզկենտրոն Զապորոժիե քաղաքը դեռ Ուկրաինայի վերահսկողության ներքո է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG