Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստանում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահը


Պաշտոնական այցով Հայաստանում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորին։ Այսօր նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նրանք խոսել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերի մասին, հայտնում է կառավարությունը: Վենետիկի հանձնաժողովի նախագահը վերահաստատել է ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:

Վարչապետն ընդգծել է, որ Կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը:

Հայաստանի իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը` ընդգծելով հանձնաժողովի աջակցության անհրաժեշտությունը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կարևորել է «արգասաբեր համագործակցությունը Հայաստանի հետ»:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ, ընդունելով Կլեր Բազի Մալորին, ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, մասնավորապես՝ անդրադառնալով Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում նպատակաուղղված կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդը ձևավորվել է այս տարվա հունվարին և խորհրդի առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։ 2021-ի այսպես կոչված «ռազմական հեղաշրջման փորձին» հաջորդած մարտիմեկյան հանրահավաքին վարչապետը չէր բացառել, որ կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցը դրվի հանրաքվեի, իսկ տարեվերջյան առցանց ասուլիսին արդեն կողմ արտահայտվեց խորհրդարանական ձևին։ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու համար նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները, պաշտոնական մեկնաբանությամբ, ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։

Կառավարության ծրագրով նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը ամփոփել մինչև 2023 թվականը։

Հայաստանը խորհրդարանական կառավարման անցավ 2018 թվականին՝ սահմանադրական հանրաքվեից 3 տարի անց, որն այն ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը «կեղծ օրակարգ» էր որակում։

XS
SM
MD
LG