Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը սաստկացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները


Վաշինգտոնը սաստկացրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ուկրաինայի դեմ արդեն 100 օրից ավելի շարունակվող պատերազմին ի պատասխան։

Սահմանափակումների նոր ցանկում ներառվել են ռուս պաշտոնյաներ, Կրմլին մտերիմ համարվող գործարարներ ու նրանց ընտանիքների անդամներ։

ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ օրեր առաջ հրապարակած հաղորդագրության մեջ նշված է 17 ռուսաստանցի, այդ թվում՝ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, ում Վլադիմիր Պուտինն անվանել է իր ընկերը, գործարար Ալեքսեյ Մորդաշովը, նրա կինն ու երկու որդիները, ինչպես նաև Ադրբեջանում ծնված, Մոսկվայում արդբեջանական լոբբիի թերևս ամենազդեցիկ ներկայացուցիչ Գոդ Նիսանովը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պատժամիջոցների այս նոր փաթեթի մասին հաղորդագարության մեջ Նիսանովի անունը հատուկ է շեշտել։

«Մենք ցուցակում ներառել ենք Գոդ Նիսանովին՝ Եվրոպայի ամենահարուստ մարդկանցից մեկին, ով մտերիմ կապեր ունի ռուսաստանցի բարձաստիճան պաշտոնյաններից մի քանիսի հետ», - ասել է պետքարտուղարը։

Ցուցակը հրապարակելուց ժամեր անց Հրեական համաշխարհային կոնգրեսը հայտարարեց, որ Նիսանովը հեռացվել է կազմակերպության ղեկավարությունից։

Նիսանովը լեռնային հրեաների ամենահեղինակավոր գործարարներից է։ Ռուսական Forbes-ի ցուցակում Գոդ Նիսանովը զբաղեցրել է 72-րդ տեղը։ Ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար։

Forbes-ի տվյալներով՝ “Киевская площадь”-ի պորտֆելում 3,9 միլիոն քառակուսի մետր կոմերցիոն անշարժ գույք կա՝ հիմնականում Մոսկվայում: Ճակատագրի հեգնանքով՝ նրան է պատկանում նաև Մոսկվայի երբեմնի ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ նախկին «Ուկրաինա» հյուրանոցը։ Ակտիվների թվում են նաև Food City գյուղատնտեսական կլաստերը, “​Велозаводский” շուկան, Олимпийский”​ մարզահամալիրի վերակառուցման նախագիծը, Европейский”​ առևտրի կենտրոնը, Депо лесная”​ գաստրոնոմիական թաղամասը:

Գոդ Նիսանով
Գոդ Նիսանով

2014 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիսանովին պարգևատրել էր Բարեկամության շքանշանով։

Գոդ Նիսանովը համարվում է նաև Ադրեբջանի նախագահի ամենաազդեցիկ լոբբիստը Մոկսվայում։ 2020-ի դեկտեմբերին լրագրողական հետաքննություններով զբաղվող “Проект”​ հարթակը մի տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում ադրբեջանցի միլիարդատեր Նիսանովի ակտիվից։

Հետաքննության հեղինակները տեսագրությունում պատմում էին․ - «Լեռնային Ղարաբաղի պատերազմի թեժ պահին Ռուսաստանը չի օգնել Հայաստանին` իր ռազմական դաշնակցին։ Միլիարդատեր Գոդ Նիսանովի կապերն ու ընկերությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կարող են բացատրել Մոսկվայի նման որոշման պատճառը։ Այդ կապերն այնքան սերտ են, որ հակամարտության թեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի լողավազանում՝ Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ»։

Հիմա՝ ամերիկյան պատժամիջոցներից հետո, միլիարդատեր գործարարն այլևս չի կարող Ամերիկա այցելել, նրա ակտիվները կարող են կալանքի տակ վերցնել, եթե հաստատվի նրանց կապը Միացյալ Նահանգների հետ։ Բացի այդ, ինչպես «Կոմերսանտն» է նշում, գործարարը «կարող է դժվարություններ ունենալ, երբ փորձի գումար վերցնել օտարերկրյա բանկերից՝ նոր նախագծերը ֆինանսավորելու համար։

XS
SM
MD
LG