Մատչելիության հղումներ

ՊՆ-ը հերքում է, թե ադրբեջանցիները կրկին առաջ են եկել Ներքին Հանդի ուղղությամբ, գյուղի բնակիչները նոր առաջխաղացում չեն նկատել


Պաշտպանության նախարարությունը հերքում է լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում:

«Սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է հետպատերազմյան շրջանում։ Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից միաժամանակ կոչ են անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել։

Այս տարվա փետրվարին, սակայն, երբ Ներքին Հանդի բնակիչները գյուղի տարածքում ադրբեջանական 5 վրաններ տեսան ու ահազանգեցին այդ մասին, Պաշտպանության նախարարությունը փոխնախարարի դեմքով հերքեց այդ տեղեկատվությունը: Ավելի ուշ բացատրեցին՝ տեղանքը մեկ տարի առաջ է ադրբեջանական դարձել, ուղղակի եղանակային պայմանների պատճառով ադրբեջանցի զինվորները գնացին, ապա՝ վերադարձան:

Այսօր էլ Ներքին Հանդի մի քանի բնակիչների հետ խոսեցինք, Նորիկ Դանիելյանն ասում է փետրվարից այս կողմ նոր առաջխաղացում չեն նկատել. «Ոչ մի բան չեն արել, չեն մոտիկացել, նույն դիրքում էլ կանգնած են, նույնն ա, ոչ մի բան չի փոխվել, ուղղակի էն զոհը, որ կար, պոստերն իրար մոտիկ էին, դրա համար էդ զոհը եղավ»:

Հինգ օր առաջ Ներքին Հանդի հատվածում տեղակայված ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայող զոհվեց՝ ժամկետային Դավիթ Վահանյանը:

«Կողքի պոստից, հենց վերևից իրենք կրակեցին մեր նոր դրված պոստի տղաներ վրա», - պատմեց գյուղի բնակիչ Նորիկ Դանիելյանը:

Սահմանի այս նույն հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ժամկետային զինծառայող գերեվարվեց, Էդուարդ Մարտիրոսովը օրեր առաջ վերադարձվեց հայկական կողմին:

Հայկական ու ադրբեջանական դիրքերը քիթ քթի են՝ կողմերը փորձում են նաև ինժեներական աշխատանքներ կատարել, հետևանքը ցավոտ միջադեպերն են: Ներքին Հանդի բնակիչներից Ռադիկ Բաղդասարյանն ասում է՝ գյուղի ուղղությամբ ադրբեջանական նոր ներխուժման մասին լուրերի հիմքում գուցե ադրբեջանցիների ծավալած շինարարությունն է. «Ճանապարհ ա երևում, որ անտառը հատված ա, կտրտված ա, մեզ արդեն երևում ա»:

Բաղդասարյանը շեշտում է՝ ադրբեջանցիներն իրենց դիրքի մոտ են շինարարություն անում, այդ դիրքը Ներքին Հանդի արտերից 60 -70 մետրի վրա է։

Գյուղի բնակիչները սահմանազատման գործընթացն են հնարավոր լուծում համարում, պատրաստ են իրենց ձեռքի տակ եղած քարտեզներով մասնակցել այդ գործին: «Անհամբեր սպասում եմ», -ասում է Ներքին Հանդի նախկին համայնքապետ, այժմ Շիկահողի անտառապահներից Նորիկ Դանիելյանը:

«Ինձ մոտ 47 թվականի քարտեզ կա, էդ քարտեզով էդ ինչքան տարածքներ կան, մերն են», - ասաց նա:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Վերջին շրջանում ամենօրյա են դարձել կրակել եք - չենք կրակել մեղադրանք-հերքումները Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների միջև: Այսօր առավոտյան պաշտոնական Բաքուն տարածեց, թե երեկ երեկոյից սկսած հայկական կողմը կրակի տակ է պահել իրենց դիրքերը՝ Թովուզի շրջանի Աղդամ ու Քելբաջարի Զյայլիկ բնակավայրերի ուղղությամբ: Զյայլիկը Վարդենիսի Վերին Շորժայի ուղղությամբ է, համայնքապետն ասաց՝ ոչ մի կրակոց չի եղել, Թովուզի Աղդամը Տավուշի Չինարիի ուղղությամբ է, այստեղից էլ հերքեցին՝ գիշերը խաղաղ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG