Մատչելիության հղումներ

«Մենք մարդ չե՞նք, իսկ եթե գերեվարվեինք». Ներքին Հանդում զայրացել են ՊՆ-ի նոր պարզաբանումից


Ներքին Հանդի բնակիչները շարունակում են տարակուսել, զարմանալ, զայրանալ: Լսել են, որ Պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է տարածել, դարձյալ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը Ներքին Հանդի վարչական տարածք նոր առաջխաղացում չի ունեցել, ուղղակի վերադարձել են իրենց դիրքեր:

«Էս գյուղացիք ուրեմն ստեղ ապրելով սո՞ւտ են խոսում, իրենք Երևան նստած դո՞ւզ են խոսում», - հարցնում է տեղացիներից մեկը:

Ադրբեջանական վրանները նախորդ ամիս նկատել էր Ռադիկ Բաղդասարյանը, երբ անասուններն արոտավայր էր տարել: 30 մետրի վրա ադրբեջանցի զինվորների ձայներ էր լսել, այս տեղեկությունը հասցրել էր գյուղ, գյուղից էլ մայրաքաղաքային լրատվամիջոցներին ահազանգել էր Ներքին Հանդի մեկ այլ բնակիչ` Հասմիկ Ղազարյանը: Նա ՊՆ-ի բոլոր հերքումներից հետո հայտարարում է` սուտ է, հիմա էլ` նույնը. «Ստում են էլի, ինչի՞ են ստում` ես չեմ հասկանում, թե իրենց մեղքով է, թե ոնց առաջ են եկել, ստելս ո՞ր մեկն է»:

Պաշտպանության նախարարության հերքմանն այս անգամ պարզաբանում է հետևում, ըստ որի տեղանքն ադրբեջանական է դարձել դեռևս նախորդ տարվա գարնանը, պարզապես ադրբեջանցիների պայմանները լավը չէին, ձմռանը հեռացան ու հիմա հետ եկան:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանի այդ տարածքն Ադրբեջանի հսկողության տակ հայտնվել մեկ տարի առաջ, այս հարցի պատասխանը Պաշտպանության նախարարությունը չի տալիս:

«Մերոնք գնում էին, այնտեղից փայտ բերում, ոչ մի բան էլ չեն տեսել, նոր են տեսել` անմիջապես մարտի սկզբներին», - ասում է Հասմիկ Ղազարյանը:

Ներքին Հանդի բնակիչներն ասում են` ադրբեջանցիները վերջին պատերազմից հետո` դեկտեմբերին, գյուղի սահմաններին դիրքավորվել են այն հատվածներում, որտեղ գտնվում էին 90-ականներից առաջ: Խաչիկ Աղաջանյանի տունը հենց այդպիսի մի հենակետից 300 մետրի վրա է. «Հիմա մենք մեր այգում, մեր տան մեջին իրենք մեզ դիտարկում են, բայց դե մենք չենք վախենում, մեր հողում ապրում ենք, բայց որ իջել են, արդեն վախ է էլի առաջացնում»:

Այնտեղ, որտեղ հիմա ադրբեջանական վրաններ են, Զանգեզուր կենսոլորտային համալիրի, որ արգելավայր է, մի հատվածն է, ասում է Ներքին Հանդի համայնքապետը: Նա այդտեղ ադրբեջանական շարժ մեկ տարի առաջ չի նկատել. «Չենք տեսել, չեմ կարա ոչ մի բան ասեմ, մենք լսել ենք փետրվարի վերջերին, մարտի սկզբներից»:

Ներքին Հանդի բնակիչներն այդ հատվածից փայտ են բերում, անասուններն են արոտի տանում, որևէ մեկը նրանց զգուշացրե՞լ է, որ տեղանքն արդեն Ադրբեջանի հսկողության տակ է: Ոչ, ասում է համայնքապետ Բաղդասարյանը. «ՊՆ-ն պիտի տեղեկացներ, որ մի գնացեք այդ տարածքը, ես էլ` բնակիչներին»:

Եթե Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ տեղանքը մեկ տարի առաջ է անցել Ադրբեջանի հսկողության տակ, ինչո՞ւ են Ներքին Հանդի բնակիչներն այդ մասին հիմա տեղեկանում, այն էլ իրենց ահազանգից հետո: Այս հարցին «Ազատության» խնդրանքով արձագանքեց Հայաստանի օմբուդսմենը: Քրիստինե Գրիգորյանն իր գրավոր պատասխանում ընդգծում է` կառավարությանն առաջարկել են, որ պաշտպանական գերատեսչությունը, համագործակցելով տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ, ճանաչողական-բացատրական աշխատանք կատարի համայնքի բնակիչների հետ:

«Ժամանակին նախազգուշացնելով և ներկայացնելով իրավիճակի վերաբերյալ բացատրություններ, ամրապնդելով բնակիչների մոտ համոզմունքը, որ Հայաստանի զինված ուժերը տիրապետում են իրավիճակին և կարող են լիովին երաշխավորել բնակիչների անվտանգությունը, նման շփումը կարևոր է բնակչության մոտ պատշաճ հոգեբանական վիճակի ապահովման, շփման գոտուն մոտ տեղակայված ու առավել խոցելի համայնքներում համայնք-բանակ պատշաճ կապի ստեղծման առումով», - նշել է ՄԻՊ-ը:

Ներքին Հանդի բնակիչները շարունակում են զայրանալ` իսկ եթե իրենք գերեվարվեի՞ն գերեզմանոցի, ջրի կամ արոտավայրի ճանապարհին: Գյուղում ընդամենը 28 ընտանիք է ապրում: Հնարավոր էր նույնիսկ բոլորին անհատապես տեղեկացնել. «Մեզ ո՞վ է տեղեկացրել, ոչ մեկը, ոչ մեկը տեղեկատվություն չի տվել մեզ»:

«Մենք մարդ չե՞նք, - հետաքրքրվում է Հասմիկ Ղազարյանը, - խի՞ էս պետություն չի, մենք մարդ չե՞նք, մենք էլ մեր շահերն ենք ուզում պաշտպանել, մենք ուզում ենք խաղաղություն, մեզ հետաքրքիր չի ոչ քաղաքականություն, ոչ աթոռի կռիվ: Միայն խաղաղություն լինի, մեղք ենք մենք»:

XS
SM
MD
LG