Մատչելիության հղումներ

Երեկ ամբողջ օրը Ներքին Հանդում սպասել են պաշտպանության նախարարին


Պաշտպանության նախարար Սուրեն Պակիկյանը Սյունիքում։ 17-ը մարտի, 2022
Պաշտպանության նախարար Սուրեն Պակիկյանը Սյունիքում։ 17-ը մարտի, 2022

Նախարարությունից տեղեկացնում են, որ զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված այս միջադեպերին։

«Տեղի ունեցածը որոշ ստորաբաժանումներում կարգապահության, ինչպես նաև առանձին զինծառայողների բարոյահոգեբանական ոչ պատշաճ մակարդակի հետևանք է», - հայտարարել է աշխատանքային այցով Սյունիք այցելած պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով այս մարզի երկու տարբեր զորամասերում ժամկետային զինծառայողների մահվան դեպքերին։

Ըստ Քննչական կոմիտեի, երեկ առավոտյան շարքային Էդուարդ Ռուստամյանը իր ինքնաձիգից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել, իսկ նախորդ օրը երեկոյան շարքային Ալբերտ Սիրոյանն էր դարձյալ իր ինքնաձիգից մահացու վիրավորում ստացել։ Երկու դեպքում էլ քրեական գործ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հովածով։ Ովքե՞ր են ինքնասպանության հասցրել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ կասկածյալներ դեռևս չկան։

Պաշտպանության նախարարը Սյունիքի մարզ մեկնել է երեկ։ Նախարարությունից տեղեկացնում են, որ զորամասերից մեկում սպաների հետ հանդիպմանը Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորամիավորման ենթակա զորամասերում արձանագրված այս միջադեպերին։

«Լսելով միջադեպերի վերաբերյալ պատասխանատու սպաների զեկույցները՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին տվել է ցուցումներ և հանձնարարականներ, նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ», - ասված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է նաև, որ Պապիկյանը եղել է նաև Ներքին Հանդ համայնքին հարակից սահամանագոտում, որտեղ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը ներկայացրել է իրավիճակը:

Մի քանի օր առաջ հենց այս գյուղից ահազանգեր ստացվեցին, որ ադրբեջանական ստորաբաժանումները շուրջ մեկ կիլոմետր ներխուժել են Ներքին Հանդի վարչական տարածք ու հինգ վրան տեղադրել։ Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը, պարզաբանեց, թե այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր:

«Երեկ ամբողջ օրը մեր գյուղացիները սպասում էին... դե հիմա չի եկել։ Իրիկունը զանգել ենք Ծավ, Ծավից ասել են՝ եկել են, գնացել են, ինչ-որ ռազմական բազա են սարքում, ինչ են անում, գիտեմ», - ասում է Ներքին Հանդի բնակիչ Հասմիկ Ղազարյանը։

Երեկ ողջ օրը Ներքին Հանդի բնակիչները սպասել են պաշտպանության նախարարին, որպեսզի, ինչպես Ղազարյանն ասաց, Սուրեն Պապիկյանին բացատրեն, որ այնտեղ, ուր ներխուժել ու տեղակայվել են ադրբեջանցիները, Ներքին Հանդի, Հայաստանի Հանրապետության տարածքն է. - «Ոնց որ կա, էնպես էլ ասեն, ճշտեն։ Որովհետև իրանք շատ ասում, որ մեր տարածքը չի, իսկ մենք պնդում ենք, որ մեր տարածքն ա։ Թող գան, գյուղացիներին վերցնեն, եթե վախենում են, առաջինը մենք կգնանք, մենք չենք վախենում որևիցե մեկից։ Ներկա պահին ես հենա կանաչի եմ հավաքում անտառներում։ Փաստացի չեն եկել, ոչ մեկը չկա»։

Ներքին Հանդի բնակիչները շատ լավ հիշում են, թե որտեղ էին ադրբեջանցիները խորհրդային տարիներին։ 60-ամյա Ռադիկ Բաղդասարյանը բարկանում է՝ ինչո/ւ նախարարը չեկավ իրեն լսելու, գյուղի հին գերեզմանոցը, խաչքարը մի՞թե չեն վկայում որ տեղանքը հայկական է. - «Ստեղ թուրքեր չեն էրևացել, թուրքերը կիլոմետրներով բարձր, վերևներով իրանց կողմերից գալիս էին ամառը, նստում էին, անասուն էին պահում, ձմեռը իջնում էին, գնում իրանց կողմերը։ Տենց բան չկա, սուտ են ասում»։

Է'լ ավելի են նյարդայնանում, երբ ողջ համայնքը, համայնքի ղեկավարը , բոլորով պնդում են նույնը՝ ադրբեջանցիները Ներքին Հանդի վարչական տարածք են մտել։ Վերևներից հեռակա ու կտրականապես հերքում են, իսկ իրենց հետ չեն զրուցում։

«Մեր հարցը ո՞վ ա լուծելու... թե՞ մեզ տվել են, մենք չենք իմանում», - տարակուսում է Բաղդասարյանը։

Երեկ Ներքին Հանդի բնակիչների հետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն են խոսել։ Հարցրել են՝ ի՞նչ է ձեզ պետք, ի՞նչ եք ուզում։

Ռադիկ Բաղդասարյանն ասում է՝ մի բան ենք ասել՝ անվտանգություն։

XS
SM
MD
LG