Մատչելիության հղումներ

Սահմանը հատած զինծառայողի հոր խոսքով` Կարմիր խաչն այցելել է իր որդուն, հայտնել, որ նա «լավ է»


Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը հատել է հայ-ադրբեջանական սահմանը

Ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:

Զինծառայողի հայրը որդու անհետացման լուրն ստանալուն պես մեկնել է Կապան, այսօր վերադառնում էր մեկ հստակ տեղեկությամբ` որդին Ադրբեջանում է:

«Իմ էրեխեն իրենց ձեռն ա, ու չգիտեմ` ինչ եմ անելու: Կամիր խաչը ներկա է, մտել են, տեսել են` երեխան լավ է, առողջ է, ծեծված տեղեր չկան, բայց դա ինձ են ասում», - նշեց զինծառայողի հայրը` Արթուր Մարտիրոսովը:

Էդուարդը ընդամենը 3.5 ամսվա ծառայող է: 13 տարի սպորտով է զբաղվել: Միջադեպի վերաբերյալ հոր վարկածները շատ չեն. «Իրեն բռնել են ու տարել են, իրենց ռազվեդկեն բռնել, տարել է»:

Ինչու, ինչպես է զինծառայողը հայտնվել ադրբեջանական կողմում, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ զինծառայողի հետ կապը կորել է շաբաթ օրվանից:

«Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին լուրը

Պաշտոնական Բաքուն 19-ամյա շարքայինին արդեն իսկ որպես դիվերսանտ է ներկայացնում։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի վաղ, քան հայկական կողմն էր տեղեկություն տարածել հայ զինվորի մասին, հայտարարել էր՝ հայ-ադրբեջանական սահմանի Զանգիլանի շրջանի հատվածում հայկական դիվերսիոն խումբ է փորձել հատել սահմանը, ադրբեջանցի սահմանապահների ձեռնարկած քայլերի արդյունքում դիվերսանտները նահանջել են, իսկ խմբի անդամներից Մարտիրոսովը՝ կալանավորվել: Ադրբեջանական կողմն այս նկարագրություններից հետո հավելում է, թե այդ ամենը սադրանք է ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հերքում են այս ամենը` շեշտելով, թե իրականության հետ կապ չունի:

Ներքին Հանդում կրակոցների ձայներ են լսել

Շարքային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը հայ-ադրբեջանական սահմանը հատել է Կապանի տարածաշրջանի Ներքին Հանդ գյուղի մոտ տեղակայված մարտական հենակետից, տեղեկացրին այս գյուղի բնակիչները։

Շուրջ երկու ամիս առաջ էին Ներքին Հանդի բնակիչներն ահազանգել, որ ադրբեջանցիները մոտ մեկ կիլոմետր խորացել են դեպի գյուղի տարածք ու նոր վրաններ խփել, այդ ժամանակ Պաշտպանության նախարարությունը պարզաբանեց, որ տեղանքն ադրբեջանական է դարձել դեռևս նախորդ տարվա գարնանը։ Այժմ ադրբեջանցիները ակտիվ շինարարության մեջ են, ճանապարհ են կառուցում, պատմում են բնակիչները` հավելելով, թե ճանապարհն արդեն երևում է:

Վերջին օրերին Ներքին Հանդում կրակոցների ձայներ են լսել, նաև գյուղի ուղղությամբ. «Երկու փամփուշտ անմիջապես մեր տան ու գյուղապետի տան կողքն էր, արդեն փոշի բարձրացրեց, որ եկավ, ընկավ: Կրակոցները կային, բայց էսօր շատ հանգիստ է, ուղղակի էդ երեխան, մոլորվել է, չգիտեմ», - պատմում է տեղացիներից մեկը:

Ժամկետային զինծառայողի սահմանն անցնելու հանգամանքների վերաբերյալ ոչինչ առայժմ հայտնի չէ։ Զինծառայողին դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական ջանքը գյուղում սովորական քաղաքականություն են համարում:

«Սուտ ա, տենց բան չկա, թուրքերն ասելու են էլի, բռնել են, տենց են ասելու», - հավելում են տեղացիները:

Սահմանը հատած զինծառայողի հոր խոսքով` Կարմիր խաչն այցելել է իր որդուն, հայտնել, որ նա «լավ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG