Մատչելիության հղումներ

Ավարտվեց նախագահ Խաչատրյանի պաշտոնական այցը Վրաստան


ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, 31-ը մայիսի, 2022թ․
ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, 31-ը մայիսի, 2022թ․

Ավարտվել է նախագահ Վահագն Խաչատրյանի պաշտոնական այցը Վրաստան։ Երեկ նախագահին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կարևորելով շփումների ակտիվացումը՝ կողմերն ընդգծել են հնարավորինս շուտ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Խաչատրյանն ու Ղարիբաշվիլին անդրադարձել են նաև հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, տարածաշրջանում, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցը, նախագահը հավաստիացրել է՝ Հայաստանում և Վրաստանում գրեթե նույն խնդիրներն են, պետք է ամեն ինչ հեշտացնել՝ ընդհանուր խնդիրները միասին լուծելու համար։

«Համոզված եմ, որ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան, որ մենք էնքան ենք իրար հետ արդեն ինտեգրվել, որ էդ սահմանի անցնելն էլ շատ պայմանական կլինի, մեր այստեղ գտնվելը, կամ Վրաստանի քաղաքացիների՝ Հայաստանում գտնվելն էլ շատ պայմանական կլինի, այսինքն՝ ամեն ինչ հեշտացնենք, որպեսզի ընդհանուր խնդիրները կարողանանք միասին լուծել։ Ձևի համար չեմ ասում։ Հավատացեք՝ նույն խնդիրներն են, նույն պրոբլեմներն են, կյանքի կենսամակարդակի էական տարբերություններ չկան, բայց միասին նուրբ հարցերը կարող ենք լուծել, հարցեր քննարկել սկսած տրամսպորտային խնդիրները, որ ունենք հիմա, իրար հետ պետք է էդ հարցերը լուծենք։ Նույն կամուրջի կառուցման հետ կապված մենք ավարտում ենք, էլի միասին ենք անում», - ասաց նախագահը։

Վահագն Խաչատրյանը Վրաստանում էր մայիսի 30-ից։ Հայաստանի նախագահի պաշտոնում սա նրա առաջին պաշտոնական այցն էր Թբիլիսի։ Խաչատրյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG