Մատչելիության հղումներ

Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամուրջ է կառուցվում


Հայաստանն ու Վրաստանն իրար կապող նոր կամուրջ է կառուցվում Բագրատաշեն-Սադախլո անցակետում։ Հայ-վրացական համատեղ այս ծրագրի պատասխանատուները երեկ հայտարարեցին աշխատանքի պաշտոնական մեկնարկը, շինարարական կազմակերպությունից խոստումներ լսեցին, թե մոտ 200 մետրանոց կամուրջը կկառուցեն միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան, աշխատանքը կավարտեն մեկ տարուց էլ կարճ ժամկետում՝ մինչև հաջորդ տարվա գարուն։

Ծրագրով նախատեսված է կառուցել երկու կամուրջ՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ և երկու երթևեկելի գոտիով։ Ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը լրագրողներին ասաց՝ այսօր գործածվող արդեն հնացած, անգամ վնասված կամուրջն այլևս ի վիճակի չէր ապահովելու երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն ապահովող, ավելի արագ, հարմարավետ ու տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ստեղծել։ Հին կամուրջը կծառայի միայն վթարային իրավիճակներում որպես այլընտրանքային ճանապարհ։

«Հին կամուրջը, եթե նույնիսկ ոտքով անցնեք, ինքը նաև վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Հայաստան-Վրաստան Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, բոլոր այն ծանրաքաշ մեքենաները, որոնք հիմնականում մշտապես կանգնած են հերթում՝ կամուրջի վրա», - ասաց Մուրադյանը:

Երկու երկրներն իրար կապող նոր կամուրջը մոտ 4 անգամ կմեծացնի ելումուտի հնարավորությունը։ Հայաստանի և Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն ընդգծեցին՝ կամուրջը կնպաստի հարևան երկրների տնտեսական զարգացմանը։

«Սահմանային ենթակառուցվածքի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն և լավագույնս կնպաստի հարևան պետությունների միջև փոխգործակցության աճին ու զարգացմանը», - ասաց Սուրեն Պապիկյանը:

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ավելացրեց. «Կամուրջը շատ կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար։ Դա սկիզբն է այն գործընթացի, որը մեզ կբերի առևտրաշրջանառության աճի»։

Կամրջի շինարարությունն իրականացնում է թունելների և ջրանցքների կառուցման մեջ մասնագիտացած «Թունել Սադդ Արիանա» իրանական ընկերությունը։ Շինարարական ծրագրի ղեկավար Բեհնութ Յուսեֆիանն ընդգծում է, որ վերջին տարիներին վերակառուցվել էին Բագրատաշենի և Սադախլոյի մաքսատները։ Բայց, ըստ նրա, դրա արդյունքը տեսանելի կլինի միայն կամրջի շինարարության ավարտից հետո։

Հայ-վրացական համատեղ ծրագրով կառուցվող «Բարեկամություն» կոչվող կամուրջը 9 միլիոն եվրո կարժենա։ Գումարի հիմնական մասը՝ 7,2 միլիոն եվրոն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից երկու երկրների ստացած վարկային միջոցներն են։ 1,8 միլիոնի չափով կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի կառավարությունները, լրագրողներին ասաց ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը։

«Գետը հանդիսանում է Հայաստան-Վրաստան սահմանը, և կամուրջը նույնպես երկու կողմից հավասարապես օգտագործվող ենթակառուցվածք է, այդ պատճառով ինքը համատեղ ծրագիր է հայ-վրացական և երկու երկրները հավասարապես կիսում են նաև ֆինանսական միջոցները կամուրջի կառուցման մասով», - նշեց Մուրադյանը:

Երկու երկրների տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները հայ-վրացական բարեկամության համար բաժակ բարձրացրին։ Վրացի պաշտոնյան կոնյակի բաժակը դատարկեց մինչև վերջին կաթիլն ու վրացական ավանդույթով Հայաստանին մաղթեց այնքան թշնամի, որքան կաթիլ կար իր դատարկ բաժակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG