Մատչելիության հղումներ

Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում այսօր առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Հայաստանի վարչապետի գրասենյակը առայժմ մանրամասներ չի հաղորդում այս հանդիպումից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն ասված է, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, կողմերը շեշտել են, որ ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հայաստանի վարչապետը Վրաստան էր ժամանել մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նիստի աշխատանքներին մասնակցում են երկու երկրների կառավարությունների անդամները, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։

Երկու երկրների հարաբերությունների աննախադեպ դրական ու նոր փուլի մասին բարձրաձայնել են և՛ Ղարիբաշվիլին, և՛ Փաշինյանը նիստի ընթացքում:

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ», - հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր հերթին ընդգծել է` երկու կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, կան իդեալական հարաբերություններ:

Ղարիբաշվիլիի հաջորդ շեշտադրումը վերաբերել է տարածաշրջանային գործընթացների` նշելով` հետաքրքրված են «տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ»:

«Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն, և այդ նպատակով ես խաղաղ հարևանության նախաձեռնությունն եմ հնչեցրել: Հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերելու», - հայտարարել է նա:

Վերջին անգամ երկու երկրների վարչապետերը հանդիպել էին հոկտեմբերի 9-ին՝ Երևանում, իսկ սեպտեմբերին Փաշինյանն էր պաշտոնական այցով Վրաստանում։

Հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով, որ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով։ Այդ հանդիպումը այդպես էլ դեռ չի կայացել, բայց հայ-թուրքական երկխոսությունը նշմարվում է։

Ինքը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերին ասել էր, թե Բաքու է մեկնում հարևաններին՝ Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնելու նպատակով։

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 10-ին բոլորովին այլ ձևաչափով ու այլ մասնակիցներով Մոսկվայում կայացավ «3+2» ձևաչափով առաջին հանդիպումը, որի շրջանակներում մասնակից 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկեցին տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։ «Խորհրդատվական» այս հարթակի առաջին նիստի մասնակից երկրները ներկայացված էին փոխարտգործնախարարների մակարդակով։

Այս նոր հարթակի մասնակիցները իրականում պետք է վեցը լինեին, և այն կոչվում էր «3+3»: Վրաստանը, սակայն, հրաժարվել էր մասնակցել նիստին՝ հայտարարելով, թե նախկինում արդեն պարզաբանել էր, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Թուրքիայում։ Անկարան հույս ունի, որ Վրաստանը նույնպես կմասնակցի։ Համենյան դեպս ռուսական մամուլի փոխանցմամբ, Իսլամաբադում նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստից հետո։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG