Մատչելիության հղումներ

Հայաստանը պետք է դադարեցնի ապավինել միայն Ռուսաստանին. ուկրաինացի քաղաքագետ


Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի, թե ինչպես վերաիմաստավորի իր արտաքին քաղաքականությունը, դադարեցնի միայն Ռուսաստանին ապավինելը, «Ազատության» հետ զրույցում ասաց ուկրաինացի քաղաքագետ Իլյա Կուսան՝ համոզմունք հայտնելով, որ Ռուսաստանը թուլանալու է։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է փորձի վերադառնալ այն բազմավեկտոր մոտեցմանը, որը փորձում էր Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից առաջ։

«Մեր գնահատականներով՝ Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային միտումները կսկսեն ի հայտ գալ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, իսկ հաջորդ տարվա կեսերին ռուսները ստիպված կլինեն լուծել բազմաթիվ հարցեր կապված արդյունաբերության անկման, ֆինանսական խնդիրների հետ և այսպես շարունակ։ Այս ամենը կհանգեցնի նրան, որ նրանք ստիպված կլինեն ուշադրությունը շեղել իրենց արտաքին քաղաքականությունից և փխրուն այս հավասարակշռությունը, որը ստեղծվել է նրանց օգնությամբ և նրանց մասնակցությամբ, օրինակ, Սիրիայում, Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Հորդանանի և այլոց հետ հարաբերություններում, կարող է խախտվել և նաև հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի շուրջ, որտեղ Ռուսաստանը նույնպես շահագրգիռ կողմերից մեկն է, որը բանակցում էր այս հաստատված ստատուս քվոյի շուրջ», - ասաց Իլյա Կուսան։

Եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականին, երկարաժամկետ, վերջնական լուծում չէ, ընդգծեց ուկրաինացի քաղաքագետը՝ նկատելով՝ այն սադրանքներից, որ կազմակերպեց ադրբեջանական զինուժը սահմանին՝ Ուկրաինայի պատերազմի մեկնարկին, հասկանալի է դառնում, որ իրավիճակը շարունակում է բավականին լարված մնալ։

Նրա խոսքով՝ ուժերի հավասարակշռությունը կարող է խախտվել, ինչը կարող է ապասառեցնել հակամարտություններն, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG