Մատչելիության հղումներ

Զոհված զինվորի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց 


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայրը՝ Գարիկ Գալեյանը ուշ երեկոյան ստորագրությամբ ազատ է արձակվել։ Գալեյանը ձերբակալվել էր երեկ՝ մի խումբ անձնաց հետ զորամասի տարածք մուտք գործելու ու հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Մինչ քննիչի որոշումը, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից մի խումբ պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել Քննչական կոմիտե, որ Գալեյանին ազատ արձակեն։ Գալեյանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է։

Ըստ Քննչական կոմիտեի, մի խումբ անձնիք մայիսի 17-ին մուտք են գործել Երևանում գտնվող զորամասի տարածք, և չենթարկվելով տարածքը լքելու զորամասի հրամանատարի տեղակալի օրինական պահանջին՝ հայհոյել, քաշքշել և բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Կոմիտեն փոխանցում է, որ զորամաս մտած անձանց թվում են եղել Գարիկ Գալեյանը, նրա եղբայր Արթուր Գալեյանը։ Արթուր Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ֆրանսիայի հրապարակում միջադեպից մանրամասներ ներկայացրեց։

«Մեր զինվորների ծնողները գնացել են զինվորական քննչական վարչություն և իրենց խոսքն են բարձրացրել, ասել են՝ «պարտավոր եք կանչել և էդ մարդուն հարցաքննել», սկսել են տարբեր-տարբեր պատճառաբանություններով ասել, թե ինչու չեն հրավիրում հարցաքննության Նիկոլ Փաշինյանին։ Ծնողները վրդովվել են, բողոքի ակցիա են իրականացրել, դրա ընթացքում դուրս է եկել մեկը՝ գնդապետի ուսադիրներով, Գարիկ Գալեյանը մոտեցել է և իր արդարացի պահանջն է ներկայացրել, հետագայում պարզվել է, որ քննչական վարչության դիմացի շենքը՝ հինգ մետր հեռավորությամբ ընդհանուր բակով, դա ինչ-որ նորաստեղծ զորամաս է, ու հիմա Գարիկ Գալեյանին մեղադրանք են առաջադրել՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327․6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը, որը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում», - ասաց Վանեցյանը։

44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողներ օրեր շարունակ իրավապահ մարմինների շենքերի մոտ ակցիա են անում, պահանջում, որ պատերազմի քրեական գործով վարչապետ Փաշինյանը հարցաքննվի և որպես մեղադրյալ ներգավվի։

Այս պահանջը ծնողները ներկայացրին, երբ անցած ամիս վարչապետն Ազգային ժողովում հայտարարեց, թե «այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»։

Զոհերի ծնողները երեկ ժամեր շարունակ զինվորական քննչական վարչության մոտ պահանջում էին ազատ արձակել Գարիկ Գալեյանին։

Նրան մեղադրանք է առաջադվել զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու համար։


XS
SM
MD
LG