Մատչելիության հղումներ

«Սա պայքար է հանուն հայրենիքի». Ընդդիմադիրներն այսօր Վանաձորում էին


Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր ավտոերթով հասան Վանաձոր։ Արցախ պուրակում հրավիրված հանրահավաքին ընդդիմության առաջնորդները ելույթներում խոստացան անվտանգ երկիր ու արժանապատիվ կյանք։ Ասացին՝ իշխանության գալու դեպքում Արցախը հետ են բերելու։ Հակադարձեցին մեղադրանքներին, թե աթոռակռիվ են տալիս և միասնության կոչ արեցին։

«Սա պայքար է հանուն հայրենիքի, պայքարի չի հանուն իշխանության, ոնց որ փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Մենք իրոք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի համար, մոր ժողովրդի համար, որպեսզի ունենանք անվտանգ Հայաստան, անվտանգ Արցախ և մեր մեծ հայրենիքում լավ ապրող, արժանապատիվ քաղաքացի», - ասաց «Պատիվ ունեմի» անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրանք գործող իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին անցած 4 տարիներին խոստումները տապալելու մեջ։

«Մի հատ իրար հարցրեք՝ լա՞վ եք ապրում, ապահո՞վ եք ապրում, վտանգ կա՞, էլ ի՞նչ եք ուզում իրարից բացի միասնությունից, բացի պայքարից, պայքարելու ներքին թշնամու, ներքին թուրքի և արտաքին թուրքի դեմ, ուրեմն միասնություն է պետք մեզ», - հայտարարեց մշակույթի գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը:

Հանրահավաքին ներկա էին նաև Հանրապետական կուսակցության անդամներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանության օրոք։ Վանաձորը 17 տարի ղեկավարած և բազմաթիվ կոռուպցիոն քրեական գործերով անցած Սամվել Դարբինյանը ծափերով ու վանկարկումներով էր արձագանքում ելույթներին, որով ընդդիմադիրները դատապարտում էին իրեն փոխարինած նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանավորումը։ Նա արդեն 5 ամիս կալանքի տակ է կոռուպցիոն մեղադրանքներով։

«Մենակ նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել էս իշխանությունների տակ, էսօր գտնվում է բանտում, ու էս քաղաքն անտեր վիճակում է գտնվում, ամբողջ քաղաքապետարանի աշխատանքները մեծամասնությամբ պարալիզացված են: Սա է էս իշխանության դեմքը, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքից խոսող իշխանությունը այստեղ էլ է խաբել, հետևաբար օր առաջ սրանց պետք է հեռացնել», - նշեց ակցիայի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:

Հանրահավաքից փոքր-ինչ հեռու հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ և ընդդիմադիրներին ու նրանց վանաձորյան հանրահավաքը դատապարտող հայտարարություններ հնչեցրել, կոչ արել հեռանալ Վանաձորից։ Սրան ընդդիմադիրներն արձագանքեցին ամբիոնից. «Էստեղ 1-2 մարդիկ կային, կարելի է ասել սադրիչներ, ասում էին ՝ ինչո՞ւ եք եկել Վանաձոր, մենք, որ Երևանում ամեն օր հանրահավաք ենք անում, հո Երևանի համար չենք անում էդ հանրահավաքը, հո չենք անում, որ Ֆրանսիայի հրապարակը մնա հայկական, Հայաստանի համար է էս ամեն ինչը»:

Հանրահավաքը մոտ կես ժամից դադարեցվեց հորդառատ անձրևի պատճառով։ Շուրջ մեկ շաբաթ Երևանում ընթացող բողոքի ակցիաներից հետո սա ընդդիմադիր առաջնորդների առաջին մարզային այցն էր, նրանք խոստացան շարունակել դրանք։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG